Լրահոս
Օրվա լրահոսը

«Շան կերպարը քաղաքականության մեջ»

Հունվար 04,2018 21:58

Թեև ասում են, որ շունը մարդու բարեկամն է` որպես այդ կենդանու նկատմամբ ջերմ վերաբերմունքի տարածված արտահայտություն, այնուամենայնիվ, հայերենում կան այդ կենդանու վարքագծի բազմաթիվ հակասական արտահայտություններ:

Ավելին, իրարամերժ և երկիմաստ է դառնում շան դերը, երբ այն դիտարկվում է քաղաքականության մեջ:  Որպես կանոն, երբ ոմանք իրար հետ գժտված վիճակում են կամ շունն ու կատու են իրար հետ, ժողովուրդն համերաշխ ապրելու կոչ է անում մի դռան շան նման յոլա գնացեք: Իսկ երբ առերես անգամ հարգալից են, իրականում արհամարհում են միմյանց կարծիքները, որի դեպքում սովորաբար ասում են իրար շան տեղ չեն դնում, իսկ լավագույն դեպքում ասում են թող շունը հաչա` քամին փչի:  Սա, թերևս արդարացված է այն ժամանակ, երբ մեզ հայտնի գործիչներից ոմանք սիրում են անընդմեջ նույն թեմայի շուրջ անպտուղ խոսակցություններ ծավալել, իրենց ինչ-որ կերպ «դրսևորելու» համար` զազրախոսել, այլ խոսքով շան հացը կտրել:  Սա է պատճառը, որ ոմանք որևէ վտանգ չեն էլ կարող ներկայացնել իրենց հակառակորդներին. նրանց մասին էլ ասում են հաչացող շունը չի կծում:  Իրականում, փորձված քաղաքական հակառակորդները ներքին ձայնով կամ սուր զգացողություն, այլ խոսքով, շան հոտառությամբ և վտանգի սրված կանխազգացողությամբ, տիրապետում են նաև տելեպատիայի որոշ հիմունքների և երբ այն արդարանում է, ասում են շան անունը տուր, փայտը վերցրու ձեռքդ:  Իսկ մեկ այլ պարագայում, երբ փայտն արդեն ձեռքիդ է, խորհուրդ է տրվում. շանը փայտ պարզիր, բայց մի խփիր:  Հատկապես պետք չէ խփել երբ խոսքը սեփական շանն է վերաբերվում, քանի որ անգամ զայրույթի պահին յուրայինին կամ ղեկավարին հնազանդ շունը տիրոջը չի կծում:

Գաղտնիք չեն նաև անինքնասեր անձինք քաղաքականության մեջ, որոնցից շատերն անգամ խուսափում են, բայց նրանք, որպես կանոն, շան երես ունեն և շարունակում են միաժամանակ մի քանի ազդեցիկ ուժերի կամ անձանց ծառայելու, հաճոյանալու փորձերը (երբ ժողովուրդը զգուշացնում է, որ խոսք տանող – բերողը` ոսկոր բերող շունը ոսկոր էլ տանում է), և որի համար կա նաև մեկ այլ դիպուկ արտահայտություն. երկու տիրոջ շուն են դառնում, ի վերջո մնալով առանց քաղաքական «տանիքի» կամ ավելի պատկերավոր` անտեր շուն:  Դրանք հիմնականում բարոյազուրկ մարդիկ են, որոնց համար ժողովրդական խոսք-խրատ կա. նամուսը շան առաջ գցել են, շունը չի կերել: Այս խրատն, իհարկե, ավելի հաճախ շրջանցվում է, քան կատարվում: Նամուսն, իհարկե, շունը չի կերել, բայց պարզվում է` շաքար կարող է ուտել:  Սա ընկալվում է որպես անարժան մարդուն բացառիկ  հնարավորության ընձեռում, որակելով որպես շաքարը շան բերան:

Կան այդ գործում առավել հաջողված գործիչներ, որոնք շան հոտառությամբ զգում են, թե որտեղ են ամենահամեղ պատառները և շնչակտուր վազքով, այն է` շուն խեղդելով, շտապում են քաղաքականության մեջ հայտնի ամեն գնով բարեկեցիկ տեղ զբաղեցնել և թագավորի շան տեղում հայտնվել: Իսկ երբ նման բարոյազուրկ անձը, որի տմարդի նկարագիրն ուղղակի որակվում է որպես շուն, շան որդի, երբևէ հայտնվում է խաղից դուրս, խղճալի վիճակում,  որպես փորձանքի պահին ձեռք չմեկնելու հիմնավորում ասվում է շունը կաղալով չի սատկի: 

Ընդհանուր առմամբ, այս ամենը բոլորովին պատահական չէ, քանի որ առայժմ քաղաքական դաշտն այնքան էլ ձևավորված չէ, ավելին, քաոսային է, որը ժողովրդական լեզվով որակվում է հետևյալ կերպ. շունը մարդու չի ճանաչում, կամ շունը տիրոջը չի ճանաչում:  Եվ նման իրավիճակում, անպարկեշտներն ամեն ինչ անում են ժողովրդից վերջին կտոր հացն էլ փախցնելու և հալածանքի գնով սեփական հարստությունը բազմապատկելու:

Իհարկե, բնության մեջ և կյանքում ամեն ինչ հավասարակշռված է և գալիս է պահը` ժողովրդին վնասներ հասցրածներին հատուցման, երբ ինչպես տարբեր երկրներում է պատահել, մարդիկ իրենց հալածողներին շան ծեծ են տալիս, կամ ի վերջո, շան սատակ անում, քանի որ համբերության բաժակը լցվում է, և այդ պահին լինում են նաև անզուսպ զայրույթի դրսևորումներ, երբ ինքնատիրապետման կորուստի դեպքում ասում են շներին կապեցին, իրեն բաց թողեցին:

Իսկ երբ բարոյազուրկների հանդեպ մարդիկ փորձում են ներողամիտ լինել, խորհուրդ է տրվում չկորցնել զգոնությունը, այլ խոսքով, շան հետ ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր:

Իսկ ոմանք գտնում են, որ պետք է խելամտորեն օգտագործել անգամ անցանկալի անձից կարողությունն ի շահ մարդկանց, որ անգամ փոքր արդյունք ստանալն էլ ոչնչից լավ է, ասելով, թե շնից մազ պոկելն էլ օգուտ է:  Ավելի ներողամիտ մարդիկ, ովքեր գտնում են, որ պետք է պատժելիս հաշվի առնել ավելի ընդհանուր շահը և հորդորում են. շանը խփիր, բայց տիրոջը խաթր արա:  Իսկ ոմանք էլ պարզապես փորձում են արդարացնել ամենատարբեր թերություններն ու արատները և պատճառաբանում, թե գյուղ չկա, որ շուն չլինի:  Այս ամենը հեռացնում է իրականությանն անաչառ գնահատական տալու հնարավորությունից և վերջապես պարզել հարցի բուն էությունը, այլ կերպ ասած, ամեն ինչ քողարկվում է և անհնար է դառնում պարզել, թե որտեղ է թաղված շան գլուխը:

Այս ամենը կարող է ընկալվել որպես կես-կատակ, կես-լուրջ: Իսկ եթե փորձենք մեկ ընդհանուր խորհուրդ քաղել տարվա խորհրդանիշից  թե’ սովորական կյանքի, թե’ քաղաքականության համար, հավանաբար դա անբարո գայթակղություններից զերծ մնալու պատվիրանը պետք է լինի` մի շնացիր:

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031