Դեկտեմբերի 29-ին Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` շնորհավորելու սահմանապահ զինծառայողների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Նրա հետ մեկտեղ դիրքեր են այցելել նաեւ շրջանի դատախազ Մհեր Մանգասարյանը եւ դատավոր Սպարտակ Գրիգորյանը:
Դիրքերում նրանք ծանոթացել են նաեւ դիրքապահների առօրյային եւ զրուցել նրանց հետ:
Շրջվարչակազմի ղեկավարը շնորհավորանքի իր խոսքում նշել է, որ թող գալիք տարին լինի անփորձանք ծառայության ու զինվորական նվաճումների տարի, միաժամանակ ասել, որ մեծ հպարտությամբ բաժակ են բարձրացնում նրանց` հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը կատարելու հայրենանվեր գործի համար: Իր խոսքում առանձնապես նշել է, որ իրենք միշտ նրանց կողքին են` հոգով ու մտքով, իսկ հարկ եղած դեպքում` ֆիզիկապես: Իսկ վերջում նրանց մաղթել բարի ու անփորձանք ծառայություն եւ բարեհաջող տունդարձ:
Զինվորների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը շնորհավորել են եւ բարեմաղթանքի խոսքեր ասել նաեւ մյուս այցելուները:
Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ