Լրահոս
Օրվա լրահոսը

Հըլա նոր եմ ցրցամ տվել… (պատմվածք)

Հունվար 07,2018 12:00

Փայլակի քրոջ թոռը զանգահարեց ու նրան հայտնեց իրեն պատահած դժբախտ դեպքի մասին: Ամռան արձակուրդներին հանգստանալիս ընկերների հետ մեկնել էին Սյունիք՝ հատկապես Շաքիի ջրվեժը և մարզի դիտարժան վայրերը այցելելու և ըմբոշխնելու նրանց գեղեցկությունն ու հմայքը:

Դե՛, Շաքիի ջրվեժին այցելելն ու չլուսանկարվելը հանցագործություն կլիներ: Կյանքում քչերին է բախտ վիճակվում բնության այդ հրաշալիքին մոտենալը և նրա գեղեցկությամբ զմայլվելը: Մի քանի կադր լուսանկարվելուց հետո, այնքան մոտեցան ջրվեժին, որ նրանից ցայտած ջրի բավականին մեծ շիթը հանգրվանեց թանկարժեք ֆոտոապարատի վրա և ամբողջովին ուղղվեց նրան: Այս ֆոտոապարատը մի քանի տարի առաջ, իր աշխատավարձից խնայված գումարով քեռու տղայի ընկերն էր բերել Ամերիկայից ու բավականին թանկ էր նստել նրա վրա:

Պատահածից շփոթված Լաուրան պայուսակից հանեց թաշկինակը և արագ մաքրեց ֆոտոապարատը և վախենալով, որ ջուրը կարող է թափանցած լինել սարքի ներսը, այլևս դադարեցրեց նկարահանումները, այն դրեց պայուսակի մեջ, որպեսզի չորանա, որ հետո օգտագործի:

Հաջորդ օրը, երբ մի այլ վայրում նա փորձեց նկարահանում կատարել, ապարատի փողակը (տուբուս) դուրս եկավ տեղից, ինչ որ չխկոց լսվեց և այլևս ներս չգնաց, որից հետո ֆոտոապարատը հրաժարվեց աշխատելուց: Դեպքից նեղսրտած, Լաուրան ապարատը դրեց պայուսակի մեջ, որոշեց, որ երբ վերադառնա մայրաքաղաք, կտանի համապատասխան վարպետի մոտ զննության:

Արձակուրդները ավարտվեցին, նա վերադարձավ մայրաքաղաք, ներկայացավ աշխատանքի, բայց մտքում միշտ թանկարժեք ֆոտոապարատն էր և նրանով կատարված բազմաթիվ լուսանկարները, որոնք այդպես էլ չդիտեց: Աշխատանքից ազատ ժամանակ այն ներկայացրեց մի քանի վերանորոգող արհեստանոցների, բայց բոլորն էլ հրաժարվեցին վերանորոգումից, պատճառաբանելով, որ բավականին թանկ կարժենա այն (գրեթե կհավասարվի սկզբնական վաճառքի գնին), քանի որ այդպիսի պահեստամասեր չունեն, իսկ պատվիրելու դեպքում էլ այն հազիվ մի երկու ամսից ստանան:

Երկար դեգերումներից հետո, մի օր ֆոտոապարատը վերցրած այցելեց մոր քեռու տուն, որը էլեկտրոնիկայի ճարտարագետ մասնագետ էր և ինչ որ ժամանակ, հարկ եղած դեպքում, վերանորոգում էր բարեկամների հեռուստացույցները, ռադիոընդունիչները և այլ էլեկտրասարքեր:

Տեսնելով ժամանակակից ֆոտոապարատը, Փայլակը հրաժարվեց այն քանդելուց, պատճառաբանելով, որ ներկայիս տեխնիկայից բավականին հեռու է, աչքերն էլ լավ չեն տեսնում, բայց…

Բայց քրոջ թոռը ավելի համառ գտնվեց և երկուսով միասին սկսեցին քանդել ֆոտոապարատը: Ապարատի, իրար միացնող դետալների պտուտակները այնքան փոքր ու բազմաթիվ էին, որ նույնիսկ ամենափոքր պտուտակահանը չէր համապատասխանում նոր չափերին: Փայլակը ստիպված եղավ պտուտակահանը խարտոցով տաշել, փոքրացնել ու հարմարեցնել պտուտակների գլխիկներին: Հերթով հանելով իրար վրա հանգուցված մասերը, գործը հասավ փողակին: Երբ փողակը տեղից մի կերպ հանեց ու մասերի բաժանեց, պարզվեց, որ փողակը աշխատեցնող մեխանիզմի ատամնաանիվներից մեկը դուրս է եկել տեղից, իսկ շարժիչն միացնnղ նրբագույն շլեյֆը (հաղորդալարերին փոխարինող ժամանակակից հոսանքատարեր) վնասվել է: Ատամնաանիվը իր տեղը դնելուց հետո, փողակը ներս գնաց, բայց ապարատը այդպես էլ չաշխատեց, քանի որ շլեյֆը վնասված էր և հոսանքը շարժիչին չէր հասնում:

Այդպիսով Փայլակն ու զարմուհին ավարտեցին իրենց աշխատանքը և այն թողեցին այլ վերանորոգող արհեստանոց գտնելու հույսին:

Հաջորդ օրը Փայլակը այցելեց մի քանի էլեկտրական սարքերի սպասարկման և վերանորոգման արհեստանոցներ և բոլոր տեղերում էլ հրաժարվեցին այն վերցնելու վերանորոգման, նույն պատճառաբանությամբ, որ նրա վերանորոգումը իրենց կարժենա նրա սկզբնական վաճառքի գինը և իմաստ չունի նրա վրա չարչարվելը:

Բայց պատահեց այնպես, որ հաջորդ օրվա դեգերումները տվեցին իրենց արդյունքը և մի արհեստանոցի երիտասարդ աշխատակից խոստացավ այն վերանորոգելիր սկզբնական գնից մի քանի անգամ էժան գնով: Փայլակն էլ, ոգևորված այս հաջողությունից հարցրեց երիտասարդին.

-Ֆոտոապարատը քանդած վիճակում է, այդպես էլ բերեմ, թե՞ հավաքեմ, նոր բերեմ:

-Ավելի լավ է, հենց քանդած էլ բեր,-պատասխանեց երիտասարդը:

Հաջորդ օրը, Փայլակը զգուշությամբ, քանդած սարքը իր բոլոր բարեմասնություններով հանդերձ տեղավորեց իր ստվարաթղթե արկղի մեջ և ներկայացրեց երիտասարդին, որից հետո նա ասաց.

-Հոպար ջան, պիտի վերանորոգման արժեքի մի մասը նախապես վճարես, որ դետալները պատվիրեմ, իսկ մնացածը հետո կտաս, երբ ապարատը պատրաստ կլինի:

Փայլակն էլ, վստահելով երիտասարդին, նրան տվեց պահանջված գումարը, ապա հարցրեց.

-Ե՞րբ պատրաստ կլինի:

-Դե, հոպար ջան, մասերը պատվիրելուց հետո երկու ամիս է տևում նրա ստանալը, դրանից հետո էլ…

-Հասկանալի է,-ասաց Փայլակն ու ցտեսություն ասելով դուրս եկավ արհեստանոցից:

Անցել էր մեկ ամիս և արհեստանոցի կողքով անցնելիս, Փայլակը ներս մտավ, հարց ու փորձ արեց ֆոտոապարատի վերանորոգման ընթացքի մասին.

-Չէ, հոպար, հլա մասերը չեն ստացել, համ էլ մենք չենք այն վերանորոգում, ես այն տվել եմ քաղաքի ամենալավ այդպիսի սարքեր վերանորոգողին, նա է մասերը պատվիրել:

Այստեղ Փայլակի սիրտը մի փոքր կասկած ընկավ, բայց որոշեց համբերել:

Երկու ամիս հետո զանգահարեց Փայլակի զարմուհին և հարցրեց գործընթացից:

-Վաղը կգնամ, կիմանամ, քեզ կզանգահարեմ,-ասաց Փայլակը:

Մյուս օրը Փայլակը գնաց արհեստանոց տեղեկություն ստանալու և զարմուհուն տեղյակ պահելու գործընթացի մասին:

-Հոպար ջան, վարպետը արդեն մասերն ստացել է և շուտով գործի կանցնի, միքիչ ծանրաբեռնված է:

Երկու շաբաթ անց Փայլակը նորից այցելեց երիտասարդին:

-Հոպար ջան, վարպետի հորաքույրն է հիվանդացել, հիվանդանոցներով է զբաղված եղել, չի կարողացել գործ անի:

Որոշ ժամանակ անց Փայլակը նորից ներկայացավ:

-Հոպար ջան, քո բախտից, հիմա էլ վարպետն է հիվանդացել, երբ պատրաստ լինի քեզ կզանգահարեմ, համակարգչում գրել եմ ձեր հեռախոսահամարը:

Օրերն անցնում էին և ամեն անգամ, երբ Փայլակն այցելում էր արհեստանոց՝ իմանալու, թե ե՞րբ կավարտվի ապարատի վերանորոգումը, լսում էր տարբեր պատճառաբանություններ ու զայրացած տուն վերադառնում:

Երրորդ ամսվա վերջում Փայլակը զանգահարեց ու զայրացած ասաց.

-Ընկեր ջան, զարմիկս արդեն հոգիս հանում է, եթե չեք կարողանում վերանորոգել, հետ տվեք ապարատը, հանձնեմ իրեն:

-Լավ, հոպար, ես կխոսեմ վարպետի հետ, քեզ կզանգահարեմ:

Անցավ ևս մի քանի օր, հեռախոսազանգը չկար:

Փայլակը նորից գնաց արհեստանոց և սպառնալից ասաց.

-Եթե վաղը ֆոտոապարատը սարքին կամ անսարք չտվեցիր, ես այլ միջոցների կդիմեմ:

Բայց ինչ միջոցների պետք է դիմեր Փայլակը, ինքն էլ չգիտեր:

Սակայն վերջին հոխորտանքը տվել էր իր արդյունքը, հաջորդ օրը երիտասարդը զանգահարեց և ասաց, որ անսարք ապարատը բերել է ու Փայլակը կարող է այն վերցնել:

Փայլակը շուտով ներկայացավ արհեստանոց, երիտասարդը բերեց փաթեթավորած ապարատը, բացեց տուփը, մեկիկ-մեկիկ ցույց տվեց ինստրուկցիան, համակարգչին միացնող հաղորդալարը, սնուցող սարքը:

-Իսկ իմ տված կանխավճա՞րը.-վերջում ասաց Փայլակը, վերցնելով քանդված ապարատը իր աքսեսուարներով հանդերձ:

-Հոպար ջան, էդ պատվիրած մասերը գիտե՞ս ինչքան թանկ էին, մենք ավելի ենք վնասվել, քան դու, եթե սկզբից ասած լինեիր, որ ջրի մեջ է ընկել, չէի վերցնի:

-Բայց ես ի՞նչ մեղք ունեմ, երբ դուք ապաշնորհ վարպետի եք հանձնարարել այս գործը անելու:

-Դե, դու սկզբից չէիր ասել, որ ջուր է լցվել մեջը, թե չէ, որ իմանայի չէի վերցնի,-նորից կրկնեց երիտասարդը:

-Ես ձեզ նախապես ասել եմ, որ ապարատը թրջվել է:

-Չէ, չեք ասել,-պնդեց երիտասարդը,-որ ասած լինեիր, չէի վերցնի:

-Բայց դու հարցնեիր թե ինչ է պատահել ապարատի հետ, եթե չեմ ասել, բայց հաստատ հիշում եմ, որ ասել եմ:

-Չէ, հոպար ջան, չես ասել…

Զգալով, որ իր զայրույթը գագաթնակետին է հասնում, Փայլակը վերցրեց ֆոտոապարատը պարունակող ցելոֆանե տոպրակը, դուրս եկավ վերանորոգման սրահից՝ դուռը ուժգին շրխկացնելով և նետելով.

-Մարդ չեք էլի…

Տուն վերադառնալու ճանապարհին, Փայլակն հանկարծ հիշեց Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ոտանավորը, որ երեխա ժամանակ անգիր էր արել:

Բայց նորօրյա պատմության տարբերությունը նրանում էր կայանում, որ այնտեղ շունը ինչ որ տեղից էր ճանկել մորթին և նրա կորուստը այնքան էլ մեծ չէր իր համար, իսկ այստեղ, կատու-երիտասարդին տված կանխավճարը իր սեփական գրպանից էր Փայլակը վճարել:

Դե՛, իսկ անսարք ֆոտոապարատը դեռ սպասում է նոր փորձությունների, քանի որ Փայլակի համար դրա վերանորոգումը պատվի հարց է և թոռնիկին խնդրել է, որ համացանցից գտնի այդ ֆոտոապարատի առանձին մասերի պատվիրելուն և ստանալուն պես ստանձնի սեփական ուժերով այն վերանորոգելու գործընթացը:

Հաջողություն ցանկանանք նրա բռնած գործին:

Սիմակ  Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031