Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. Պետք չէ Իրանում իրավիճակը ծայրահեղականացնել

Հունվար 03,2018 16:15

Արդեն քանի օր է Իրանի տասնյակ քաղաքներում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում։

Ցուցարարները հիմնականում սոցիալական հարցեր են բարձրացնում եւ բողոքում են թանկացումների եւ անարդարության դեմ։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանի ազգային անվտանգությանը որեւէ վտանգ չի սպառնում եւ իրավիճակը մոտ օրերս կհանդարտվի:

Մեր այն հարցին, թե այդ լարված իրավիճակն ինչպես կանդրադառնա մեր երկրի վրա, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ցանկացած պարագայում Հայաստանի համար իրավիճակը Իրանում չափազանց կարեւոր է, եւ որքան այդ իրավիճակը կայուն է ու խաղաղ, այդքան այն բխում է Հայաստանի հանրապետության շահերից: Իրանը բարեկամ պետություն է, Իրանի ժողովուրդը դարերով բարեկամ ժողովուրդ են եւ, այս առումով, բնական է՝ մենք անհանգստանում ենք ցանկացած ցնցումներով, որոնք տեղի են ունենում կամ կարող են տեղի ունենալ Իրանում»:

Նրա խոսքով, վերջին երկու օրերին ԱՄՆ-ի նախագահի, փոխնախագահի կողմից, ինչպես նաեւ Իսրայելի կողմից արվել են հայտարարություններ՝ իրավիճակի վերաբերյալ, սակայն, Սուրեն Սարգսյանը, կարծում է, որ այսօր իրավիճակը ավելի հանդարտ եւ հանգիստ է, քան շատ պետություններ, քաղաքական գործիչներ, շահագրգիռ կողմեր փորձում են օգտագործել. «Իրականում, կարծում եմ, իրավիճակը գտնվում է Իրանի իրավապահ մարմինների հսկողության ներքո եւ այստեղ պետք չէ իրավիճակը ծայրահեղականացնել եւ փորձել ցույց տալ, որ Իրանում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք վերահսկողությունից դուրս են»:

Պարոն Սարգսյանի խոսքով, ընդհանրապես, իրավիճակը բարդ է այնքանով, որքանով որ 6-7 քաղաքում եղել են ակտիվ տրամադրված ցուցարարներ, որոնք դուրս են եկել հակակառավարական ցույցերի. «Բայց կարծում եմ, որ Իրանի կառավարությանն օժանդակող հոսքերը, մարդիկ եւ քաղաքացիները տասնյակ անգամ ավելի շատ են եղել, քան հակակառավարական ցուցարարները: Կարծում եմ, այստեղ պետք չէ հրատապ եւ հապճեպ հետեւություններ անել եւ պետք է սպասել, թե ինչ է կատարվում Իրանում, բայց ես կարծում եմ, որ Իրանում իրավիճակը հանդարտվելու է»:

Ըստ Սուրեն Սարգսյանի, այս պահին բարդ է ասել, թե այդ ցույցերի հետեւում ով է կանգնած՝ արտաքին, թե ներքին ուժեր. «Իհարկե տարբեր տեսակի հարցազրույցներ եւ գրառումներ արվել են, որոնք կոչ են անում աջակցել իրանում տեղի ունեցող այդ նախաձեռնությանը, բայց ես կարծում եմ, անհանգստանալու առիթ չկա: Նման գործողություններ պարբերաբար տեսնում ենք նաեւ այլ պետություններում եւ պարտադիր չէ, որ դրանք հրահրված լինեն ենթադրենք՝ Սաուդյան Արաբիայի, Իսրայելի կամ Միացյալ նահանգների կողմից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031