Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկության ծնունդն արդարացված է լոկ Քրիստոսի ծննդյամբ

Հունվար 06,2018 21:12

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ

մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի

 

Աստվածաշնչից հայտնի է, որ ինչպես երկինքը և երկիրը, այնպես էլ մարդկությունը և հողագնդի վրա եղած ամեն ինչ արարվել է Տեր Աստծո կողմից: Քրիստոնեությունը մեկնում է, որ ամեն ինչ արարվում և պահպանվում է Սուրբ եռամիասնության՝ Հայր Աստծո, Որդի Աստծո և Սուրբ Հոգու միասնական կամքի ներքո: Չեմ անդրադառնա Աստվածաշնչյան մեկնություններին, ուղղակի կփորձեմ պարզ ու մատչելի լեզվով ներկայացնել ասելիքս:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի հունվարի 6-ին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, իսկ մենք՝ մահկանացուներս, կլինենք եկեղեցում, թե տանը, սիրով մասնակցում ենք այդ տոնակատարությանը: Հրաշքներ չենք գործում, այլ ընդամենը գովաբանում, աղոթում և բազմապիսի խնդրանքներով դիմում ենք մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի պահապան լինի, գթա ու օգնի մեզ: Նրան դիմում են ոչ միայն հիվանդ, անօգնական ու աղքատ մարդիկ, այլ նաև հարուստներն, ունևորները և բոլոր հավատացյալները: Փաստացի, աշխարհի ամբողջ քրիստոնյա մարդկությունը մի տեղ ունի դիմելու և դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Միթե՞ սա պարզորոշ չի նշանակում, որ նա մեր բոլոր քրիստոնյաների հայրն է, իսկ մենք նրա զավակները, որն էլ իր հերթին նշանակում է, որ մենք՝ բոլոր քրիստոնյաներս քույր և եղբայրներ ենք:

Իրականում, Սուրբ ծննդյան օրը բոլորս մեր վարմունքով ակամա հավաստում ենք դա, իսկ դրանից հետո, արդյո՞ք ապրում ենք որպես քույր-եղբայրներ: Իհարկե, ոչ: Իսկ ինչու՞մն է խնդիրը, որ շատ արագ փոխվում և դառնում ենք այլ մարդ, այսինքն շեղվում ենք այդ օրվա մեր մարդ տեսակից ու դառնում լրիվ այլ մարդ, այլ խոսքով արագ ընդունում ենք մեր իրական կերպը: Այ, հենց սրա մասին է, որ ուզում եմ խոսել: Իսկ դրա համար պետք է ճշմարիտ ներկայացնել այն իրական վիճակը, որում հայտնվել է մեր քրիստոնյա ժողովուրդը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ժողովրդի ներսում առաջացել է այնպիսի աներևակայելի ու անընդունելի շերտավորում՝ հարուստներ ու աղքատներ, որոնց բացարձակ այդպիսին լինելը որևէ բացատրություն չունի և որևէ քննադատության չի դիմանում: Անկեղծ ասած, չեմ տիրապետում, թե այլ երկրներում ինչպես է, սակայն մեր երկրում ամենահարուստ և ամենաաղքատ մարդկանց ունեցվածքների հարաբերակցության գործակիցը համարյա անվերջի է ձգտում, որն էլ մարդկանց ապրելակերպի իրական համեմատական պատկերն է, որով և ամեն ինչ ասված է:

Գաղտնիք չէ, որ ինչպես ամեն հարցում, այնպես էլ ուղևորության հարցում իդեալական հավասարություն լինել չի կարող, սակայն քույր-եղբայր ասածը՝ այլ կերպ կոչվում է հավասարություն, որի վերաբերյալ ցավոք սրտի, ճիշտ հակառակն է փաստում վերը նշված գործակցի արժեքի առկայությունը: Եթե այսպես շարունակվի և այդ գործակիցը արագ նվազելու փոխարեն, շարունակի դարձյալ աճել, ապա ի՞նչ քրիստոնյայի կամ ի՞նչ քույր ու եղբոր մասին կարող է խոսք գնալ, և հետևաբար որքանո՞վ է իմաստավորված մեր Սուրբ Տիրոջ՝ Քրիստոսի ծննդյան տոնը որպես մի ժողովուրդ՝ համատեղ նշելը: Սրանով հանդերձ, հստակ բարձրաձայնում եմ, որ մեր Տերը բոլորին հավասարապես է սիրում և իր սերը սփռում է երկինք ու երկիր, որպեսզի մարդիկ էլ իրար անկեղծ սիրեն, որը հավասարության երբեմնի հնարավոր գոյության միակ գրավականն է: Որպեսզի միամտաբար չընկնենք երազների գիրկը, փորձենք խոսել միայն իրատեսական ցանկությունների և անելիքների մասին, որոնք մի գուցե մասնակիորեն իրականություն դառնան ու ինչ-որ կերպ նպաստեն մեր երկրի և ժողովրդի աղետալի վիճակի փոքրիշատե բարելավման համար: Փրկության այլ ելք ուղղակի չկա և այս սուրբ օրը պետք է խոսենք կոնկրետ քայլերի մասին, քանզի վիճակն այնքան օրհասական է, որ արտագաղթի տեմպերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով ու սեղանին ուղղակիորեն դրված է երկրի լինել-չլինելու հարցը:

Եվ այսպես. սիրելի հարուստներ և ունևորներ, ինչքան որ դիզել եք, հալալ է ձեզ, բավական է կանգ առեք և ձեր ականջներին օղ արեք ու հիշեք. եթե ժողովուրդն արտագաղթի ու երկրում մնաք միայն դուք, ձեր ունեցածը կոպեկ չի արժենա: Առանց ժողովրդի ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա կյանքը: Եթե ուրիշ ոչ մի վատ բան չլինի, ապա գոնե ակնհայտ է, որ նման պարագայում գնալով պետք է աստիճանաբար սնանկանաք, քանզի ակնհայտ է, որ ցանկացած երկրում հարստանալու միակ միջոցը ժողովուրդն է, որն էլ աստիճանաբար վերանում է Հայաստան երկրից: Բավական է, կանգ առեք, ի՞նչ եք տանելու ձեզ հետ, որ գիշեր-ցերեկ զբաղված եք միմիայն դիզելով: Միթե՞ կարծում եք, որ փողն է միայն երջանկության բանալին ու դրանով դառնալու եք երջանիկ: Բա, չե՞ք մտածում, որ ձեր կողքի մարդիկ էլ ձեզ նման մարդ են և Տերը նրանց նկատմամբ ձեզ ոչ մի առավելություն չի տվել, այնպես որ, թույլ տվեք մի քիչ էլ նրանք շնչեն: Եթե այդ բոլոր մարդիկ թողնեն ու հեռանան, ապա դրանից հետո ձեզ համար ավելի վատ վիճակ չի կարող լինել: Մի քիչ սանձեք ձեր ագահությանը և թույլ տվեք, որ նրանք էլ ապրեն, քանզի նրանց ևս այն նույն Տերն է կյանք տվել, որի ծննդյան օրը դուք խոնարհվում էիք նրան: Երկրում եղած բարիքներն անվերջ չեն, նրանք վերջավոր են ու անբավարար և պետք է դրանք այնպես բաշխել, որպեսզի աղքատներին էլ մի բան հասնի: Թե, չէ անընդհատ քաշում եք ու քաշում դեպի ձեզ, մոռանալով, որ նրանք ևս ձեզ նման մարդ են: Ուրեմն երկուսից մեկը. կամ պետք է նրանց էլ մի բան թողնեք, կամ շարունակեք նույն կերպ թալանել, բայց պարտավոր եք այդ թալանից նրանց ևս բաժին հանել:

Վերջապես իմացած եղեք, որ դուք արտոնյալ չեք և բոլորն էլ իսկապես Տիրոջ զավակներն են ու դուք բոլորդ իսկապես քույր-եղբայրներ եք, այնպես որ փորձեք նրանց վերաբերվել որպես քույր-եղբոր, այլապես հենց նույն Տիրոջ առաջ պատասխան եք տալու ձեր անմաքուր արարքների համար: Վախեցեք Տիրոջ պատժից, քանզի նա անողոք է անարդարների հանդեպ: Հիշեք, Տիրոջ սերն էլ սահման ունի և նա չի կարող անվերջ աչք փակել ու անվերջ ներել ձեզ: Օգնեք աղքատներին ու պայմաններ ստեղծեք, որպեսզի նրանք էլ աշխատանք ու ապրուստ ունենան: Այլապես, անիմաստ կդառնա ձեր կյանքը, քանզի դրա տերը ոչ թե դուք էք, այլ Հիսուս Քրիստոսը, ով ինչ-որ պահից կարող է երես թեքել ձեզանից, որից հետո դուք շատ արագ կարող եք կործանվել: Մտածեք ժողովրդի մասին, քանզի դրանով դուք խոնարհ կդառնաք Տիրոջ համար, առանց որի ժողովրդի գոյությունը անիմաստ կդառնա: Տիրոջ ծննդյան ամենամեծ խորհուրդը սա է…

Ի վերջո, կարող եմ վստահաբար բարձրաձայնել, որ արտագաղթի հիմնական պատճառները աղքատությունն ու գործազրկությունն է…

Այնպես արեք, Քրիստոսը ևս մեկ անգամ չիջնի երկիր ու դարձյալ խաչվի…

Մտածեք…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031