Ռուսաստանը մասնագիտացել է Արեւմտյան երկրների հասարակությունների տարբեր հատվածներին միմյանց դեմ ուղղորդելու խարդախ գործում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերթ ՄքՄասթերը.
«Ռուսաստանը կատարելագործել է ապատեղեկատվության, քարոզչության եւ սոցիալական ցանցերի միջոցով հասարակությունների բեւեռացման, միմյանց բախելու արվեստը»:
Դրան հակազդելու համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է առաջին հերթին լույս սփռել Ռուսաստանի մութ գործողությունների վրա, համոզված է գեներալը.
«Երբ բոլորը տեսնեն, թե իրականում ինչ է անում Ռուսաստանը, վերջինիս համար այլեւս այդքան հեշտ չի լինի համայնքներն իրար դեմ լարել եւ մարդկանց վստահությունից զրկել»:
ՄքՄասթերի խոսքով, եթե նախկինում Ռուսաստանի հայտարարություններին վստահությամբ էին վերաբերվում, ապա այժմ այդ վստահությունը վերացել է
«Այս մարդիկ ասում են. մենք քաղաքացիական ինքնաթիռ չենք ոչնչացրել, այդ բոլոր ուղեւորվերին չենք սպանել: Ոչ, ասում են նրանք, մենք Ղրիմում եւ արեւելյան Ուկրաինայում զինվորներ չունենք: Այլեւս նրանց խոսքերի նկատմամբ վստահություն չկա»:
Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականն ընդգծում է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ որոնել: Գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ Արեւմուտքի հետ համագործակցությունը հենց Ռուսաստանի շահերից է բխում, ընդգծում է Հերբերթ ՄքՄասթերը.
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: