Հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարի չափը՝ 12.620.000 դրամ:
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է:
Նախնական տվյալներով պարզվել է, որ «Հայփոստի» ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետևել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գ. Հակոբյանը, որը Շահումյան գյուղում, օգտվելով «Հայփոստի» մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող: Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երևանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն