Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց ժամանակի մեջ մի ճամփորդությունը և արդեն պատրաստ ենք նորին. Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Դեկտեմբեր 31,2017 17:00

Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր,

Տարեվերջյան սուրբ Պատարագն այսօր հավաքեց մեզ մեր սիրելի եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ հնարավորություն տալով միասին ճանապարհելու ավարտվող տարին, ամփոփելու դրանում գրանցված մեր հոգևոր հաղթանակներն ու պարտությունները, այդ ամենից հոգեշահ եզրակացություններ անելու մեզ համար և իհարկե նոր հույսերով դիմավորելու նոր տարին, որ արդեն սպասում է դռների ետևում: Ավարտվեց ժամանակի մեջ մի ճամփորդությունը և արդեն պատրաստ ենք նորին, որն Ամենակալի ողորմածությամբ պիտի անցնենք Տեր Հիսուս Քրիստոսի ուղենշած աստվածային շավիղներով միայն:

Ինչպես յուրաքանչյուր հաճելի ու սպասված ճամփորդություն, այս մեկն էլ պիտի անցնենք մեր սիրելիների հետ միասին, անհրաժեշտ գիտելիքներով և տեղեկատվությամբ զինված, մեզ հետ վերցնենք միայն անհրաժեշտ ու կարևոր պաշարներ, իսկ անպետքն ու վնասակարը մի կողմ նետենք: Զինվենք համբերությամբ, քանի որ վերջնական նպատակակետին հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Լցվենք ջանասիրությամբ ու եռանդով, որպեսզի ձգտենք օգտակար դասեր քաղել մեր ճանապարհին հանդիպող մարդկանցից ու երևույթներից: Եվ որպես այս տարվա ճամփորդության ուղեցույց մեզ հետ վերցնենք այսօրվա ավետարանական ընթերցվածքը, որը շատ կօգնի մեր ընտրած բարդ, բայց քաղցր ճանապարհին:

Այսպիսով, Ղուկասի ավետարանում կարդում ենք. «Եվ նրանց մեջ հակաճառություն առաջացավ, թե իրենցից ով պիտի մեծ համարվի: Եվ նա նրանց ասաց. «Ազգերի թագավորները տիրում են իրենց ժողովուրդների վրա, և նրանք, որ իշխում են նրանց վրա, բարերարներ են կոչվում: Բայց դուք այդպես չլինեք, այլ ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպես սպասավորը: Ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր: Եվ դուք եք, որ իմ փորձությունների մեջ ինձ հետ էիք մնում մինչև այժմ: Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես և իմ Հայրն ինձ խոստացավ տալ արքայությունը, որ ուտեք և խմեք իմ սեղանից իմ արքայության մեջ և նստեք տասներկու գահերի վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին» (Ղուկ. 22:24-30):

Ավետարանիչը չի պարզաբանում, թե կոնկրետ ինչը պատճառ հանդիսացավ, որպեսզի այս վիճաբանությունը սկսվի Տիրոջ աշակերտների միջև, բայց երբ կարդում ենք այս հատվածին նախորդող տողերը, որտեղ Վերջին ընթրիքի ժամանակ Տեր Հիսուս ասաց, որ իրեն մատնողը նույն սեղանի շուրջ է գտնվում, ենթադրում ենք, որ վեճն այդտեղից սկսվեց, թե իրենցից ով է մատնողը և հասավ մինչև այնտեղ, թե ով է մեծը: Ինչևէ, կարևորն այստեղ այն պատասխանն է ու դրանում ամփոփված խորհուրդը, որ տվեց մարդացյալ Աստված: Քրիստոս նրանց երկու օրինակով պատասխանեց: Առաջինը ժողովուրդների վրա տիրող և նրանց կեղեքող թագավորների բացասական օրինակն էր, որին չպետք է հետևեին, և երկրորդը հենց Իր՝ Աստվածորդու օրինակն էր, որ դրանից քիչ առաջ կատարած ոտնլվայի արարողությամբ հեզության ու խոնարհության բարձրագույն օրինակն էր տվել նրանց: Երկնքի ու երկրի արարիչ Աստված, Որի զորությունից դողում են հոգևոր աշխարհի բոլոր արարածները, Որի առջև խոնարհվում ու սպասավորում են հրեշտակային անհամար գնդերը, Որի համար չկա անկարելի ու անհնարին ոչինչ, խոնարհում է Իր մեջքն ու լվանում մահկանացու մարդկանց ոտքերը, այն ոտքերը, որ շատ ժամանակ չանցած փախուստի պիտի դիմեին՝ մենակ թողնելով Նրան կառափնարանի ճանապարհին: Աշակերտներն այն պահին միգուցե դեռ ամբողջությամբ չէին գիտակցել, թե ով է իրականում իրենց Վարդապետը, որ սպասավորում է իրենց, քանի որ դեռ չէին տեսել Նրա հրաշափառ հարությունն ու համբարձումը, բայց մենք, որ գիտենք Աստծո Միածնի երկրային կյանքի ողջ պատմությունը, պիտի սարսռենք կատարվածի գիտակցումից, այդ մեծագույն խոնարհության դրսևորումից և այն որպես սուր պահենք ձեռքերում, որը կհատի հպարտության կամ փառամոլության յուրաքանչյուր ծիլ, որ կփորձի արձակվել մեր հոգիներում:

«Հպարտությունն ու մեծամտությունը սատանային երկնքից վտարեցին, իսկ խոնարհությունն ու հեզությունը մարդուն բարձրացնում են երկրից երկինք»,- ասել է սուրբ Անտոն Անապատականը: Աստծո ամենալուսավոր հրեշտակի ըմբոստության ու անկման պատճառ հանդիսացած հպարտությունը ամենագարշելի ու ամենասարսափելի մեղքն է համարվում Եկեղեցու հայրերի կողմից: Նրանք ասում են, որ մնացյալ կրքերն ու մեղքերը կարող են ինչ-որ չափով արդարացվել կյանքի անբարենպաստ պայմաններով, բայց հպարտությունը՝ երբեք, քանզի չկա ավելի մեծ մեղք, քան հպարտությունը` բոլոր չարիքների արմատը, որը մարդուն նմանեցնում է դևի: Ուստի մենք, որ ընտրել ենք հավատքի ուղին, ընտրել ենք Քրիստոսին հետևելու ուղին, պետք է հատկապես զգույշ լինենք այս մեծագույն մեղքի մեջ չընկնելու համար, քանի որ այն շատ հաճախ թաքնվում է նույնիսկ այնպիսի առաքինությունների ետևում, ինչպիսին խոնարհությունն է: Որպես ապացույց պատմեմ մի դեպքի մասին և վստահ եմ, որ շատերդ էլ նմանատիպ դեպքեր կհիշեք ձեր իսկ կյանքից: Սինա լեռան վանքերից մեկում մի աշխարհական էր ապրում՝ Ստրատիս անունով: Երբ մարդիկ նրան «պարոն Ստրատիս» էին ասում, պատասխանում էր. «Ես ի՞նչ պարոն եմ: Ինձ մեղավոր Ստրատիս կոչիր»: Եվ բոլորն ասում էին, որ նա շատ խոնարհ մարդ է: Մի անգամ նա քնած մնաց և ուշացավ առավոտյան ժամերգությունից: Եղբայրներից մեկը գնաց նրան արթնացնելու՝ ասելով, որ արդեն բավականին ուշացել է: Իսկ նա սկսեց բղավել, որ ինքը շատ ավելի բարեպաշտ է, քան իրեն արթնացնողը, և նա չէ, որ իրեն պետք է ասի՝ գնալ եկեղեցի, թե ոչ: Ահա, թե ինչ պատահեց, սիրելինե՛ր, երբ դիպան խոնարհության մարմնացում թվացող մարդու ինքնասիրությանը: Ուստի, հոգևոր նման վտանգավոր իրավիճակում չհայտնվելու համար մենք պետք է անդադար աղոթենք և սրբերի խոնարհն կյանքն ու Տեր Հիսուս Քրիստոսի իրական խոնարհության օրինակը մշտապես ունենանք մեր աչքերի առջև: Բայց ամենից առաջ մենք պետք է սիրենք, սիրենք բոլորին՝ իրական, անկեղծ, մաքուր ու աստվածային սիրով, որպեսզի մեր խոնարհությունը շինծու չլինի, այլ բխի սրտից՝ աստվածային ուրախություն պարգևելով մեր հոգիներին: Իրական խոնարհությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է մարդուն, քանի որ միայն իրական խոնարհությունն է, որ մեղավորին նմանեցնում է անմեղին՝ Քրիստոսին և առաջնորդում նրան դեպի բաղձալի փրկություն: Եթե փրկության ուղին ընտրած մարդն ինքնակամորեն չի խոնարհվում, ապա Տերը երբեմն-երբեմն թույլ է տալիս, որպեսզի նա խոնարհության դասեր ստանա այլ մարդկանց միջոցով, փորձվի, որպեսզի դրանից հետո ինքնակամորեն ջանք թափի խոնարհություն ձեռք բերելու համար: Հայր Պաիսիոսն այս մասին մի ուսանելի դեպք է հիշում: Մի քահանա կար, որն իրեն դեռ աշխարհական եղած ժամանակներից շատ էր սիրում, և հայր սուրբը մի կիրակի որոշում է նրա մոտ գնալ Պատարագի: Եկեղեցին լեփ-լեցուն էր մարդկանցով: Հայր սուրբը սովորականի պես խորան բարձրացավ՝ մտքում ասելով. «Տեր Աստված, բոլոր այս մարդկանց դրախտ վերցրու, իսկ ինձ, եթե կուզես, մի փոքրիկ անկյուն տուր այնտեղ»: Երբ հասավ սուրբ Հաղորդության ժամանակը, քահանան, որ սովորաբար նրան հենց խորանում էլ Հաղորդություն էր տալիս, շրջվեց դեպի նա և բարձր ձայնով ասաց. «Դուրս արի խորանից, կհաղորդվես բոլորի հետ ամենավերջում, որովհետև արժանի չես»: Հայր սուրբն, առանց մի խոսք արտասանելու, դուրս եկավ, կանգնեց հերթի վերջում և սկսեց սուրբ Հաղորդությունից առաջ կարդացվող աղոթքն ասել: Իսկ երբ ամենավերջում մոտեցավ, մտքում ասում էր. «Աստված քահանայի միտքը լուսավորեց և նա հայտնեց ինձ, թե ով եմ ես իրականում: Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմիր ինձ, անասունիս:»: Հազիվ էր սուրբ Հաղորդություն ստացել, երբ անասելի քաղցրություն զգաց ներսում: Իսկ Պատարագի ավարտին քահանան մոտեցավ նրան խիստ տրտմած և ասաց. «Ներիր ինձ, չգիտեմ, թե ինչպես պատահեց: Ախր ես քեզ միշտ իմ երեխաներից էլ առաջ եմ դրել, չեմ հասկանում, թե ինչ կատարվեց ինձ հետ»: Եվ խեղճ մարդը խոնարհվում էր մինչև գետին՝ ներողություն խնդրելով, փորձում էր հայր սուրբի ձեռքերը համբուրել: «Մի՛ վշտացիր, Տե՛ր Հայր,- պատասխանեց հայր սուրբը,- դու մեղավոր չես, այդ ե՛ս եմ մեղավոր: Աստված քո միջոցով փորձեց ինձ»: Եվ այդ ամենի պատճառն այն աղոթքն էր, որ նա արել էր խորան բարձրանալիս: Ահա՛ այսպիսի ակնառու օրինակ ու խրատ ամենքիս, սիրելի՛ հավատացյալներ:

Ուստի գալիք տարում առաջին հերթին հոգևոր առողջություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, որպեսզի Իմաստության Աղբյուրից ըմպելով՝ կարողանաք զանազանել չարի որոգայթներն ու հոգևոր շնորհներով սպառազինված՝ հաղթանակած դուրս գաք պայքարից՝ ի փառս Տեր Հիսուս Քրիստոսի: Եվ մաղթանքս ավարտեմ սուրբ Պետրոս առաքյալի խոսքով, որ ասում է. «Խոնարհվեցե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի» (Ա Պետ. 5:6): Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031