Սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով «Դերբի Քաունթրիին»՝ ՄՅՈՒ-ն անցավ Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ փուլ: Երեկվա հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր մտել մեկնարկային կազմում, սակայն ընդմիջումից հետո նա փոխարինվեց:
Հետխաղային մամուլի ասուլիսում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն լրագրողներին տեղեկացրել է, թե ինչու է այդ քայլին գնացել:
«Դա արդար չէր: Ես նրան ընդմիջմանը նրան ասացի, որ ստիպված եմ դա անել: Մխիթարյանը դրան արժանի չէր, նա լավ էր խաղում: Նա սխալվեց մի քանի դրվագում, սակայն ընդհանուր առմամբ լավ էր խաղում եւ թիմին դինամիկա էր հաղորդում: Ես պարզապես մտածեցի, որ Մարկուսն այսօր հաստատ գոլ չի խփի, դրա համար ժամանակ չկորցրի եւ խաղադաշտ մտցրեցի Ռոմելուին: Ես ստիպված էի խաղացողներից մեկին զոհաբերել, թեեւ չէի ցանկանում, որ դա Միկին լիներ: Սակայն ստիպված էի անել այն, ինչը սովորաբար չեմ անում: Ես սովորաբար ընդմիջմանը ֆուտբոլիստ չեմ փոխում: Նա դրան արժանի չէր եւ ես ամբողջ թիմի առջեւ դրա համար Միկիից ներողություն խնդրեցի», – հայտարարել է Ժոզե Մոուրինիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ manutd.com-ի