«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Փարիզ, ուր նախատեսված են բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Այցից առաջ Էրդողանը Ստամբուլում հայտարարել է, թե մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիայի հետ քննարկել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, Իրավիճակը Սիրիայում, Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ, Երուսաղեմի կարգավիճակն ու պայքարը ահաբեկչության դեմ:
Ֆրանսիայի նախագահն իր հերթին ավելի վաղ ասել է, թե անդրադառնալու է նաև Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման ու խոսքի ազատությունը ճնշելու դեպքերին:
Մինչ Էրդողանի այցն, այսօր «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացրել Փարիզում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ թուրքական բանտերում պահվող լրագրողների նկարներով:
Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, թե 2016-ին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վարչակազմը լայնածավալ բռնաճնշումներ է սկսել ընդդիմադիրների ու անկախ լրատվամիջոցների դեմ:
Վերջին մեկուկես տարում 50 հազար մարդ է ազատազրկվել, մոտ 150 հազարը հեռացվել աշխատանքից:
Հեղինե Բունիաթյան