Թուրքագետ-արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը մեկնաբանելով Իրանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդպիսով փորձ է արվում Իրանի դերը թուլացնել ոչ միայն Սիրիայում, այլեւ՝ տարածաշրջանում:
«Եթե տարածաշրջանային տեսանկյունից ենք դիտարկում Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, ապա անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Սիրիայում ավարտվեց ռազմական գործողությունների փուլը եւ սկսվել է երկրորդ՝ դիվանագիտական պայքարի փուլը, որն, իմ կարծիքով, գնալով ավելի կարեւոր է դառնում: Եվ այդ դիվանագիտական պայքարում, իհարկե, Իրանն ունի իր մեծ ասելիքը: Նա բավական ուժեղացրել է իր դիրքերը նաեւ սիրիական տարածաշրջանում եւ պատահական չէ, որ Իրանում իրադարձությունները ծագեցին հենց այս պահին, բեկումնային շրջանում»,-ասաց պարոն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Մերձավոր արեւելքի բախտը որոշվում է Սիրիայում եւ կապված է, թե Սիրիայում ինչ ընթացք կունենան դիվանագիտական հարաբերությունները:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով. «Այսպիսով, ես կարծում եմ, որ փորձ է արվում թուլացնել Իրանի դիրքը ոչ միայն Սիրիայում տեղի ունեցող այս դիվանագիտական բանակցային պայքարում, այլ նաեւ՝ ընդհանրապես տարածաշրջանում, որովհետեւ Իրանի դերը վերջին շրջանում տարածաշրջանում ուժեղացել էր, ոչ միայն կապված Սիրիայի հետ, այլ նաեւ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Եվ ուժեղացել էր ընդհանրապես շիական գործոնը տարածաշրջանում եւ այս իրադարձությունները, ես համոզված եմ, որ ունեն նաեւ աշխարհաքաղաքական ենթատեքստ եւ նպատակն է թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում եւ Սիրիայում՝ մասնավորապես»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ