ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ, քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հունվարի 02-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Վազ 21093» մակնիշի և «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Վազ 21093» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բռնկվել։ Նշված ավտոմեքենայի մեջ գտնվող ՝ Լոռու մարզի բնակիչներ՝ 1981 թ. ծնված Արտավազդ Մանուկյանը և 1997 թ. ծնված Հայկ Պողոսյանը տեղում մահացել են։
«Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի վարորդը եւ ուղեւորները՝ 6 անձ, որոնց թվում երկու երեխա՝ ծնված 2011 եւ 2016 թթ. մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Դեպքի առթիվ 2018 հունվարի 02-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննության ընթացքում Արտավազդ Մանուկյանը և Հայկ Պողոսյանը ճանաչվել են տուժող, կատարվել են ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն