Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտքումս անուններ կան, որ սարի նման փլվում են վրաս»

Հունվար 07,2018 11:00

Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը

Սկիզբը՝  նոյեմբերի 26-ի համարում, դեկտեմբերի 3-ի համարում, դեկտեմբերի 10-ի համարում,  դեկտեմբերի 17-ի համարում , դեկտեմբերի 31ի համարում

– Խոսելով 20-րդ դարի ռուսական պոեզիայի մասին Իոսիֆ Բրոդսկին առանձնացնում է չորս անուն՝ Ախմատովա, Մանդելշտամ, Պաստեռնակ, Ցվետաևա և պնդում, որ 20-րդ դարի ամենամեծ բանաստեղծը կին էր (նկատի ունի Ցվետաևային): Եթե նույն ժամանակահատվածի համար չորս անուն տալու լինեիր, ու՞մ անունները կտայիր…

-Չնայած համաշխարհային պատերազմին և մասնավորապես մեր ազգային ողբերգությանը,ռուսական պոեզիայի «Արծաթե դարը» ընդգրկած ժամանակահատվածը գիտության, արվեստի զարթոնքի իսկական ոսկեդար էր:

Կերպարվեստում, ճարտարապետության ոլորտում, երաժշտության, թե գրականության մեջ, տեղի էին ունենում դարակազմիկ իրադարձություններ: Ծնվում և տառացիորեն իրար «ոտք էին տրորում» հանճարներ, որոնցից յուրաքանչյուրը մեկ դարի կամ մեկ ժողովրդի ազգային հպարտությունը կարող էր լինել:

20-րդ դարում հիմնարկեքված արվեստի միջազգային խոշոր մրցանակները, անտարակույս նաև  քաղաքական նպատակներ էին հետապնդում:

Դարասկզբին աշխարհը կույր էր մեր ազգային խնդիրների հանդեպ,սակայն խրախուսում էր Հնդկաստանի անկախության ձգտումները, և 1913 թվականին Ռաբինդրանատ Թագորը ստացավ Նոբելյան մրցանակ:

«Պարտիզպանը» և «Գիտանժալին»  ժողովածուները ես էլ եմ սիրում, բայց Թագորը, մեծամասամբ, հեղինակել է էթնոգրաֆիկ վեպեր և վիպակներ, որոնք, անտարակույս, ավելի պակաս արժեք են ներկայացնում:

Եթե աշխարհը նույն վերաբերմունքն ունենար մեր նկատմամբ, քառյակների «եզրին» հասած Հովհաննես Թումանյանը պակաս արժանի չէր այդ մրցանակը ստանալու, ինչն աննախադեպ վերելք ապրող մեր գրականությունը դուրս կբերեր ազդեցության-փոխազդեցության նոր փուլ, և մեր ժողովրդի ստեղծած գրական արժեքները կընկալվեին այլ կերպ:

Ռազմիկ Դավոյանը պատմում էր. «Չարենցի հոբելյաններից մեկի օրերին Հայաստան էր ժամանել Եվգենի Եվտուշենկոն: Նա խոսք պիտի ասեր մեծ բանաստեղծի մասին: Երբ մնացինք մենակ, ինձ հարցրեց. “Դու իսկապե՞ս կարծում ես, որ Չարենցը մեծ պոետ է»:

Ինձ համար բացատրելի են ռուս բանաստեղծի տարակույսները, այն դեպքում, երբ ես էլ եմ կարծում, որ ոգու առումով Չարենցը 20-րդ դարի ամենամեծ պոետն է: Իհարկե,դժվար է երևակայել, որ պատմության քառուղիներում մասմասված, դարի առաջին ցեղասպանությունը վերապրած, տնտեսապես ու քաղաքականապես տեսակարար բարձր կշիռ չունեցող հայ ժողովուրդը և Հայաստանը, համաշխարհային պոեզիայի ամենամեծ տերություններից է:

Ռուսական «Արծաթե դարում» թվարկված բանաստեղծներից բացի կան առնվազն երեք անուն, որոնք կարող էին նշվածների շարքում կամ դրանցից առաջ լինել: Իսկ մնացած աշխարհը՞՝ Ռիլկեն, Ապոլիները, Լորկան, Էլիոտը, մյուսները և մեզ անհայտ չինական «մոլորակը՞»…

Իմ ընկալմամբ այդ շրջանի ռուս խոշորագույն պոետը Բլոկն է, բայց սա սուբյեկտիվ է, որովհետև «Ընթերցողը կարդացած գրքում մի աչքով իրեն է փնտրում»:

Մաքսիմ Վալոշինը դարասկզբին նույնպես պնդում էր, որ ռուս ամենամեծ բանաստեղծը Ցվետաևան է: Եվ Վալոշինի, և Բրոդսկու հիմնավորումները անչափ հետաքրքիր են, բայց ներկայացնում են նրանց սեփական արժեհամակարգային մոտեցումները և 20-րդ դարի համաշխարհային պոեզիայի քարտեզի չափագրման համար հիմք չեն կարող լինել:

-Բրոդսկու մեկ այլ դիտարկում ևս. «Ոչ մի քրեական օրենսգիրք չի նախատեսում պատիժ գրականության հանդեպ գործած ոճրի համար, բայց ոճիրների մեջ ամենասարսափելին ոչ թե գրաքննությունն է կամ գիրքը խարույկ նետելը, այլ գիրքը արհամարհելը, չկարդալը: Դրա համար մարդը վճարում է կյանքով և, եթե այդ հանցանքը գործում է ազգը, վճարում է իր պատմությամբ»: Համաձա՞յն ես: 

-Աշխարհն իբրև գրականություն պատկերացնող մարդու դատողություններ են:   Մեր ծնողները չէին էլ լսել Սերվանտեսի անունը, բայց մեզանից, անտարակույս, ավելի մաքուր ու ազնիվ մարդիկ էին:

Աշխարհի ոչ մի ժողովուրդ գիրքն այնքան չի սրբացրել, որքան մենք (հիշենք ցեղասպանության հայտնի օրինակները), հետո՞, այդ տրամաբանությամբ մեզ պիտի սպասեին պատմության դափնինե՞րը, թե՞ասելու ենք, որ վերապրեցինք գրքի շնորհիվ: Իսկ մեր դահիճնե՞րը ի հաշիվ ինչի են բարգավաճում:

Գիրքը և գրականությունը բարոյական չափաբանության տիրույթում են,ժողովուրդների, պետությունների ճակատագրերը զարգանում են բնության օրենքների դաժանությամբ:

Սակայն,երբեմն թվում է, որ ես ոչինչ էլ չեմ հասկանում.չարի և բարու ելակետից մենք ոչնչացնում ենք որսին հոշոտող գիշատչին, բայց որքանո՞վ է բարոյական նրա ձագուկներին սովամահության դատապարտելը:

-Արդեն ասել ես, որ չես սիրում խոսել քո պոեզիայի մասին: Բայցինչո՞ւ անհանգ բանաստեղծություն:

-Ես չեմ սիրում «քո պոեզիա» արտահայտությունը, որովհետև ամենամթին ինքնամեծարման պահին մտքումս անուններ կան, որ սարի նման փլվում են վրաս:

Ինձ համար դժվար է խոսել իմ այս կամ այն բանաստեղծության մասին. դրանք հաճախ իրավիճակ-հոգեվիճակների արտահայտություններ են, և ցավ են պատճառում:

Գրերի գյուտից, մեր պատմագրության «հանկարծակի ծաղկումից» մինչև Նարեկացի, ինձ համոզում է, որ նախամաշտոցյան գիր, գրչություն չէր կարող գոյություն չունենալ:

Բանաստեղծական արվեստի ավանդների վկայությունը միայն Խորենացու ներբերած Գողթան երգերը կամ գրեթե կատարյալ շարականները չէին:

Պոեզիայի մշակութային դաշտում Քեոփսի բուրգ հիշեցնող, համաշխարհային գրականության աներկրորդ (ինչպես այլ պարագայում են գրում) երևույթը՝ Նարեկացին, առանց կուտակված փորձի, հարստության, չէր կարող ի հայտ գալ:

Պոեզիան անհանգ է եղել:  «Մատյանը» ակամա ներկայացնում է նոր, արաբական մշակույթի ազդեցությամբ գրված, բանաստեղծական չափ ու կշռույթին անցնելու պատկերը, որի ավանդույթներով հետագա դարերում, մեծամասամբ, զարգացավ համաշխարհային պոեզիան:

Արևմտահայ մեծերի եղերական վախճանից հետո, թվաց, թե մեզանում փակվեց այդօրինակ բանաստեղծության էջը: Սակայն, մի՞թե, «Էպիկական լուսաբաց»-ում և մասնավորապես «Գիրք ճանապարհի»-ում չի երևում, որ հանգը «նահանջում» է:

Ինչպես Նիկոլ Աղբալյանն էր ասում. «Չարենցի մահով գլխատվեց սովետահայ պոեզիան» և առժամանակ դուրս եկավ զարգացման բնականոն հունից:

Եթե չհաշվենք պոլսահայ պոետների, Կոստան Զարյանի, և մի քանի սփյուռքահայ ոչ առանցքային բանաստեղծների ստեղծագործությունները, որոնք տարբեր պատճառներով էականորեն չէին կարող ազդել հայ գրականության զարգացման վրա, հետագա տարիները, այդ իմաստով, առանձնապես բան չտվեցին:

Գրական այս կամ այն ձևի նախընտրությունը գեղարվեստական խնդիր լուծող միջոց է, կամայական չէ: Այդպես է նաև կերպարվեստում.քանդակի չափը, նյութի նախընտրությունը, տեղանքը, հեղինակային հղացման անտրոհելի ամբողջությունն է: Այս բաղադրիչներից որևէ մեկի փոփոխության պարագայում ասելիքը այլակերպվում է: Հղացումը դառնում է ուրիշ, եթե, նույնիսկ տեղադրվող կոթողի ճարտարապետը հեղինակի մեկնաբանությունը ճիշտ չի ըմբռնել: Ձևի և բովանդակության ամբողջությունը պետք է միտված լինի ներդաշնակությանը, ինչպես Աստծո շունչը կրող ամեն բան:

60-ականների երիտասարդ բանաստեղծները, Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ ժակ Պրևերի ժողովածուն «նորի», «նորարարության», «ռացիոնալիզատորության» գործարանային տերմինով վարակված, մեր սերնդին բերեց դեպի անշեշտ բանաստեղծություն:

Բանաստեղծությունը խոսքի պայմանական արտահայտչաձև է: Որքան կերպը կաշկանդվում է կանոնով, այնքան բառը կորցնում է նախնական էներգիան:

Դա իմ կարծիքն է:

Շատերի միջից քչերը, ավելի նոր թվացող երևույթին տուրք տալուց հետո հասան այդ գիտակցությանը:

Լուսահոգի Մարո Մարգարյանն ասում էր. «Գրածը հանգաթափեք՝ նոր կերևա՝  բանաստեղծություն է, թե՝ ոչ»:

Կարելի է գրել տխմար սոնետներ և հրաշալի ազատ բանաստեղծություններ, կարող է լինել և հակառակը:

Չկան հին ու նոր ձևեր, կան տաղանդավոր և անտաղանդ մարդիկ:

Տաղանդավոր մարդը ինչ էլ գրի նոր է:

Ես հասել եմ այն գիտակցությանը, որ գրելուց գայթակղություն չեմ ունենում ավելի լավ, խելոք կամ իմաստուն թվալ: Որպեսզի հավատան, նախ՝ ես պիտի հավատամ ինքս ինձ:

Նոր ոչինչ չկա: Եղածի վրա ժամանակի ամեն շերտ ավելացնում է միայն իրեն հատուկ նրբերանգը, գումարած՝ մարդկային էության անսահման դրսևորումները. արդյունքում  ծնվում է բանաստեղծությունն ու բանաստեղծը, որին ժամանակակիցները կարող են և չնկատել:

Իսկ, եթե հետո էլ չեն տեսնում, նշանակում է տեսնելու բան չկար…

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031