Հունվարի 4-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում քննարկումներին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Ծրագրի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն նաև փորձագիտական շրջանակների ներգրավմամբ: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը:
Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն