ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, որ վերջիններիս ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ ներքաշելու փորձեր են արվում: Այս ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ, որոնց ԱՄՆ-ում բնակվող մի ոմն անձնավորություն խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր:
Հարկ է նշել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Այս խաբեության հեղինակները կարող են տրամադրել փաստաթղթեր, որոնք արտաքուստ շատ նման են պաշտոնական փաստաթղթերի, սակայն դրանք կեղծ են:
Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մտադրություն ունեցողներին կոչ ենք անում զգույշ լինել նման կեղծարարներից:
Խաբեության հնարավոր զոհերին առաջարկում ենք դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին: Բացի այդ, խաբեության հետ կապված կասկածների մասին կարող եք հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպանությանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն