Ատրպատական, Ազգային Առաջնորդարան – Ատրպատականի Հայոց Թեմում՝ յատկապէս Թաւրիզում եւ Ուրմիայում ապրող հայութիւնը, Կիրակի 31 Դեկտեմբեր 2017-ի գիշեր ամանորը տօնելուց յետոյ, Երկուշաբթի 1 Յունւար 2018-ին փութացին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու Սուրբ Պատարագի մասնակցութեամբ սկսելու համար տարին:
Այս առիթով, Թաւրիզի Սբ. Սարգիս եկեղեցում, երեկոյեան ժամը 6-ին Սբ. Պատարագին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, իսկ պատարագը մատոյց՝ Թաւրիզի հոգեւոր հովիւ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանը: Ուրմիայում Սբ. Պատարագը մատոյց՝ Հոգեւոր Հովիւ՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը:
Թաւրիզում, յընթացս սուրբ պատարագի իր պատգամը տւեց թեմակալ առաջնորդը: Նա շնորհաւորելուց յետոյ Ազգային Իշխանութեանը, մեր հաւաքական կեանքում գործող բոլոր կառոյցներին եւ հաւատացեալ ժողովրդի զաւակներին Նոր Տարւայ առիթով, անդրադարձաւ ժամանակը արժեւորելու խորհրդին: Աւետարանի առակից վերցնելով օրինակը, իրենց տրւած տասը եւ հինգ մնասները օգտագործող իմաստուն ծառաների եւ մէկ մնասը թաշկինակում փաթաթող եւ տիրոջ վերդարձնող անպիտան ծառայի օրինակները վերբերելով ասաց. «Ամանորի առիթով Աւետարանի սոյն հատւածը մեր ուշադրութիւնը կենտրոնացնում է ժամանակի գաղափարի շուրջը: Մեր կեանքն է այն աւանդը՝ մնասը, որը Աստւած յանձնել է մեզ: Եւ այդ կեանքը սահմանափակ իրականութիւն է: Արժեւորենք այնպիսի գործերով, որոնք նախ աստւածահաճոյ լինեն, ինչպէս նաեւ՝ մեր շրջապատի համար բարիք»:
Սբ. Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հաւաքական խոստովանանք եւ բարեպաշտ ժողովուրդը հաղորդւեց մեր Տիրոջ սուրբ մարմնով եւ արեամբ: Սբ. Պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իսկ խորանին սպասարկեցին սարկաւագաց, կիսասարկաւագաց եւ դպրաց դասի անդամները:
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄ