Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա մասնավորապես գրել է. «Չնայած Իրանի Խուժաստան նահանգի որոշ քաղաքներում՝ Ահվազում, Դիզֆուլում և Շուշտարում բողոքի ցույցեր կան, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդում քաղաքների առօրյա կյանքի վրա։
Ցույցերը խաղաղ են, այնքան էլ բազմամարդ չեն, սկսվում են երեկոյան և մեկ-երկու ժամից՝ ավարտվում։ Քաղաքներում հատուկ միջոցառումներ նկատելի չեն։ Կենտրոնական հրապարակներում կան ոստիկանության ուժեղացված պարեկախմբեր՝ առանց հատուկ տեխնիկայի և միջոցների, որոնք չեն միջամտում գործընթացներին՝ իրականացնելով պասիվ վերահսկողություն։
Ընդհանուր առմամբ, տեսողական գնահատականով իրավիճակը կառավարելի է թվում, որևէ խուճապային տրամադրություն նկատելի չէ։ Շատերը համոզված են, որ արտասահմանյան ԶԼՄ-ներով իրավիճակի ուռճացում է տեղի ունենում՝ հատկապես Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ջանքերով։