Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում մի շարք ապրանքատեսակների գների իջեցման և հետագա թանկացումները կանխարգելու ուղղությամբ

Հունվար 04,2018 20:02

Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Իրանի կառավարության ձեռնարկած որոշ քայլեր օգնեցին կայունացնել իրադրությունը:

«Կառավարությունը որոշ քայլեր արդեն ձեռնարկում է մի շարք ապրանքատեսակների գների իջեցման և հետագա թանկացումները կանխարգելու ուղղությամբ, որոնք նախանշան են կառավարության պատրաստականության լուծելու տնտեսական խնդիրները: Գործադիրին աջակցում է երկրի օրենսդիր մարմինը , որը նախատեսում է որոշումներ ընդունել այս ուղղությամբ»,- ասում է Մելիքյանը:

Ամերիկյան վերլուծաբաններն իրենց հերթին կարծում են, որ Իրանի իշխանությունները դասեր են քաղել արաբական երկրների հեղափոխություններից, ինչի արդյունքում իրավապահ մարմինների գործողություններն ավելի զուսպ էին՝ համեմատած նախորդ տարիների ընդվզումների հետ:

American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Ալեքս Վատանգան էլ գտնում է, որ այս վերջին իրադարձություններն ամենաարյունոտ բախումները չէին՝ չնայած շուրջ երկու տասնյակ զոհերին և ավելի քան 400 ձերբակալվածներին:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Իրանում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցվել էին հարյուրավոր զոհեր, իսկ հազարավոր մարդիկ ձերբակալվել էին և հայտնվել ճաղերի հետևում:

«Իրավիճակը փոխվել է: Վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Իրանի ժողովուրդն է առերեսվում ամբողջ իշխանությանը: 2009 թվականին պայքարը վարչակարգի ներսում էր երկու խմբավորումների միջև: Այժմ Իրանի ժողովուրդն է կանգնած իշխանության դեմ, և վարչակարգը պետք է լուրջ մտածի, թե ինչպես է գործում»,- ընդգծում է Հուշանգ Ամիրահմադին Ռութգերսի համալսարանից:

Ցույցերի ժամանակ ձերբակալություններին անդրադարձավ նաև Դերենիկ Մելիքյանը:

«Նախկին օրերին ձերբակալված պատանի ցուցարարներն արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մի հատված էլ պետք է անցնի դատական գործընթացի միջով: Իրավապահները հայտարարել են, որ եթե նրանց գործողություններում չհայտնաբերվի որևէ չարաշահում կամ այլ միտումներ, նրանք ևս ազատ կարձակվեն»,- նշում է Դերենիկ Մելիքյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031