Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ դաժե Նիկոլը շուռ եկավ եւ ասաց՝ ժուռնալիստներից ավելի ցածրորակ պատգամավորներ կան». Բոստանջյան

Հունվար 06,2018 14:57

ԱԺ խորհրդի վերջին նիստում քննարկվել է ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխությունների հարցը, եւ ուշագրավ է, որ ըստ մամուլի հրապարակումների, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատգամավորներին առաջարկել է լրագրողների իրավունքներն ԱԺ-ում սահմանափակել եւ նույնիսկ սանկցիաներ կիրառել այն լրագրողների նկատմամբ, որոնք ԱԺ օրակարգից դուրս հարցերի վերաբերյալ նյութեր կհրապարակեն:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Բոստանջյանը բացատրեց, թե ինչ է ինքը նկատի ունեցել: Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստերը փակ են ԶԼՄ-ների համար:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ ես ո՞նց կարող է ընդդեմ լրագրողների խոսեմ. «Ես ասել եմ հետեւյալը՝ բոլոր դեպքերում մենք պետք է մի տարբերակ գտնենք…լրագրողներ կան, որ նայում են՝ մեկը փռշտաց, սա արեց, նա արեց, այնպես անենք, որ այդպիսի ժոռնալիստները չորակվեն՝ որպես այդպիսին: Ինձ դաժե Նիկոլը շուռ եկավ եւ ասաց՝ պարոն Բոստանջյան, խոշոր առումով ես չեմ կարողանում դեմ լինել ձեր ասածին, բայց ժուռնալիստներից ավելի ցածրորակ պատգամավորներ կան, որի պարագայում դժվար է կասեցնել այդ պրոցեսը: Ես ասել եմ, որ ժուռնալիստները պետք է ապահովեն հնարավորինս բարձր մասնագիտական մակարդակ եւ խոշոր առումով այն փոքր ինտրիգները, իսկ այդպիսիք, որ կան, չեք կարող հերքել…Ես կոնկրետ ասել եմ՝ գտնենք միջոց, որ հավատարմագրման չանցնեն այնպիսի ժուռնալիստները, որոնք հակված են բացառապես սարկաստիկ երեւույթներ ստեղծելու, բստրելու եւ կայքերում տեղադրելու, ես դա՛ եմ ասել»:

Վարդան Բոստանջյանն ասաց, որ այսպես ասած իր խոսքերը «սվաղելու» եւ շտկելու մտադրություն չունի, լրագրողների հետ ամենաշատ շփվող եւ հարցազրույցներ տվող պատգամավորներից է եւ բացարձակապես չի մերժում լրագրողներին, պարզապես գտնում է, որ այն լրագրողները, որոնք լուրջ լրատվությամբ չեն զբաղվում, նրանց համար պետք է սահմանափակումներ լինեն ԱԺ-ում. «Այն լրագրողները, որոնք հակված են բացառապես սարկաստիկ, պախարակող նյութեր հրապարակել, մարդկանց ռեյտինգը՝ վարկանիշը ցածրացնեն…իհարկե, հասկանալի է, որ սոցիալական կայքերը երեւի թե դրանով էլ պիտի զբաղվեն, չեն կարող չզբաղվել, բայց օրինակի համար, եթե ԱԺ-ի դուռը զերծ պահեինք նման տիպի այսպես կոչված լրագրողներից, ես չգիտեմ՝ դա մեզ կհաջողվի, թե չէ, դա կարեւոր չի, բայց ո՞նց կարող է պատահի ես ասեմ սանկցիաներ կիրառենք, Ռուսաստանն եմ, ինչն եմ, նման բան չի կարող լինել»:

Հարցին՝ Դուք չե՞ք առաջարկել սանկցիաներ կիրառել այն լրագրողների նկատմամբ,որոնք ԱԺ օրակարգից դուրս հարցերի վերաբերյալ նյութեր կհրապարակեն՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ես խորհրդի ժամանակ, հեն է, զապիսները կան, ասել եմ՝ զերծ պահեն ԱԺ-ն բոլոր այն այսպես կոչված ժուռնալիստներից, որոնք օրակարգի, օրենքների կարեւորության կամ դրանց ուժեղ ու թույլ կողմերը չեն ուսումնասիրում ու լուսաբանում, այլ սպասում են տեսնեն ով հայհոյեց, ով ում վրա հարձակվեց»:

Մենք հետաքրքրվեցինք՝ խորհրդի նիստում պատգամավորեր կայի՞ն, որ համամիտ էին Ձեզ հետ՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Իհարկե, կային, բայց բոլոր դեպքերում Շարմազանովը, Բաղդասարյանն ասացին, որ բացարձակապես կաշկանդել պետք չի ժուռնալիստներին, իրենք ավելի ժողովրդավարական սկզբունքներով ասացին, որ անկախ ամեն ինչից, մենք իրավունք չունենք նման բաներ անելու: Բայց ես ոչ մի վատ բան չեմ ասել: Նիկոլը ինձ լավ կասեցրեց, ասաց՝ պարոն Բոստանջյան, որքան էլ մարդ ուզենա ձեր հետ համաձայնել, բայց արեք առաջին հերթին լուծենք այն պատգամավորների հարցը, որոնք ավելի ցածր մակարդակ ու որակ ունեն, քան թե այդպիսի ժուռնալիստները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031