Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի «սիրառատ» նամակագրական կապի արդյունքը

Հունվար 05,2018 20:09

«Գուցե ոմանց համար զավեշտալի, կամ, առնվազն, տարօրինակ թվա ԱՄՆ նախագահի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև ծայր առած այս հեռակա «սիրառատ» նամակագրական կապը, բայց այն հստակորեն արտացոլում է մի իրողություն` խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մի կողմից Չինաստանի ու Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ, Ճապոնիայի և Վաշինգթոնի այլ տարածաշրջանային դաշնակիցների միջև ներկայիս ռազմաքաղաքական բալանսն ապահովվում է հենց հյուսիսկորեական ռեժիմի առկայության շնորհիվ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանն`անդրադառնալով ԱՄՆ եւ Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության նախագահների թվիթերյան գրառումներին:

Հիշեցնենք, Կիմ Չեն Ընը թվիթերի իր էջում գրել էր. «ԱՄՆ-ի ողջ տարածքը հասանելի է մեր միջուկային հրթիռների համար, և դրանք արձակելու կոճակը մշտապես իմ սեղանին է: Սա սպառնալիք չէ, այլ իրականություն»: Իր պատասխան գրառման մեջ ԱՄՆ նախագահը գրել էր. «Ինչ որ մեկը նրա սպառված ու սոված ռեժիմից խնդրեմ թող նրան տեղեկացնի, որ ես էլ ունեմ միջուկային կոճակ, բայց այն ավելի մեծ է եւ ավելի հզոր, քան իրենը, եւ իմ կոճակն աշխատում է»:

Ըստ մեր զրուցակցի, այն պահին, երբ ինչ-ինչ պատճառներով վերանա կամ վերացվի հյուսիսկորեական ռեժիմը, կխախտվի նաև առկա հավասարակշռությունը, ինչը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ առնվազն տարածաշրջանի մի շարք պետությունների համար: «Կարծում եմ, որ Վաշինգթոնում վաղուց են մտմտում նախագահ Թրամփի այսօրինակ նամակների հասցեատիրոջը ֆիզիկապես վերացնելու հնարավորությունների մասին, սակայն նման գործողության հետևանքները շատ ավելի լայն ընդգրկում են ունենալու և դրանք դժվար է հաշվարկելն անգամ ԱՄՆ համար: Կարծում եմ, որ հենց այդ պատճառով ԱՄՆ գործող վարչակազմը կնախընտրի ԿԺԴՀ-ին խեղդամահ անել տնտեսական պատժամիջոցների օգնությամբ: Սակայն այստեղ ևս խնդիր կա` նախ, հավանաբար, անհնար է հաշվարկել պատժամիջոցների կիրառման քանակական այն շեմը, որն անցնելուց հետո Կիմ Չեն Ընը կարող է առաջինը միջուկային կոճակը սեղմել, իսկ բացի այդ էլ պարզ չէ, թե, օրինակ, Չինաստանը որքանով պարտաճանաչ կգտնվի պատժամիջոցներն ամբողջ ծավալով կիրառելու հարցում: Այդուհանդերձ, գտնում եմ, որ հյուսիսկորեական միջուկային ծրագիրը չեզոքացնելու հիմնախնդիրն իր հանգուցալուծումը կունենա առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում»,-ասաց Արման Մելիքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031