Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հաղթելու ենք… (բանաստեղծություն)

Հունվար 07,2018 13:00

Մենք միշտ քայլել ենք կրակի միջով,

Մեր մաշկը պատել բազում վերքերով,

Եվ ոչ մի անգամ գլուխ չենք կախել,

Մեր ճամփան հպարտ ու զուսպ ենք անցել:

 

Անանցանելի արահետներին,

Կորցրել ենք-կորցրել, ու ձեռք ենք բերել,

Եվ այդ վերքերով պատմություն գրել,

Մեր տեղը հուշել իշխող մեծերին:

 

Հաշվի են նստել մեր տարիքի հետ,

Հաճախ օգտվել մեր բաժան պահից,

Փորձել են ջնջել, մեզ թաղել անհետ,

Քանի մեր միտքը չի զարթնել քնից:

 

Այդժամ մեր արյան ամեն կաթիլը,

Զարթնել է քնից արծվի ցատկով,

Թշնամուն ջնջել իր հուժկու զարկով,

Ընդմիշտ ներարկել վախի սածիլը:

 

Անհույս պահերին մեր արյան կանչը,

Ծնողի նման մեկտեղել է մեզ,

Իր քնքշանքով սնել մեր տենչը,

Մայրական սերը պահել մեղմ ու հեզ:

 

Եթե վտանգի լուրն անհայտ մնար,

Մեզ նախնյաց կանչով չմիակամեր,

Եվ վայրկյանը մեզ դարի տեմպ չտար,

Հայրենյաց կամքը դարձյալ կուչ կգար:

 

Եվ մեր սուրբ հողը հեշտ կերերար,

Խուճապը դարձյալ կկարգվեր մեզ տեր,

Թիրախ չէր գտնի և ոչ մի նիզակ,

Հողը կդառնար պայտերի շարան:

 

Հողը սուրբ մայր է, նա ճիշտ է ծնում,

Իր պորտալարով ազգին միշտ սնում,

Եվ մեջքը դարձրած նրան հենարան,

Կռում է վաղվա սուրը հաղթության:

 

Եթե մեր միտքը արթուն չգործեր,

Մի պահ մեզ պատեր թմրեցնող նինջով,

Գուցե այդպես էլ` քնած վիճակով,

Հնագույն մի ազգ հավերժ քուն մտներ:

 

Հրաշքով փրկված մի քանի էակ,

Պետք է ձոնեին մի թախծոտ էպոս…

Իսկ մարդկությունը պիտ ասեր ափսոս,

Որ դժբախտ մի ազգ դարձավ նահատակ:

 

Փառք, որ զարթնեցինք սմքած վիճակից,

Թուրքին ջարդեցինք հուժկու հարվածով,

Նորից հառնեցինք հպարտ կեցվածքով,

Սուրբ Արարատի թախծոտ փեշերից:

 

Երբ արյան ծովը պատում էր շուրջը,

Եվ հնարքն անգամ անզոր էր դառնում,

Իսկ չարը հուշում վախճանի վերջը,

Մոգական մի ուժ հրաշք էր գործում:

 

Հոգի էր տալիս նա մեր սրտերին,

Անպարտելի ուժ մեր բազուկներին,

Եվ նախնիների հեռու անցյալից,

Կրկին հառնում էր հույսը կարեկից:

 

Տեղյակ ենք եղել չարի մոլուցքին,

Նրա մշակած ժանտ ծրագրին,

Որ սատանայի ներարկած խայծով,

Միշտ փորձել է մեզ խաբել նենգ խաղով:

 

Տիրոջ օրհնանքով և անպարտ կամքով,

Փոքրիկ ուժերով հաղթել ենք նրանց,

Ու մեր սուրբ Տիրոջ անուշ հորդորով,

Ետ վերադարձրել շատ գերի անձանց:

 

Ազնիվ ենք եղել կռվի թեժ պահին,

Երբեք չենք արել ստոր, նենգ քայլեր,

Անգամ չենք մորթել` մորթող շներին,

Ճամփա ենք թողել, որ ելնեն լեռներ:

 

Լավ ենք ճանաչում մենք մեր թշնամուն,

Տեղյակ ենք նրա ստոր պահվածքից,

Չենք փակել նրանց փրկության ուղին,

Հաճախ ենք փրկել մահվան երախից:

 

Մենք գթասիրտ ենք անգամ այս դեպքում,

Երբեք համարժեք չենք պատասխանում,

Չենք մարում նրանց փրկության լույսը,

Արթուն ենք թողնում ապրելու հույսը:

 

Քաջ իմանալով՝ այդ ճիվաղները,

Հանգիստ կմորթեն մեր սուրբ ձագերին,

Մեկ է, հորդորով հայոց մայրերի,

Չենք մորթել նրանց գերի զավակին:

Բյուրավոր անգամ ներել ենք նրանց,

Եվ նույնքան անգամ գթասիրտ վարվել,

Սակայն, մեզ երբեք խրատ չի եղել,

Նրանց պատճառած կորուստներն անդարձ:

 

Ճակատագիրը իր անհայտ վարքով,

Մեզ հետ վարվել է երկակի կերպով,

Երբեմն կանաչ ճամփա է սփռել,

Իսկ հաջորդ պահին այն թույնով պատել:

 

Վայրկյան չեն տվել հանգիստ շնչելու,

Եվ հաջորդ քայլի հիմքն ամրացնելու,

Մի ոտքը օդում` դեռ քայլը չարած,

Միշտ մյուս ոտքից կերել ենք հարված:

 

Թմրած վիճակից մի կերպ սթափվել,

Փորձել ենք գոնե գետնին չզարկվել,

Որ հեռուներից նայող թոռները,

Չզգան պապերի կրած ցավերը:

 

Ցավից գալարվել, սակայն չենք ծնկել,

Փորձել ենք մութը լույսի վերածել,

Սև արահետով քայլել ենք հպարտ,

Չենք երերացել, մեզ պահել անպարտ:

 

Բախտը շատ հաճախ երես է թեքել,

Իսկույն փորձել են մեզ ծնկի բերել,

Սակայն, դրանից միայն ամրացել,

Ու մի թիզ հողը` հեկտար ենք դարձրել:

 

Ճակատագիրը դաժան է վարվել,

Արձակված նետը հաճախ մեզ ուղղել,

Կողքի աչքերին միշտ թոզ է փչել,

Լոկ Տիրոջ կամքին մեր հույսը թողել:

 

Հերթական անգամ հենց արշավել են,

Դիմակայել ենք մտքի թռիչքով,

Եվ հաղթանակը նաև տրվել է,

Տիրոջ մեծ կամքով, ճկուն հնարքով:

 

Եվ այդ ժամանակ թշնամու զորքը,

Կլիներ միլիոն, թե անգամ միլիարդ,

Պարտադրված էր մոռանում փառքը,

Դիրքերը զիջում ու դառնում խլուրդ:

 

Պատերազմների կանոնը դաժան,

Փորձել ենք փոխել ու ապրել խաղաղ,

Սակայն, միշտ դեմ է ելել թշնամին,

Կարծելով, մեր մեջ կծնի մեծ վախ:

Նրանք մշտապես խաղեր են հյուսում,

Ու փորձում դրանք մեզ վզնոց դարձնել,

Սակայն, մեր միտքը ճկուն էր գործում,

Նրանց վզին էր վզնոցը դաջվում:

 

Դարանակալած ստոր թշնամին,

Մեր ամեն քայլից զարմանք էր ապրում,

Եվ չէր հասկանում, թե հաջորդ պահին,

Բյուրավոր զորքին ինչպես ենք հաղթում:

 

Մեր քիչ լինելն ու անջատ գործելը,

Նրանց շեղում էր ու ոգևորում,

Թյուրիմացաբար՝ կարծիք ստեղծում,

Որ կարող են մեզ հեշտությամբ հաղթել:

 

Հրաշքն այդ պահին դառնում էր ընկեր,

Մեզ ոգևորում, պարգևում հույսեր,

Հաջորդ վայրկյանին՝ դարի շունչ հղում,

Եվ նոր լիցքերով հաղթանակ բերում:

 

Ճակատագիրը անհայտ պահվածքով,

Մեզ պարուրում էր անհույս մշուշով,

Տերն իր աղոթքով վահան էր դառնում,

Անդարձ կորստի վիհը փակ պահում:

 

Երբ փակվում էին բոլոր դռները,

Եվ մնում էինք լոկ բախտի հույսին,

Աղոթում էինք, օրհնում Տիրոջը,

Եվ հեշտ շրջանցում սև սարդոստայնին:

 

Ուժ էինք առնում Տիրոջ օրհնանքից,

Լուրջ դասեր քաղում մեր սխալներից,

Եվ հավաք ուժով վեր հառնում նորից,

Հրաբուխների թեժ քուլաներից…

 

Հեյ, հպարտ այրեր հաղթական ազգի,

Այս ի՞նչ արյուն է ձեր երակներում,

Որ օրհասական` անհույս պահերին,

Պարտության գույժը փոխում եք խինդի:

 

Այն սարսափները, որ դեռ կծնենք,

Թշնամու զորքին ահով կպատի,

Մեծ կորուստներով և անհաշվելի,

Բյուր դիերով լի ճամփա կհարթի:

 

Անանցանելի արահետները,

Մեզ կծառայեն որպես փարոսներ,

Նուրբ կշրջանցենք ահեղ արգելքներ,

Չենք թողնի անգամ արյան կաթիլներ:

Փոքր ազգերը այս ճանապարհին,

Պատվով ապրելու մի ուղի ունեն.

Ամեն մի քայլի պիտի ետ նայեն,

Եվ ապավինեն լոկ իրենց ուժին:

 

Որքան ազգեր են եկել ու անցել,

Եվ արագ դարձել լոկ հիշողություն,

Պատմության երթում նրանք անցյալ են,

Փոքր ազգերի վախճանը դա է:

 

Մի ծերունի է մեր պատմությունը,

Որի սուրբ արյան ամեն անոթը

Իր մեջ կրում է անհամար խեղված,

Բյուր ճակատագրեր՝ արդեն հուշ դարձած:

 

Այն իր խորհուրդն է մարդկանց մատուցում,

Եվ լույս է սփռում մեր ճանապարհին,

Բոլոր ցավերը իր գիրկն է առնում,

Անվտանգ ճամփով մեզ միշտ ուղեկցում:

 

Արդ. աշխարհ եկած բոլոր ազգերը,

Ընդմիշտ կրում են Տիրոջ օրհնանքը,

Սուրբ հողը նրանց նեցուկ է լինում,

Անարդարներին երբեք չի ներում:

 

Արհավիրքներ են պատերազմները,

Նրանք խեղում են կյանքի ընթացքը,

Դրան ձգտում են լոկ ագահները,

Անհագ կրքերին տուրք տալու համար:

 

Նաև այս կյանքում շատ հրեղեններ,

Վեր են խոյանում այդ քուլաներից,

Երկնքից թափում զմրուխտյա կանչեր,

Դառնում մարդկության անխոնջ ծառաներ:

 

Այդ կերպարները փարոս են դառնում,

Ու բույն են դնում մեր հոգիներում,

Այնտեղ՝ շաղախվում մեր հոգու կանչին,

Եվ լույս են սփռում մարդկության ճամփին:

 

Մեծ տիեզերքը` հանց կյանքի աղբյուր,

Միշտ էլ սնվում է այդ փարոսներով,

Եվ միախառնած երկիր ուղարկում,

Կյանքի արարման` մաքուր, զուլալ լույս:

 

Ոչինչ հենց այնպես չի կորչում, գնում,

Ամեն մի մութ գործ` իր բիծն է թողնում,

Բարի գործերը հեքիաթ են դառնում,

Մատաղ սերնդի ճամփան ճիշտ հյուսում:

Հյուսվող ամեն շյուղ մի կյանք է կրում,

Կրում է մի շունչ` ցավից ընդհատված,

Աշխարհ է գալիս նա մի ծով հույսով,

Կյանքը լցնելու հոգու բերկրանքով:

 

Մեր այս վիճակը կարուսելի պես,

Դարեր շարունակ պտույտ է տալիս,

Մի երգ է ձոնում ամեն պտույտով.

Լինենք միաբան, կապրենք ապահով:

 

Եթե հրաշքը չդավաճանի,

Եվ մեզ մշտապես ուղեկից լինի,

Թեկուզ փոքրաթիվ մեր այս ուժերով,

Մենք հաղթելու ենք ցանկացած գնով…

 

Այսուհետ ևս՝ թեկուզ հնարքով,

Ցրիվ վիճակից պետք է բռունցքվենք,

Թրերին տված մեր բազկի ուժով,

Թշնամուն արագ երկու կես անենք…

 

Պատմության անծայր, ծով անդաստանում,

Արժանավայել ապրելը հեշտ չէ,

Կան պատվիրաններ, որ պարտադիր են,

Հավերժի ճամփին մնալու համար…

 

Անանիա Մաղաքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031