Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարին չորեքշաբթի հայտարարեց «խռովության ավարտը և ապստամբության պարտությունը» երկրում: Ընդ որում, սոցցանցերում շարունակում են տեսանյութեր և լուսանկարներ հրապարակել ցույցերից, հաղորդում է BBC-ն:
Իրանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ անկախ գնահատական ստանալը դժվար է, քանի որ արտասահմանյան պարբերականների թղթակիցների աշխատանքն այստեղ արգելված է կամ խիստ վերահսկվում է երկրի իշխանությունների կողմից, բացի այդ արգելափակվել են տեքստային հաղորդագրությունների փոխանակման միանգամից մի քանի հավելվածներ:
Ընդ որում, Իրանում ցույցերը չեն դադարում արդեն գրեթե մեկ շաբաթ: Դա հազվադեպ հանդիպող և անգամ բավականին անսպասելի երևույթ է Իրանի նման երկրի համար:
Բարձր գնաճից, իսլամական հոգևոր իշխանություններից և երկրի արտաքին քաղաքականությունից դժգոհություններն ամենախոշորն են Իրանում 2009թ. հետո: Այդ ժամանակ փողոց էին դուրս եկել միլիոնավոր մարդիկ, որոնք դժգոհ էին նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակից:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին զանգվածային ցույցերի պատասխանատվությունը դրել է արտասահմանից թշնամական ուժերի վրա:
«Վերջին օրերին Իրանի թշնամիներն օգտագործել են տարբեր գործիքներ, այդ թվում գումար, զենք, քաղաքականություն և հետախուզություն՝ Իսլամական Հանրապետության համար խնդիրներ ստեղծելու համար»,- երեքշաբթի հայտարարել է Խամենեին:
Որքա՞ն զանգվածային են ցույցերը
Այժմ ցույցեր տեղի են ունենում Իրանի առնվազն 50 քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում:
Իրանի պետական հեռուստաալիքները հաղորդում են, որ ցուցարարները երկրի կենտրոնական Նեջեֆաբադ քաղաքում կրակել են ոստիկանության վրա, որտեղ սպանվել է մեկ, վիրավորվել 3 ոստիկան:
Reuters-ի տվյալներով՝ Քեհդերիջան քաղաքում ցուցարարները ոստիկանական բաժանմունք են այրել: Տեղեկություններ են հաղորդվում մի քանի զոհերի մասին, սակայն այդ տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:
Սոցցանցերում գրում են, որ նոր ցույցեր են սկսվել Բիրջանդ, Քերմանշահ և Շադեգան քաղաքներում:
Վերջին տվյալների համաձայն՝ ոստիկանության և ցուցարարների հետ բախումներում զոհվել է առնվազն 21 մարդ:
Ի՞նչ են ուզում ցուցարարները
Ցուցարարները սկզբում պահանջում էին զսպել մեկ շաբաթում կրկնակի թանկացած հավկիթի գները: Հետո առաջ եկան նաև քաղաքական կարգախոսեր. ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերջ դնել ոստիկանության կամայականություններին:
Ցուցարարները բղավում էին՝ «Մարդիկ աղքատության մեջ են, իսկ հոգևորականությունն իրեն դրել է աստծո տեղ», իսկ Մեշխեդում վանկարկում էին «Ո՛չ Գազա, ո՛չ Լիբանան, իմ կյանքը Իրանն է»՝ այդպիսով քննադատելով Թեհրանի արտաքին քաղաքականությունը, որն ակտիվորեն փորձում է գերիշխող դեր ստանձնել Մերձավոր Արևելքում:
Բազմիցս հնչել է նաև «Մահ Ռուսաստանին» կարգախոսը: Ըստ ամենայնի, խոսքը Ռուսաստանի ղեկավարության և Իրանի իշխող վերնախավի համագործակցության մասին է: 2009թ., երբ Մոսկվան պաշտոնապես ճանաչեց Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, այդ կարգախոսը դարձյալ օգտագործվում էր ցույցերի ժամանակ:
BBC-ի իրանական ծառայության կողմից վերջերս անցկացված հետազոտության համաձայն՝ միջին վիճակագրական իրանական ընտանիքը վերջին տասնամյակում աղքատացել է 15 տոկոսով: Ընդ որում, հացի, կաթի և մսի սպառումը նվազել է 30-50 տոկոսով:
Վերջերս Իրանում հայտնի միանգամից մի քանի վարկային ընկերություններ սնանկ ճանաչվեցին: Արդյունքում հազարավոր մարդիկ կորցրին վերջին խնայողությունները և մնացին առանց գոյատևման միջոցների:
Իրանում գործազրկության պաշտոնական մակարդակը կազմում է 12 տոկոս: Ընդ որում, երկրի մի քանի շրջաններում գործազուրկ է բնակչության մինչև 60 տոկոսը:
Ինչպե՞ս են արձագանքում իշխանությունները
Վերջին մի քանի օրում Իրանում ձերբակալվել է ավելի քան 450 մարդ, նրանցից 200-ը՝ Թեհրանում կիրակի լույս երկուշաբթի գիշերը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ բողոքի ցույցերում ոչ մի սարսափելի բան չի տեսնում:
«Քննադատությունը և բողոքը հնարավորություն է, ոչ թե սպառնալիք»,- ասել է Ռուհանին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցարարներին զգուշացրել է, որ նրանք կբախվեն «երկաթե բռունցքի», եթե անկարգությունները շարունակվեն:
Իրանի դատական համակարգի ղեկավար Սադիք Արդեշիր Ամոլի Լարիջանին կոչ է արել պատժել «խուլիգաններին ու բարբարոսներին»:
«Որոշ անհատներ օգտվել են այս իրավիճակից: Դա ճիշտ չէ»,- ասել է նա:
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին հայտարարել է, որ ցույցերի կազմակերպման ետևում կանգնած են ԱՄՆ-ը, Բրիտանիան և Սաուդյան Արաբիան:
Իշխանությունները հայտնել են, որ ժամանակավորապես սահմանափակել են երկրի տարածքում Telegram և Instagram սոցցանցերը: Նաև որոշ շրջաններից տեղեկություններ են տարածվում, որ երկրում ամբողջովին արգելափակվել է համացանցը:
Ինչպե՞ս է արձագանքում Արևմուտքը
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է անցկացել մի քանի արտահերթ հանդիպում՝ Իրանում տիրող իրավիճակը քննարկելու համար:
«ՄԱԿ-ը պետք է արտահայտվի: Առաջիկա օրերին մենք կխնդրենք արտահերթ նիստեր անցկացնել այստեղ՝ Նյու Յորքում, և Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդում: Մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Հեյլին:
Նա չի հստակեցրել՝ արդյոք խոսքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու, թե այլ ձևաչափի մասին է:
ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը երկուշաբթի Twitter-ի իր էջում գրել է, որ իրանցի ժողովուրդը «ճնշումների է ենթարկվել բազմաթիվ տարիներ», և մարդիկ «եղել են ուտելիքի և ազատության սովի մեջ»:
Ի պատասխան՝ Իրանի նախագահը Թրամփին անվանել է «ոտքից գլուխ իրանական ազգի թշնամի»:
Եվրամիության առաջնորդները կոչ են արել Իրանի իշխանություններին երաշխավորել երկրի քաղաքացիների խաղաղ ցույցերի իրավունքը և հայտարարել են, որ ուշիուշով հետևում են իրավիճակին:
Բրիտանիան Թեհրանին կոչ է արել կառուցողական երկխոսություն սկսել ցուցարարների հետ:
«Մենք կառուցողական երկխոսության հույս ունենք այն օրինական և կարևոր թեմաների շուրջ, որոնք բարձրացնում են ցուցարարները, և մենք հավատում ենք, որ Իրանի իշխանությունները կլուծեն դրանք»,- ասել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Թուրքիան հայտարարել է, որ «Իրանի անվտանգությունն ու հանդարտությունը չի տարբերում սեփական կայունությունից և անվտանգությունից»:
«Մենք տեսել ենք արևմտյան ԶԼՄ-ների՝ Թուրքիայի դեմ ուղղված քարոզչությունը և սովոր ենք այնպիսի անձանց բազմակի միջամտություններին, ինչպիսիք են Թրամփը և Նեթանյահուն»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ռուհանիի հետ հեռախոսազրույցում:
Ո՞վ է հաղթում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը չորեքշաբթի հայտարարել է, որ ցույցերն ավարտվել են, և «խռովությունը ճնշվել է»:
«Մեր թշնամիները պետք է իմանան, որ ռազմական սպառնալիքները և անվտանգության սպառնալիքներն Իրանում չեն աշխատում»,- ասել է գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարին:
Իրանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ իրավիճակն ամբողջ երկրում վերահսկվում է, առաջիկա օրերին անկարգությունները կավարտվեն:
Սակայն, ըստ ընդդիմադիր ակտիվիստների, բողոքի ցույցերը դեռ շարունակվում են:
Ինչի՞ կարող են հանգեցնել ցույցերը
Ի տարբերություն 2009թ. ցույցերի՝ այս անգամ հանրահավաքներն ընթանում են առանց ակնհայտ առաջնորդների:
Ռեֆորմիստներն ու պահպանողական շրջանակները երկրում ծավալվող իրադարձությունները պատասխանատվություն բարդում են միմյանց կամ օտարերկրյա պետությունների վրա:
Այնուամենայնիվ, բողոքի ակցիաները ցույց են տալիս՝ որքան դժգոհ է Իրանի հասարակությունը աճող աղքատությունից մի կողմից և իշխանությունների ճնշումներից՝ մյուս կողմից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ