Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարվել էր գողություն: Գողություն կատարած անձը չհրկիզվող պահարանից հափշտակել էր կանխիկ գումար եւ քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ գողոնի մի մասը հայտնաբերվել է, իսկ մասնաճյուղի կառավարիչ Հայկազ Մարտիրոսյանը՝ ձերբակալվել. «Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անմիջական հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Բացի այդ, բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված հափշտակությանը առնչություն է ունեցել նաեւ մասնաճյուղի կառավարիչը, ով ձերբակալվել է»:
Տռուզյանը տեղեկացրեց, որ անմիջական կատարողին հայտնաբերվելու ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ մոտ 90 մլն դրամի ոսկյա զարդեր: Քննությունը շարունակվում է՝ հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ. «Քննության բավարար տվյալներ ունենք, թե ինչ մեխանիզմով է տեղի ունեցել հանցագործությունը, այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հրապարակվի, քանի դեռ հենց կատարողը չի հայտնաբերվել ու չի հարցաքննվել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ