Հունվարի 6-ին՝ 12:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել Իջևանի բնակիչ, 55-ամյա Կառլեն Մարկոսյանի դին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի ծառայողների և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ մահացած տղամարդը եղբոր, եղբոր որդիների և Իջևանի բնակիչ 21-ամյա Սեյրան Մատինյանի հետ հունվարի 6-ին ապօրինի որսով են զբաղվել Իջևանի Աղայա կոչվող անտառամասում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:
Իրավապահների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Սեյրան Մատինյանը հունվարի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին:
Նա ոստիկանություն է ներկայացրել իր որսորդական հրացանն ու հայտնել, որ որսի ժամանակ այն պատահաբար կրակվել է, որի հետևանքով էլ Կառլեն Մարկոսյանը վիրավորվել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
ՀՀ Ոստիկանություն