Մեր զոհված հերոսները մեռած չեն, նրանք հսկում են, նրանք պահանջում են։
Եթե մեր ազգը, մեր կառավարությունը որակազրկված են, միևնույն է, սա դեռ վախճանը չէ։ Մենք՝ ժողովուրդս, մեռնելու ենք, բայց չենք նահանջելու։ Մենք ենք, որ տնօրինում ենք մեր որակները։ Նրանք, ովքեր կարծում են, որ կօգտագործեն մեր գոյախորհուրդը սեփական ընչաքաղցության հագեցման համար, թող գիտակցեն, որ, միևնույն է, նրանց այսօրվա դավաճանական դիրքորոշման համար մենք հակված չենք իրենց որդիներից պահանջելու ազգի ոչնչացման պատասխանատվությունը։
Մենք ենք ազգի բազմացման որովայնը, մենք ենք նրա հզորացման խթանը, և «նրանք» ընդամենը կատարողներ են։ Եթե նրանց երակները պարունակեն մեր արյունը, ապա նրանք աշխարհակալներ կլինեն՝ մեր նահապետների պես։ Եթե նրանց երակները պղտորված են օտար ազգերի մեզ հարած գենետիկ որակներով, ապա մենք ծախվել ենք նրանց կառավարության աթոռներին կարգելու գործընթացի մեջ։
Ամենակարող Աստված թող Իր ողորմածությամբ բարձունքից դիտարկի մեզ այս հարցում, որովհետև մեր աչքերը այս իրավիճակում միայն Նրա հզոր ձեռքի անմիջականությանն է հուսացած։ Մեր կառավարիչները տգետ են, մեր բանակը անորակ, մեր սկզբունքները ոչ արդիական։ Մենք հզոր ազգություն ենք, բայց մեր սեփական տխմարությունների պատճառով անորոշ չափանիշներով որակավորված։
Մեզ Տիգրան Մեծ է հարկավոր, որի կազմավորած բանակի ներքո մենք պատրաստ ենք կռվել, պատրաստ ենք մեռնել, պատրաստ ենք փոշիանալ, պատրաստ ենք մեր մարդկային իղձերը, ցանկությունները անտեսել հանուն մեր ազգի, մեր երկրի և թագավորի հայկազուն դիրքորոշման։ Մեր այսօրվա կառավարությանը թող չթվա, թե ժողովուրդը քնած է։ Նա թող քննարկի իր դիրքորոշումը։ Մենք մեռնում ենք և մեռնելու ենք հանուն մեր պետության բարգավաճման, փառքի ու պատվի։ Նրանք են եղել սեփական մշտական բարեկեցության համար ժողովրդի ապագան բախտի քմահաճույքին հանձնողները։
Մենք՝ ժողովուրդս սեփական հողի նկատմամբ սրբության գիտակցությամբ օժտված օրգանիզմ ենք, որը սեփական կյանքը տեսնում են այդ հողի մեջ՝ սեփական մահը այդ հողի համար։ Մենք մեր կեցությունը գիտակցող, մեր սկզբունքները պաշտպանող կառավարիչների կողքին կենաց և մահու պայքար մղելու պատրաստակամությամբ մաշվել, տրոհվել և ցիրուցան ենք եղել դարերով։ Մենք վհատված ենք․․․ Մենք կորցրել ենք մեր հույսը առ այն, որ ի վիճակի ենք Տիգրան Մեծեր ծնել։ Մենք՝ ժողովուրդս կառավարության արդարացումներ լսելուց հոգնել ենք, որովհետև նկատում ենք մեր ազգային ոչնչացումը համաշխարհային արենայում։ Եվ այսօր իմ այս խոսքը իր մեջ ոչ թե բողոք , այլ խորը ազգասիրական մղում է պարունակում։
Ես սիրում եմ իմ ազգությունը, բայց ես Ֆաշիստ չեմ, ես Հայ եմ, ես Հայաստան աշխարհի, Սիս և Մասիս խորհրդանիշի փառավոր գիտակցության համար իմ որդու՝ Հրանտ Մանգասարյանի նման մեռնելու պատրաստ եմ։ Ինձ համար, ինչպես նրա համար, (որպես իմ դաստիարակման օրգանիզմ) սեփական ժողովրդի, սեփական ազգի համար մեռնելու փառքից վեր ոչ մի այլ փառք գոյություն ունենալ չէր կարող։
Մենք մեռնում ենք ու պիտի մեռնենք՝ այս հույսը մեր սրտերում ու մենք կարծում ենք, որ մեր ազգի ոչնչացման վտանգի առջև կանգնած լինելու այսօրվա փաստը մեր հավատամքի (Քրիստոնեության) առաջնորդները ի վիճակի են հասցնելու այն Աստծո ականջներին, որին մենք հավատացել ենք։ Մենք հոգնել ենք «աջհամբույրներից», «խաչհամբույրներից», «սովետական աթեիզմից»։ Մենք կառավարության կարիք ունենք՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ։
Եվ համոզված եղեք, որ օրը դուք կապահովեք մեզ համար Տիգրան Մեծ, այն օրը մենք կապահովենք ձեզ համար փառք ու պատիվ։
Փառավոր հույսերով իր սրտում ի մահ գնացող հայ ժողովուրդ։
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ 2017-ի նոյեմբերի 4-ին Արցախում հակատանկային նռնակի պայթյունից զոհված Հրանտ Մանգասարյանը: