Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ուղղորդում Իրանի ցույցերը

Հունվար 02,2018 13:47

Իրանի ավելի քան տաս քաղաքներում հակակառավարական ցույցեր են ընթանում։ Ցուցարարները հիմնականում սոցիալական հարցեր են բարձրացնում և բողոքում են թանկացումների և անարդարության դեմ։ Ներքին գործերի նախարարությունը ցույցերը համարել է ապօրինի և բողոքավորներին առաջարկել է ցույցերի համար արտոնություն ստանալ։ Նախագահ Ռուհանիի կողմնակիցները կարծում են թե ցույցերն ուղղորդել են նախագահի և կառավարության ընդդիմախոս ծայրահեղականները, բայց գնալով վիճակն անկառավարելի է դարձել։ Որոշ դեպքերում ցուցարարները հակակառավարական լոզունգներից բացի հակապետական նշանաբաններ էլ են հնչեցնում, քննադատում են Իրանի արտաքին քաղաքականությունը և իշխանությունների տապալումն են պահանջում։ Ակտիվացել են նաև շահական ռեժիմի կողմնակիցները և մյուս ընդդիմադիր ուժերը, որոնց ղեկավարները հիմնականում արտասահմանում են գտնվում։ Ցուցարարները հիմնականում օգտագործում են սոցիալական ցանցերը։ Կարգապահական ուժերը մինչ այժմ բիրտ ուժի չեն դիմել։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը ողջունել է Իրանի ցույցերը և մյուս երկրներին էլ հրավիրել է հովանավորելու ցուցարարներին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հակազդել է այդ ելույթներին և հայտնել, որ Իրանի իշխանություններն ի վիճակի են սահմանադրորեն լուծելու ցուցարարների բարձրացրած հարցերը:

Իրանի ցուցարարների հնչեցրած նշանաբանների իմաստը

Իրանի շուրջ 30 քաղաքում ընթացող ցույցերում հնչում են զանազան լոզունգներ և նշանաբաններ, որոնց կարելի է բաժանել քաղաքական և տնտեսական հատվածների։ Ցույցերը ծայր առան սոցիալական արդարության պահանջով, որի հիմքում երկրի պահպանողականների և բարեփոխականների հակամարտությունն էր, ապա դրան ավելացան քաղաքական ու տնտեսական մի շարք հարցեր և այլ քաղաքական ուժերի և հոսանքների արմատական պահանջներ։ Կենսաթոշակային ֆոնդերից կամ գործարաններից թոշակի և աշխատավարձի ամիսների պահանջ ունեցող բանվորների և կամ խաբված ավանդատուների մի մասը քննադատում են Իսլամական հանրապետության առատաձեռն նպաստները Պաղեստինին, Լիբանանին, Սիրիային, Իրաքին և Եմենին ու պահանջում են այդ հնարավորությունների հատկացումը երկրի ներքին կարիքներին։ Նրանք պահանջում են կրոնի տարանջատումը քաղաքականությունից և իրենց երկիրը կոչում են «Իրանի հանրապետություն»։ Որոշներն արտահայտում են նաև իրենց կարոտախտը Իրանի մոտիկ անցյալի վարչակարգի հանդեպ և պահանջում են վերջին արքայի որդու վերադարձը և Կյուրոսյան կարգերի վերահաստատում։ Ցուցարարները հոգնել են պահպանողական-բարեփոխական խաղերից, որոնց գլուխն են կանգնած առաջնորդ Խամենեին և նախագահ Ռուհանին և նրանց հեռացումն են պահանջում։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031