Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՁԱՅՆ

Հունվար 05,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասնութերորդ

ՄԻԱՁԱՅՆ

Եվ հայրս մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «ռեժիսորականիդ հարցում Ֆրունզը հաստատ կօգնի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց  ու ասաց՝ «եթե պիտի Ֆրունզի օգնելով ընդունվեմ, ավելի լավ ա՝ չընդունվեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի լավ ա՝ ըսենց ժիվոպիսեց էլ մնամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մանավանդ որ՝ հիմա արդեն ոչ թե ուչենիկ եմ, այլ՝ իսկական ժիվոպիսեց», եւ հայրս  մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխատավարձդ էլ ա նորմալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Լուշան խոստացել ա, որ տարեվերջին աշխատավարձդ մի քիչ էլ կբարձրացնի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսքանից էլ եմ գոհ», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «ինձ էլ ա ձեռ տալի, որ մնաս ու հետներս աշխատես», եւ Վոլոդյան, որ էդ պահին «ԿԵՑՑԵ՜ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» լոզունգն էր տրաֆարետով տպում, ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ինձ էլ ա ցեռ տալիս, ոռ մնաս մեր խետ», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «ուղղակի ափսոսում եմ, որ  էսքան  կարդացածդ Ստանիսլավսկին կարող ա հեչ ըլնի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «էս ընթացքում լիքը ուրիշ բաներ էլ եմ կարդացել», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «առավել եւս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուզում եմ, որ քո սրտով լինի, Ֆելո ջան», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու հորս ասաց՝ «ես քեզանից շատ շնորհակալ եմ, Ուստա Հակոբ» եւ Վոլոդյային նայելով ավելացրեց՝ «քեզանից էլ եմ շատ գոհ, Ուստա Վալոդ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «դուք իմ համար իսկական մեծ ախպեր եք էղել», եւ  հայրս Ֆելոյին ասաց՝ «մենք էլ քեզանից ենք շատ գոհ, Ֆելո ջան» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ուղղակի ուզում ենք, որ քո սրտով լինի», եւ Ֆելոն բավական երկար մտածեց ու ասաց՝ «մյուս ամառը կգա՝ բարին հետը», եւ Ֆելոյի էդ խոսքից շուրջ մի տարի անց հաջորդ ամառն իսկապես եկավ՝ հետը բարին բերելով, եւ տվյալ դեպքում բարին Ֆելոյի ռեժիսորական ընդունվելն էր, եւ չնայած Ֆրունզիկն իսկապես Ֆելոյի համար բարեխոսել էր,  քննությունից հետո ռեկտորն անձամբ Ֆրունզիկին էր ասել, որ եթե Ֆրունզիկը Ֆելոյի համար չմիջնորդեր էլ, Ֆելոն հարյուր տոկոսով ընդունվելու էր, որովհետեւ մասնագիտական քննության ժամանակ Գուլակյանը Ֆելոյին լրացուցիչ հարց էր տվել Ստանիսլավսկու մասին, եւ Ֆելոն  էնպես էր բլբլացել, որ Գուլակյանի բերանը բաց էր մնացել, եւ քննական հանձնաժողովի նախագահն էլ Աճեմյանն էր եղել, եւ երբ Գուլակյանն Աճեմյանին քննասենյակ էր հրավիրել եւ Ֆելոյին խնդրել էր շարունակել Ստանիսլավսկու թեման, եւ երբ Ֆելոն ավելի ոգեւորված շարունակել էր, Աճեմյանի բերանն էլ էր բաց մնացել, ու էդպես բաց բերաններով Ֆելոյին միաձայն «գերազանց» էին նշանակել, եւ քննությունից հետո անձամբ Գուլակյանն ու անձամբ Աճեմյանն անձամբ Ֆրունզիկին շնորհակալություն էին հայտնել, որ Ֆելոյի համար միջնորդել է:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել