Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանին չի զարմացրել այն, որ 2018-ի առաջին օրերը Հայաստանի համար սկսվեցին դիզվառելիքի, բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումներով:
Չզարմանալու առիթը`միջազգային շուկաներում վերջին շրջանում գրանցվող գնային տատանումներն էին: Տնտեսագետը նաեւ նկատում է`առաջին անգամ չէ, որ տարին նման թանկացումներով ենք սկսում: Բայց, Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ խուճապի մատնվելու կարիք չկան:
«Ընդհանուր գործընթացն ու միջավայրն, ընդհանուր առմամբ կառավարելի են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա: Դիզվառելիքը, բենզինը եւ ավտոմեքենաների լիցքավորման գազը դեռ կեժանանա՞ն, թե`ոչ, մեր զրուցակիցը դժվարանում է կանխատեսումներ անել. «Դրանք ներմուծվող ապրանքներ են, իսկ մենք չենք կարող ազդեցություն ունենալ արտաքին գործոնների եւ շուկաների վրա: Բայց, չեմ բացառում, որ կարող են լինել նաեւ այլ միտումներ, ուստի, կարծում եմ, որ պետությունն իր կարգավորիչ գործառույթները հստակ պետք է իրականացնի. ՏՄՊՊ-ն եւ պետական այլ պատկան մարմինները պետք է հստակ պարզեն, թե ինչի՞ հետեւանք էին այս թանկացումները եւ ինչպե՞ս դրանք կարելի է մեղմել, եթե հնարավոր է մեղմել»:
Հարցին`արդյոք դիզվառելիքի, բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման գազի պաշարներ չունենք, դրա համար էլ, երբ միջազգային շուկայում գների թանկացում է գրանցվում, Հայաստանում անմիջապես անդրադառնում է, տնտեսագետն ասաց. «Ճիշտ եք, պետական պահուստները պետք է ավելին լինեն, ոչ թե մեկ-երկու-երեք ամսվա համար: Հատկապես չավարտված պատերազմի պայմաններում գտնվող տնտեսությունը, բոլոր առումներով, մանավանդ ռազմավարական նշանակության ապրանքների գծով, իր պահուստներին պետք է հատուկ ուշադրություն դարձնի: Այդ մասին քանիցս ենք ասել»:
Մեր զրուցակիցը չի կարծում, որ այս թանկացումը կբերի շղթայական թանկացումների: «Եթե հաշվի առնենք Ամանորից առաջ առեւտրի մեծ ծավալները եւ այն, որ Ամանորից հետո կտրուկ նվազում են առեւտրի ծավալները, դա բերում է նաեւ մի շարք ապրանքատեսակների գնանկման: Կարծում եմ, այս առումով, մեկը մյուսով կկոնպենսացվի`զուտ միջին տոկոսային հարաբերությամբ: Բայց ներմուծվող ապրանքների գծով, պետք է հետեւենք արտաքին շուկաների միտումներին եւ ըստ դրա գնաճային երեւույթները փորձենք հասցնել նվազագույնի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ