Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի խորհրդանիշերն ու լեգենդները

Հունվար 08,2018 10:38

BBC Travel-ի աշխատակից Ամանդա Պրոենսա Սանթոսը հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, գրել է աշխարհում առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի մասին:

Այս երկիրը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակել է մեր թվարկության IV-րդ դարում՝ 301 թվականին: Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհում հնագույններից մեկն է, որը տարբերվում է բուզանդական ուղղափառ եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիներից: Սուրբ Ծնունդն այստեղ նշում են հունվարի 6-ին:

Քրիստոնեության կենդանի պատմությունը

Հայաստանը փոքր երկիր է Անդրկովկասում, որի բնակչությունն այսօր մոտ 3 միլիոն մարդ է: Սակայն Հայաստանի դերը աշխարհի հոգեւոր պատմության մեջ դժվար է գերագնահատել. պատմաբանների մեծ մասը միակարծիք է, որ մ.թ. 301 թվականին Հայաստանը դարձել է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը:

Հայաստանում իրենց երկրի եկեղեցու հիմնադիրներ համարում են Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներին (նրանք քարոզել են այստեղ եւ այստեղ էլ նահատակվել են): Ներկայումս հայերի 95%-ը քրիստոնյա է եւ երկրի կրոնի պատմությունն ապրում է հին հուշարձաններում:

Հոգեւոր առաջնորդը

Ավանդաբանությամբ Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պատրիարքը (կաթողիկոսը) Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է: Նա հավատքի բերեց Տրդատ III արքային, որը հետագայում քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն:

Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի Խոսրով արքային սպանած եւ դրա համար մահվան դատապարտված պարթեւացի Անակատի որդին է եղել: Կոտորվել է նաեւ նրա ամբողջ ընտանիքը, սակայն կրտսեր որդին՝ Գրիգորը, փրկվել է: Կապադովկիացի տղան Կեսարիայում մկրտվել եւ քրիստոնեական դաստիարակություն է ստացել:

Ստացվել է այնպես, որ արդեն հասուն տարիքում Գրիգորը մեկնել է Հռոմ եւ ծառայության անցել Խոսրովի Տիրիդատ որդու (հետագայում՝ Տրդատ III) մոտ՝ հուսալով քավել հոր մեղքը:

Տրդատը Հռոմեական լեգիոնների աջակցությամբ 287 թվականին վերադարձրել է հոր գահը Հայաստանում, իսկ Գրիգորին՝ քրիստոնեություն դավանելու համար հրամայել է գցել խուց, որտեղ նա ճգնել է 13 տարի՝ չցանկանալով հրաժարվել Հիսուսի հավատքից: Այդպես շարունակվել է մինչեւ Տրդատի հիվանդանալը (կատաղություն): Ավանդույթն ասում է, որ նրան բուժել է Գրիգորը, որից հետո արքան կնքվել է եւ քրիստոնեությունը հռչակել Հայաստանում պետական կրոն:

Հեռավոր անցյալի հետքերը

Գառնի հնագույն ամրոցը գտնվում է Երեւանից 28 կմ հեռավորության վրա, Ազատ գետի հովտում, Գառնի գյուղի հարեւանությամբ: Այն հեթանոսության դարաշրջանում՝ մ. թ. 1-ին դարում, արեւի աստծո համար կառուցել է Տրդատ I արքան:

Երբ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ, հեթանոսական բազմաթիվ տաճարներ ավերվեցին, սակայն Գառնին փրկվեց: Այսօր այն Հայաստանի ամենատեսարժան վայրերից մեկն է: Գառնի պատմահամալիր տարեկան այցելում է ավելի քան 136 հազար զբոսաշրջիկ:

Սուրբ Մայր տաճարը

Երեւանից դեպի արեւմուտք տարածվում է Վաղարշապատը՝ երկրի հոգեւոր մայրաքաղաքը, հոգեւոր-մշակութային ամենանշանակալի կենտրոններից մեկը: Այստեղ է գտնվում Էջմիածնի վանքը՝ Ն. Ս. Օ. ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը:

Այստեղ է նաեւ Սուրբ Գայանե վանքը, որը կառուցվել է 630 թվականին եւ այսօր մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային եւ կրոնական ժառանգության ցուցակ: Վանքը կառուցվել է կույս Գայանեի մահվան վայրում: Նրան սպանել է նույն Տրդատ III արքան, երբ ինքը դեռ քրիստոնեությունը չէր ընդունել: Գայանեի գերեզմանը, որը Հայ Առաքելական եկեղեցին սրբավայր է հայտարարել, այստեղ է, վանքի հիմքում:

Ստորգետնյա նախկին բանտը

Խոր Վիրապը գտնվում է Արարատ լեռան ստորոտում, ժամանակակից Թուրքիայի սահմանից ոչ հեռու: Հենց այստեղ է Տրդատ III արքան Գրիգոր Լուսավորչին պահել բանտարկված:

Խոր Վիրապի մատուռը կառուցվել է 642 թվականին այն ստորգետնյա խցի վրա, որտեղ ժամանակին բանտարկվել է Գրիգոր Լուսավորիչը: 1662 թվականին ի հիշատակ սրբի ավելացվել է Գրիգոր Լուսավորչի ավելի մեծ մատուռը եւ վանք կառուցվել:

Հիմա Խոր Վիրապը մկրտվել եւ ամուսնանալ ցանկացողների ամենասիրած վայրերից մեկն է:

Գեղարդ վանական համալիրը

Գառնիից հյուսիս-արեւելք, Գողթ լեռնային գետի կիրճում գտնվում է Գեղարդ վանական համալիրը, որը նույնպես մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ: Այն հիմնվել է IV դարում, կիրճից սկիզբ առնող աղբյուրի վրա եւ այդ պատճառով նախապես կոչվել է Այրիվանք (Կիրճի վանք): Ավանդության համաձայն, վանքի հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է եղել: Հին շինություններից գրեթե ոչինչ չի պահպանվել, քանի որ IX դարում վանքը քանդել են արաբները: Վանքը վերականգնվել է XIII դարում:

Վանքի ներկայիս Գեղարդ անունը նշանակում է «նիզակ»: Նկատի է առնվում այն նիզակը, որով հռոմեացի զինվորը խոցել է խաչված Հիսուսի մարմինը: Այդ նիզակը Հայաստան բերել է Թադեոս առաքյալը (հիմա այն ցուցադրվում է Էջմիածնի թանգարանում, իսկ ավելի վաղ, 500 տարի պահվում էր Գեղարդի վանքում):

Զորաց եկեղեցին

Սուրբ Զորաց եկեղեցին Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում կառուցվել է XIV դարի սկզբին, երբ երկիրը գտնվում էր մոնղոլների տիրապետության ներքո եւ սիրիական մամլյուկների հետ պատերազմական վիճակում էր:

Այն եզակի է նրանով, որ աղոթասրահ չունի: Դրան փոխարինում է բաց երկնքի տակ մի ոչ բարձր տարածք: Եկեղեցին այդպես է կառուցվել զորքի աղոթելու համար: Աղոթարանը գտնվում է հեծյալներին հարմար բարձրության վրա, որպեսզի նրանք առանց թամբից իջնելու աղոթեն եւ մեկնեն ճակատամարտ:

Հոգու փրկության խորհրդանիշը

Խաչքարերը համարվում են ինչպես ողջերի, այնպես էլ հանգուցյալների հոգու փրկության խորհրդանիշ: Հայաստանի տարածքում մի քանի հազար խաչքար կա, յուրաքանչյուրը՝ չկրկնվող իր նախշերով:

Համարվում է, որ դրանք կանգնեցնել սկսել են մոտավորապես IX դարից՝ նախկին հեթանոսական տաճարների տեղում: Այսօր խաչքարերը մտցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային արժեքների ներկայացուցչական ցուցակ:

Ժամանակակից Հայաստանի տարածքում խաչքարերի ամենամեծ (աշխարհում՝ ամենախոշոր) գերեզմանը գտնվում է Նորատուզ գյուղում, ավելի քան 800 հատ: Դրանց մեծ մասը վերագրվում է XIII-XVII դարերին, իսկ ամենահինը՝ V դարին:

Սթոունհենջի եղբայրը

Քարահունջ հին մեգալիթյան համալիրը, որ Սյունիքի մարզում գտնվում է ծովի մակերեւույթից 1770 մետր բարձրության վրա սարահարթում, թե տարիքով, թե արտաքին տեսքով համեմատելի է Սթոունհենջի հետ:

Պատմա-մշակութային արգելոցը զբաղեցնում է շուրջ 7 հա տարածություն: Համալիրի տարիքի հարցում կարծիքները տարբեր են: Մասնագետների մի մասը պնդում է, որ այն 7 հազար տարեկան է: Համալիրը բաղկացած է 1,5-2,8 մետր բարձրություն ունեցող եւ մինչեւ 8,5 տոննա կշռող բազալտե 223 քարերից: Պատմաբանների մի մասը հակված է նրան, որ Քարահունջը նախապատմական մարդկանց թաղման վայր է ծառայել: Մյուսները կարծում են, որ համալիրն աշխարհի ամենահին աստղադիտարանն է:

Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031