Լրահոս
Օրվա լրահոսը

Նռնօրհնեք. կօրհնվի Եկեղեցին խորհրդանշող պտուղների արքան

Դեկտեմբեր 31,2017 18:25

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ արդեն երրորդ տարին է, որ հայոց բոլոր եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք:

Դեռևս վաղուց նուռն արևելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլև նռան գլխամասում «թագի» պատճառով: Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան «թագից»:

Նուռը վաղնջական ժամանակներից ի վեր ունեցել է նաև առանձնահատուկ ու հարուստ սիմվոլիկա: Դա մեծապես պայմանավորված է եղել նռան գունային երանգներով, յուրօրինակ ծավալաձևով, բազմահատիկների «ճարտարապետական» կառուցվածքով ու միասնականությամբ: Թե՛ հին դիցարանում, թե՛ այլ կրոններում՝ բուդդիզմ, իսլամ, նուռը ունեցել է և ունի բազմաթիվ խորհրդանիշներ:

Քրիստոնեության մեջ ևս նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է, այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ, իսկ կերպարվեստում, երբ պատկերել են Տիրոջը՝ նռով, արտահայտել են Քրիստոսի հարության գաղափարը: Նուռը խորհրդանշում է աստվածային շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով:

Նուռը, և՛ իր խորհրդանշական իմաստով, և՛ որպես ազգային զարդամոտիվ, լայն տարածում է ունեցել հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստի մնացյալ տեսակների և մանրանկարչության մեջ (Գրիգոր Խլաթեցու, Թորոս Տարոնացու, Թորոս Ռոսլինի նկարազարդած, Հաղպատի և այլ Ավետարաններ): Հայ եկեղեցու խորանների մեկնություններում նռնենիները մեկնվում են իբրև մարգարեների խոսքը, որոնք առակի նման, իրենց հաստ ու դառը կեղևով ծածկում էին քաղցրության Ավետիսը, անմահության պտուղը՝ Քրիստոսին:

Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի բացատրությամբ՝ նռնենու կեղևի մեջ պարփակված կարմրագույն պտուղը` Սբ. Ավետարանն է, որն իր քաղցրությամբ` աստվածային սիրով, զոհաբերությամբ ու շնորհներով պարգևեց փրկություն և հավիտենական կյանք:

Նուռն իր հոգևոր խորհրդաբանությամբ նաև ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառը կեղևն իր վեցաթերթ թագապսակով խորհրդանշում է երկրավոր կյանքը, որը պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների` հավատքի, հույսի, սիրո թագով, որոնք համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին` Հորը (հավատք), Որդուն (հույս) և Սուրբ Հոգուն (սեր): Իսկ նռան կարմրագույն պտուղը խորհրդանշում է առաքինական գործերով (հատիկներ) զարդարված անձի հաղթանակը` աստվածացումը (կարմիր գույն) և Երկնքի արքայության անճառելի քաղցրությունը: Այդ աստվածային շնորհների ներգործությամբ է, որ մարդ հաղթահարում է երկրավոր կյանքի դառնությունը` փորձություններն ու նեղությունները և հաջողությամբ պսակում հավատքի բարի պատերազմը` մուտք գործելով Երկնքի Արքայություն. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը: Ուստի ինձ է սպասում արդարության պսակը, որը, որպես հատուցում, ինձ պիտի տա Տերը` արդար Դատավորը, այն օրը, և ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, որ սիրեցին նրա հայտնությունը» (Բ Տիմոթեոս 4:7-8):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031