«Ամերիկայի ձայն». Իրանում բողոքավորների դեմ բռնություն կիրառած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն, հայտարարել է այսօր ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը
«Մենք բավարար հնարավորություններ ունենք, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր բռնություն են կիրառում Իրանում ցուցարարների դեմ, ովքեր գրաքննություն են իրականացնում եւ ովքեր հափշտակում են Իրանի ժողովրդի միջոցները»:
Պետքարտուղարությունը գնահատում է Իրանում անցկացվող ցույցերը որպես արժանապատիվ վերաբերմունքի արժանանալու, կոռուպցիային վերջ տալու, երկրում կառավարման համակարգի թափանցիկությունն ավելացնելու ու տնտեսությունը զարգացնելու Իրանի ժողովրդի պահանջ: «Ցուցարարները պահանջում են նաեւ, որպեսզի վարչակարգը դադարեցնի ազգային հարստությունը մսխել արտերկրում զինված անձանց ֆինանսավորման վրա: Ցավոք, Իրանի կառավարությունը շարունակում է բանտարկել եւ սպանել այն համարձակներին, ովքեր դուրս են գալիս փողոց», – նշված է հայտարարության մեջ:
«Մենք աջակցում ենք Իրանի ժողովրդի օրինական ձգտումները եւ կոչ ենք անում երկրի իշխանություններին թույլ տալ գաղափարների եւ տեղեկատվության ազատ փոխանակումը: Բոլորը պետք է օգտվեն նույն հիմնական տնտեսական եւ քաղաքական ազատություններից, այդ թվում եւ խաղաղ ցույցերի իրավունքից»:
Հայտարարության մեջ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կտրուկ քննադատում է մոտ հազար քաղաքացիների ձերբակալելու եւ ավելի քան երկու տասնյակ անձանց սպանելու իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը։
«Վարչակարգի զոհերին մենք ասում ենք. Ձեզ չենք մոռանալու»: