Մարդը մինչև ծարավ չզգա ջուր չի խմի: Մարդը մինչև հիվանդություն չզգա բժշկի չի գնա:
Եկեք փորձենք պարզ բառերով հասկանալ, թէ ինչու է Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդն ամենակարևոր իրադարձությունն աշխարհի պատմության մեջ ու ինչ կապ ունի դա անձնապես ամեն մարդու կյանքի հետ: Որպեսզի սա հասկանանք, պիտի իմանանք, թե ինչ էր պատահել մարդու հետ Քրիստոսից առաջ:
Աստված մարդուն ստեղծել էր, որպեսզի նա իշխի երկրի վրա: Աստված օրհնել էր մարդուն ու նրան դրել բերկրության դրախտում: Մարդը պիտի ապրեր Աստուծո հետ հավիտյան, առանց դարդի ու ցավի, առանց տառապանքի, առանց ձանձրանալու, առանց վախի, առանց մահվան: Նա պետք է ապրեր ուրախ, երջանիկ ու Աստուծո հետ, քանի որ կյանքը միայն Աստծո հետ է:
Բայց մարդը անհնազանդություն արեց: Երբ նա հակառակվեց Աստծուն, մեծ սխալ գործեց ու չարն ընտրեց: Ու Աստծուն հակառակվելով՝ նա վիրավորց սեփական բնությունը: Մարդկային բնությունը հիվանդացավ ու դարձավ մահացու, ապականված բնություն: Մարդը սկսեց որոշումներ կայացնել, որոնք դրդվում են եսասիրությամբ, նախանձով, ագահությամբ, ինքնահավանությամբ և տեսակ-տեսակ այլ կրքերով: Սրա վերջը մահն է: Երբ որ մարդը մեղք է գործում, դրանով նա ավելի վերք է հասցնում սեփական անձին, ու դա նրան տանում է մահվան:
Երևի լսել էք «Ադամական մեղք» արտահայտությունը: Սա ոչ թե նշանակում է, որ Ադամը մեղք գործեց ու մենք բոլորս պատասխանատու ենք այդ մեղքի համար, այլ այն, որ Ադամի մեղքի հետևանքով, նրա մարդկային բնությունը վիրավորվեց, ու մենք բոլորս ծնվել ենք այդ վիրավոր բնությունից: Մեր երեխաներն ու թոռներն էլ են այդ նույն բնությամբ ծնվելու: Սրանից խուսափում չկա:
Այ, նայեք ձեր կյանքին: Եթե դուք մի քանի օր չլողանաք, ձեր վրայից վատ հոտ կգա: Եթե մարդու վրա վերք առաջանա, այն կնեխի, եթե դարման չանես: Մեր մարմինը հոգնում, ծերանում ու մի օր մեռնում է: Սա արտաքին մասը: Հիմա նայեք ձեր անձի ներսը: Այն լցված է վախերով, կպչուն մտքերով, վատ հիշողություններով, ագահությամբ, անցյալի ցավերով, ինքնահավանությամբ, նախանձով: Օրինակ մարդը գիտի, որ ագահությունը վատ բան է, բայց չի կարողանում դրան հաղթել, նա գիտի, որ սուտ խոսել չի կարելի, բայց սուտ է խոսում, որ թաքցնի իր կեղտը: Մարդը գիտի, որ իր առողջության համար պետք է չափավոր ուտել, բայց չի կարողանում իրեն զսպել, երբ նստում է առատ սեղանի առաջ: Հասկանու՞մ եք, մենք բոլորս հիվանդ ենք այս կրքերով ու այս ամենը մեզ տանում է մահվան:
Շատ կարևոր է հասկանալ, որ մարդկային բնությունը հիվանդ է ու վնասված: Սա մեր ելակետն է: Մինչև մենք սա չհասկանանք, չենք ուզենա բժշկի գնալ:
Հիմա: Ինձ կարո՞ղ էք աշխարհի մեջ ցույց տալ մի դարման, մի դեղ, մի միջոց, որ կարող է մարդուն փրկել այս վիճակից: Մարդկությունն ունի հազարավոր տարիների պատմություն, գիտությունն ու տեխնիկան զարգացել են, բայց մարդու հիվանդ բնությունը վերանորոգել ոչ մեկին չի հաջողվել: Մեր ներսի ագահությունը, նախանձը, ինքնահավանությունն ու այս մեռնող բնությունը հաղթահարել ոչ մեկին չի հաջողվել:
Ու մարդկությունն այսպես նստած էր խավարի մեջ:
Բայց հույս ուներ, որովհետև Աստված նույնիսկ երբ Ադամին ու Եվային արտաքսում էր բերկրության դրախտից հենց այդ ժամանակ առաջին խոստումը տվեց, որ չարը կպարտվի ու վերանորգում կլինի: Հետո մեր Տեր Աստվածն այդ խոստման մասին ավելի խոսեց մարգարեների միջոցով ու հստակեցրեց, որ մի օր Փրկիչ կգա մեր համար, որպեսզի վերանորոգի այս հիվանդ ու մահացու-վիրավոր մարդկային բնությունը: Որպեսզի մարդը ապրի:
Դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Աստծո Որդին ու աշխարհի Փրկիչը:
Աստված ինքը մարդացավ՝ այսինքն մարդկային մարմին վերցրեց, որպեսզի այն վերանորոգի ու կրկին դարձնի անապական, այսինքն հավիտյան: Նա իրեն հաշտեցրեց մարդկային հիվանդ բնության հետ, կրեց այդ մարմինը, անցավ տառապանքի ու մահվան միջոցով ու 3-րդ օրը այն նորից հարուցանեց, ցույց տալով, որ մարդկային մահացու մարմինը այլևս ենթակա չէ մահվան: Այս մասին շատ հստակ գրում է Պողոս առաքյալը, ասելով «վայել էր, որ Աստուած կատարեալ դարձնի Յիսուսին չարչարանքների միջոցով, որպէսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Յիսուս է նրանց դէպի փրկութիւն առաջնորդողը» (Եբր 2:9): Տեսնու՞մ եք, Աստված Տեր Հիսուսի մեջ կատարելագործեց այդ հիվանդ ու վնասված մարդկային բնությունը, որպեսզի մենք բոլորս մասնակցենք նրա փառքին, քանի որ միայն Տեր Հիսուս Քրիստոսն է, որ ձեզ կարող է առաջնորդել փրկության: Բացի Նրանից, որևէ մեկը ոչ խոստացել է, ոչ իր կյանքը դրել մարդու փրկության համար, ոչ էլ կարող է ապաքինել մարդկային մահացող ու նեխող բնությունը:
Դրա համար աշխարհը սպասում էր Փրկչի ծննդյանը: Դրա համար մարդիկ սպասում էին, որ Աստված մի մեծ բան է անելու, որպեսզի վերանորոգի իրենց կյանքերը ու գալիք սերունդների կյանքերը: Դրա համար է ասվում թէ խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ: Դրա համար է նրա Սբ. Ծնունդը կոչվում ավետիս, այսինքն բարի լուր: Որովհետև նա եկավ աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղկ 4:18-19):
Սիրելի բարեկամ: Հանկարծ չլինի այնպես, որ դուք մակերեսային խոսքեր ասեք, երբ Հունվարի 5ին ու 6ին իրար ողջունեք, ասելով «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս»: Մենք պիտի հասկանանք, թէ ինչ ավետիս է դա: Մենք պիտի հասկանանք ու տեսնենք մեր այս հիվանդ ու կրքերով վնասված վիճակը, որպեսզի ուրախանանք,թ է մեր համար փրկություն է եկել: Ու որպեսզի այդ փրկությունից օգվենք, մենք պիտի հետևենք Քրիստոսին: Մենք պիտի ապրենք իր ցույց տված ճանապարհով ու իր պատվիրաններով: Նա մեզ տվեց իր մարմինը, այդ վենանորորգված ու ապաքինված մարմինը, որը նստում է Աստուծո աջ կողմը, որպես սնունդ: Ու ասեց, այս արեք իմ հիշատակի համար:
Եթե դուք տեսնում էք ձեր հիվանդ ու մեղքերով վիրավոր բնությունը, ապա դուք կուզենաք գնալ Քրիստոսի մոտ, որպեսզի բժշկվենք մեր այս վերքերից ու վերանորոգվելով ապրենք հավիտյան: Եթե դուք դա իսկապես տեսնեք, ապա դուք կմտահոգվեք նաև ձեր մերձավորների համար, ձեր երեխաների ու ծնողների համար, որպեսզի իրենք էլ գան Քրիստոսին ու ապաքինվեն նրա վրա արմատավորվելով, ինչպես ճյուղը որթատունկի վրա:
Մենք Քրիստոսին հետևում ենք ապաշխարությամբ, զղջմամբ, աղոթքով, ծոմապահությամբ ու պատվիրանապահութամբ: Սա ամեն օրվա գործ է:
Սիրելի բարեկամ,
Վաղը դուք իրար կսկսեք ողջունել «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» պատգամով: Բայց մի րոպե կանգ առնենք: Ի՞նչ պիտի անի մարդ, որ Քրիստոսն իսկապես ծնվի իր սրտի մեջ: Թէ չէ մի տեսակ ճիշտ չի ստացվում չէ՞ – իրար ողջունել «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» պատգամով, ու հաջորդ օրը մոռանալ Տեր Հիսուսի մասին, Կիրակի օրը մոռանալ Պատարագի գնալու ու նրա հետ հաղորդվելու մասին, մոռանալ պատվիրանների մասին: Կեղծավորություն չի լինի՞ Եկեք ամեն մեկս մտածենք, ինչու՞ է Քրիստոսի ծնունդը ուրախ լուր իմ կյանքի համար: – Աստված փրկիչ ուղարկեց, որպեսզի վերանորոգի մարդկային հիվանդ ու մեռնող բնությունը: Եթե ամեն մեկս մեր հիվանդությունը տեսնենք, բժշկի կձգտենք ու Քրիստոսի ծնունդը մեր համար կլինի անչափելի ուրախություն: Ոնց որ մեռնողին անմահության դեղը տաս: Այ, այս պատճառով Քրիստոսի ծնուդն ամենաբարի լուրն է մարդու համար ու ահա այդ պատճառով է, որ այն կոչվում է մեծ ավետիս:
Արմեն ՀԱՐԵՅԱՆ