Մեծ է աստվածպաշտության Խորհուրդը
Աստված մարմնով հայտնվեց…
Ա Տիմոթեոս 3:16
Օրացույցի այս օրը՝ հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով: Խավար աշխարհը լուսավորվեց նոր, երկար սպասված Լույսով:
Հունվարի վեց՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն. աշխարհի բյուրավոր ծնունդների մեջ միակ Սուրբ Ծնունդը՝ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Ծնունդը:
Երկու հազար և ավել տարիներ ողջ աշխարհին ավետվում է Քրիստոսի հրաշափառ Ծնունդը: Դարեդար հնչելով՝ չի լռում այս օրհներգությունը. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:
Ի՞նչ խորհուրդ ունի այս օրը յուրաքանչյուրի կյանքում, արդյո՞ք չի սահմանափակվում միայն տոնը նշելու արտաքին դրսևորումներով՝ բացառելով ներքին բովանդակությունը:
Այնինչ, երբ մարդն իրապես կարողանում է մասնակից լինել և ապրել տոնի ներքին և անպատմելի խորհրդին, ապա այն վերածվում է կյանքում կարևոր և ոչնչով չփոխարինվող մի իրողության:
Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Ծնունդը
Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է:
«Եվ ահա վրա հասավ ժամը,- ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- տոներից ազնվագույնն ու կարևորագույնը՝ Քրիստոսի Ծննդյան օրը: Ով այն տոների սկիզբ կոչի, երբեք չի մեղանչի, քանզի եթե Քրիստոս մարմնակերպ չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը, եթե չխաչվեր, չթաղվեր կամ հարություն չառներ, ուրեմն չէր լինի հարության տոնը: Այսպիսով, Քրիստոսի Ծնունդով ծնունդ առան մյուս տոները, ինչպես ակունքից բխող բազմաթիվ աղբյուրներ»:
Աշխարհի Փրկիչը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ծնվել է Սուրբ և Անարատ Կույս Մարիամից`Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հռոմի Օգոստինոս կայսրի, Աբգար թագավորի օրոք:
Հին ուխտի մարգարեները, մի քանի հարյուրամյակ առաջ, հստակորեն կանխատեսել են «փառաց թագավորի» ծննդյան ժամանակը և տեղը: Այդ մարգարեությունների համաձայն՝ Հիսուս Քրիստոս պետք է ծնվեր Դավիթ թագավորի հայրենի հրեական Բեթղեհեմ քաղաքում, միևնույն ճյուղից սերող Կույս Մարիամից:
Միքիա մարգարեի կանխասացությամբ մարդկության օծյալ Փրկչի Ծնունդը պետք է տեղի ունենար Բեթղեհեմ քաղաքում, որը, սուրբ հայրերի վկայությամբ, եբրայերեն նշանակում է հաց, հացի տուն, մարմին: «Եվ դո՛ւ, ով Բեթղեհե՛մ, Եփրաթայի սակավամա՛րդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և Նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա 5:2-3):
«Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7:14): «Հեսսէի արմատից գավազան պիտի ընձյուղվի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից: Նրա վրա պիտի իջնի Աստծո հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին» (Եսայի 11:1-2):
Այս երկար ու ձիգ տարիների ընթացքում Տերը նախապատրաստում էր աշխարհը` Փրկչի Ծննդյան մեծագույն իրադարձությանը:
Երբ մոտենում էր Նրա երկիր մուտք գործելու ժամանակը, Հռոմի Օգոստոս կայսեր կողմից ողջ երկրում մարդահամարի անցկացման հրաման տրվեց, ըստ որի յուրաքանչյուր հռոմեական հպատակ պարտավոր էր գրանցվել իր հայրենի քաղաքում: Հովսեփն ու Մարիամը, որ սերում էին Դավթի ցեղից, Գալիլիայի Նազարեթ քաղաքից գնացին Բեթղեհեմ: Այդ փոքրիկ քաղաքում, մարդահամարի պատճառով, հյուրանոցում ոչ մի ազատ տեղ չգտնվեց, այնպես որ Հովսեփն ու Մարիամը ստիպված գիշերեցին քաղաքից դուրս այն քարայրում, որ որպես նախրատուն էր ծառայում: Այստեղ՝ քարայրում, Սուրբ Կույսը առանց ցավի ծնեց Աստվածորդուն՝ աշխարհի Փրկչին, ապա Աստվածամայրը, բարուրելով մանկանը, դրեց մսուրի մեջ:
Այս մեծագույն իրադարձության մասին առաջինը իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Այսպես հեզ և բարի հովիվները առաջինը արժանի ճանաչվեցին խոնարհվելու Նրան, Ով իջել էր երկնքից մարդկանց մոտ՝ հանուն նրանց փրկության: «Թեև Աստված էր բնությամբ, և Աստծուն հավասար լինել հռչակվելը նրա համար Աստծո պատիվը հափշտակել չէր նշանակում, բայց կամովին Ինքն Իրեն մերկացրեց այս պատվից՝ ծառայական մեր բնությունն իր վրա վերցնելով, և մարդկանց պես եղավ ու մարդկային կերպարանքով ճանաչվեց» (Փիլիպպեցիներ 2:6-7):
Մոգերը և նրանց ընծաները
Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր նաև Բեթղեհեմի երկնքում հայտնված հրաշալի աստղի միջոցով: Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրոք, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև Նրա աստղը տեսանք արևելքում և եկանք երկրպագելու»: Ավանդությունը հիշում է նրանց անունները՝ պարսիկների թագավոր Մելքոնը, հնդիկների թագավոր Գասպարը և արաբների թագավոր Բաղդասարը: Երբ մոգերը եկան Բեթղեհեմ, Սուրբ ընտանիքն արդեն ապրում էր մարդահամարից հետո ազատված քաղաքի տնակներից մեկում: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել Մանկանը՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ մեռնողի: Մանկանը երկրպագելուց և ընծաները նվիրելուց հետո, մոգերը երազի մեջ Աստծուց հրաման ստացան չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ գնան իրենց երկիրն այլ ճանապարհով: Այսպիսով,
Փրկչին խոնարհվում են մարդկային իմաստությունը՝ հանձինս մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձինս հովիվների, այսինքն՝ ամենահասարակ և ամենակրթված մարդիկ: Այս ամենով պարզ է դառնում, որ Աստծո կողմից ընդունելի է յուրաքանչյուրը:
Հունվարի 6-ին նշում ենք ոչ միայն Հիսուս Քրիստոսի ծնունդը, այլ նաև մկրտությունը
Ինչպես Հիսուս Քրիստոսի Ծննդյան, այնպես էլ Նրա մկրտության ընթացքում տեղի ունեցան մեծագույն և խորհրդավոր իրադարձություններ:
Երբ լրացավ Հիսուսի երեսուն տարին, Նա Գալիլեայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Սակայն Հովհաննեսն ընդդիմացավ. «Ի՛նձ պետք է, որ Քեզնից մկրտվեմ, և Դու ի՞նձ մոտ ես գալիս»:
Հիսուսը պատասխանեց. «Թո՛ւյլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն»: Եվ ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց: Իսկ երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ Նրա վրա, և երկնքից ձայն եկավ. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը»: Քրիստոս Իր մկրտությամբ օրինակ տվեց. Ինչպես Ինքը մկրտվեց, այնպես էլ բոլոր Նրա հետևորդները պետք է մկրտվեն: Նա Իր մկրտությամբ սրբագործեց և օրհնեց այն ջուրը, որ պետք է ծառայեր մարդու փրկչական մկրտության համար: Այդ նույն մկրտությամբ Հիսուս բացեց երկնային հավիտենականության դռները, քանի որ մկրտությունը «մեղքի մահն է և հոգու վերածնունդը» (Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի):
Բեթղեհեմի գիշերն Աստվածհայտնություն է՝ Աստված մարմնով հայտնվեց մեր մեջ:
Հիսուսի մկրտվելն Աստվածհայտնություն է՝ Աստված տեսանելի կերպով հայտնեց իրեն Երրորդության մեջ. Որդի Աստված՝ ջրերում, Սուրբ Հոգի Աստված՝ աղավնակերպ իջնելիս, Հայր Աստված երկնքից ձայնելիս:
Ի հիշատակ Քրիստոսի մկրտության Սբ. Ծննդյան Պատարագից անմիջապես հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն:
Հայ եկեղեցին Սբ. Հոգու առաջնորդությամբ միացնում է երեսուն տարիներով բաժանված այս երկու իրողությունները:
Մինչև 4-րդ դար բոլոր քրիստոնյաներն այս տոնը նշում էին հունվարի 6-ին: 5-րդ դարից սկսած արևմտյան եկեղեցիներն (336 թ.) այն տեղափոխեցին դեկտեմբերի 25-ին, փորձելով ազատվել արևի ծննդյան (ձմեռային արևադարձի) հեթանոսական տոնից՝ այն փոխարինելով Աստվածհայտնության՝ «իսկական Արեգակի», «Իմանալի լույսի» տոնով: Սբ. Ներսես Շնորհալու Աղեքսին գրած թղթում կարդում ենք, որ տոները մեկ օրում չնշելու պատճառներից էր նաև Բեթղեհեմի և Հորդանանի պարագան: Այդ ուխտի տեղերը իրարից հեռու էին, և երկու տոները մեկ օրում հնարավոր չէր կատարել:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավանդապահորեն չփոխեց առաքելական ժամանակներից սահմանված կանոնն ու առ այսօր պահպանել է հնավանդ սովորությունը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Մկրտության տոնը կատարելով հունվարի 6-ին:
Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:
Սբ. Ծննդյան երջանկության զգացողությամբ, եթե մենք էլ բանանք մեր սրտի դուռը, ապա Քրիստոսի խոստման համաձայն, Նա կծնվի և կհայտնվի մեր մեջ, մեր սրտում: Եվ Նրան մեր մեջ կրելով, բյուրավոր հրեշտակների խմբերին երգակցելով՝ մեկս մյուսին կփոխանցենք ողջ աշխարհն ու մեր ներաշխարհը լուսավորող փրկության ավետիսը.
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ….
Կազմեց Կարինե Սուգիկյանը