Վրաստանի դատարանը մեղավոր է ճանաչել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և դատապարտել երեք տարվա ազատազրկման: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նրան մեղավոր են ճանաչել նախագահելիս վրացի բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության մասին տեղեկացված լինելու ու այդ մասին չհայտնելու, նախագահի լիազորությունները օգտագործելու ու ապացույցները քողարկելու, ինչպես նաև սպանության գործով դատապարտված 4 անձանց ներում շնորհելու համար:
Հայտնի է, որ Վրաստանը ցանկանում է հասնել Ուկրաինայի կողմից Սաակաշվիլիի արտահանձմանը, ուր վերջինս ծավալել է ակտիվ ընդդիմադիր գործունեություն:
Ուկրաինական կողմը հատնել է, որ կհետևի իրավական ընթացակարգին՝ Սաակաշվիլիին արտահանձնելու հնարավորության հարցում: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ մոտ ժամանակներում կնշանակվի օր՝ վրացական կողմի դիմումի հիման վրա Սաակաշվիլիին հարցաքննելու համար:
Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին դատապարտել է դատարանի որոշումը:
«Նրանք փորձում էին որևէ բան գտնել ինձ մեղադրելու համար, սակայն քանի որ նախագահ եղած ժամանակ աշխատել եմ օրենքի սահմաններում, այդպես էլ ոչինչ չգտան, անգամ աշխարհի լավագույն հետաքննողների վարձելուց հետո: Դրա համար նրանք ստիպված էին դատապարտել ինձ անհիմն մեղադրանքների միջոցով, քանի որ ինձ դատապարտելու հարցում կա Պորոշենկոյի և Իվանիշվիլիի պայմանավորվածությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին: