Լրահոս
Օրվա լրահոսը

Ճրագալույց. անվան նշանակություն, ավանդություն

Հունվար 05,2018 15:50

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին:

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:

Եկեղեցական կյանքում նվիրագործված ավանդության համաձայն՝ նոր օրն սկսվում է տվյալ օրվա երեկոյից (սկսած ժամը 18.00-ից): Ահա այս պատճառով, համաձայն Հայոց եկեղեցու հնավանդ կանոնների, տաղավար տոներից Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան իսկ՝ ճարագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Սուրբ Ծննդյան նախորդ օրը՝ հունվարի 5-ին, Հայ եկեղեցում կատարվում է ճրագալույցի հանդիսավոր արարողությունը: Հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով և «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը: Երեկոյան ժամերգությունից հետո ընթերցում են Սուրբ Գրքից հատվածներ: Ընթերցվում է Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից (Ղուկաս 1.26-38), ինչպես նաև հատվածներ Ղուկասի (2.8-20) և Մատթեոսի ավետարաններից (1.18-25): Բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում: Ապա պատարագիչը բարձրանում է խորան և զգեստավորվում: Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Տիրոջ գալուստը վկայող մարգարեությունները: Երեկոյան կատարվող այս ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լույսի ներքո, խորհրդանշում են մարգարեների աղոտ ծագումը Արդարության Արեգակի հայտնվելուց առաջ: Եվ հինը խառնելով նորի հետ՝ տոնախմբում ենք գալիք օրվա հիշատակը: Ապա ընթերցվում է Դանիելի մարգարեությունից հատվածներ, բացվում է Սուրբ Խորանի վարագույրը և սկսվում է Սուրբ Պատարագի արարողությունը:

Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի հիշատակը: Այն Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստությունն է: Սուրբ Գրիգոր Աստվածաբանի խոսքով. «Այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա մեծ լույսի ծագման: Եվ ինչպես թագավորի գալստյան ավետիսը լսելով՝ նրան սիրողներն ուրախանում ու պատրաստություն են տեսնում կամ ջահերով ընդառաջ գնում նրան, նույնպես էլ մենք»:

Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետև ցերեկով էլ էր երևում, և որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը: Հնավանդ ժողովրդական սովորության համաձայն՝ ճրագալույցի երեկոյան մարդիկ այցելում են միմյանց՝ տոնի ավետիսը փոխանցելու:

Ճրագալույցի երեկոն կոչվում է նաև խթում, այն ուտիքի նախատոնակն է: Նախընտրելի է այդ օրվա ընթրիքը պատրաստված լինի ձկնեղենից, կաթնեղենից ու բանջարեղենից, բայց առանց մսի: Այդ օրը ո՛չ պահքի մեջ ենք, ո՛չ էլ ամբողջովին՝ ուտիքի, այլ այդ երկուսի միջինի՝ նավակատիքի, որովհետև դեռևս չի սկսվել բուն տոնը, այլ միայն՝ նախատոնակը:

Սուրբ Ծննդյան նախատոնակը կատարվում է գիշերը, քանի որ ըստ մարգարեության՝ լույս ծագեց կռապաշտության և անգիտության խավարում, որի պատճառով էլ այսուհետև խավարը տեղի է տալիս և բազմանում է լույսը՝ ըստ Եսայի մարգարեի խոսքի. «Թագավորները գալու են դեպի Քո լույսը, հեթանոսները՝ դեպի Քո լույսի փայլը» (Եսայի 60.3): Իսկ մոգերն աստղի լույսով առաջնորդվեցին՝ գալով դեպի ծագած Լույսը՝ ըստ այն խոսքի, թե. «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթեոս 4.16):

Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մինչև հունվարի 13-ը կատարվում է նաև Սուրբ Ծննդյան տնօրհնեք:

surbzoravor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur lazarian says:

    Գրաբարեան ‘լուցանեմ’ բայից է առաջացել նաեւ արդի հայերէնի ԼՈՒՑԿԻ բառը:

    ***

    Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Մեծ աւետիս բոլորիդ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031