Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանում արտաքին-ներքին ուրվագծերի համընկումները

Հունվար 02,2018 19:29

Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին վերլուծումներ անելը դեռեւս վաղ է: Իհարկե, մոտիկից հետեւելը եւ իրադարձությունների զարգացման մասին հաղորդելը հայկական ցանկացած լրատվամիջոցի համար պարտադիր է, նկատի ունենալով առաջին հերթին Իրանի ներկայացրած ռազմավարական նշանակությունը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար եւ երկրորդ` իրանահայ համայնքի իրականությունը նկատի ունենալով։

Այնուամենայնիվ, այս պահին արժե մի քանի դիտարկում անել իրադրությունների ընդհանուր համապատկերը նկատի ունենալով: Ժողովրդային ցույցերը համարյա միաժամանակյա էին Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջեւ կայացած համաձայնությանը, որը վերաբերում էր Թեհրանի դեմ զսպման գործողություններ կազմակերպելուն։ Ինչը համոզիչ է դարձնում պաշտոնական Թեհրանի շրջանակներից հնչած հայտարարությունը, թե ներիրանյան խլրտումները ունեն արտաքին ներշնչանք, ակնարկի սլաքները ուղղելով Վաշինգտոնին։ Բացի այս իրականությունից, կա նաեւ ԱՄՆ-ի նախագահի հայտարարողական աջակցությունը ցույցերին եւ ամերիկյան պետական շրջանակների դատապարտումները ցույցերի դեմ ի գործ դրված ճնշամիջոցների։ «Իրանը ձախողվում է բոլոր մակարդակներում՝ չնայած Օբամայի վարչակարգի սարսափելի գործարքին: Իրանցի մեծ ժողովուրդը ճնշվել է տարիներ շարունակ: Նրանք քաղցած են սննդի և ազատության: Իրանցի ժողովրդի իրավունքներն ու հարստությունը թալանվում են: Եկել է փոփոխությունների ժամանակը», ասել է Թրամփը։

Զսպման գործողությունների շարժառիթը խորքում Իրանի զինվորական ներկայության եւ քաղաքական ազդեցության տարածումն է Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում։ Եւ երբ ցուցարարները պահանջում են «կենսաթոշակային ֆոնդերից թոշակի եւ աշխատավարձի ամիսների պահանջ ունեցող բանվորների եւ կամ խաբված ավանդատուների մի մասը քննադատում են պետության կողմից միջին արեւելյան տարբեր երկրներում հատկացվող բյուջեները, փոխարենը դրանք հատկացնելու իրենց երկրի ներքին պահանջներին» ուրվագծվում է արտաքին եւ ներքին հայտարարությունների զուգահեռներ։

Միեւնույն ցույցերի նկատմամբ Անկարայի գնահատականի ոճն ու դիրքորոշումը հիմնովին տարբեր է այս դեպքում։ Արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան մտահոգ է Իրանում տեղի ունեցող ցույցերից եւ զգուշացնում է մագլցողականությունից։

Այս հայտարարությունը միանգամայն հիշեցնում է Էրդողանի հռետորաբանությունը, երբ նա մեկնաբանելով Թուրքիայում անցկացվող քաղաքացիական շարժումների ցույցերը, դրանք որակում էր Արեւմուտքի արտադրությունը եւ որոնց նպատակն էր, ըստ նրա, մասնատել Թուրքիան։

Անկարայի հայտարարությունում թեեւ հասցեական սլաք ուղղակի չկա, այնուամենայնիվ, այս պահին, զուսպ ասելաձեւով, հիմնականում Անկարան զորակցում է Թեհրանին, այն ուրվագծագրումը անելով, թե իսրայելա-ամերիկյան տանդեմի դիմաց ձեւավորվում է թուրք-իրանյանը։

Խնդիրը հայկական դիտակետի համար երկու կարեւոր ուղղություն է գծում.

նախ կայուն Իրանի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության ցամաքային կարեւոր ելքի եւ ապրանքաշրջանառությունների նկատառումներով։ Երկրորդ, արցախյան հիմնահարցում Իրանի հավասարակշիռ եւ կայունացնող հանգամանքի եւ արդեն հետեւողական վարքագծի վերածված թե հայտարարողական եւ թե գործնական պահվածքը։

Ցույցերը առավելաբար հնչեցնում են կրոնական ազատության եւ հատկապես կենցաղային, սոցիալ-տնտեսական բնույթի վերաբերող պահանջներ։ Էթնիկ կամ ազգային ֆոնի դրանց անցումը դեռեւս տեսանելի չէ։ Այլ խոսքով, ծագումով ադրբեջանցի ազգաբնակչության գործոնի շահարկումը Բաքվի կողմից կլինի Անկարայի հրապարակած պահվածքին հակասող քայլ։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031