«Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Սյուզան Սիմոնյանի համոզմամբ, «Սասնա ծռերի» գործողությունները դատարանը պետք է դիտարկի որպես ապստամբություն, ոչ թե մեղսագործություն:
«Երբ դատարանը «Սասնա ծռերի» գործողությունները դիտարկի որպես ապստամբություն, տղաները կդառնան քաղբանտարկյալներ, որովհետեւ միանշանակ է, որ տղաների պահանջը քաղաքական է, նրանց ապստամբությունը քաղաքական դրդապատճառներ ունի»,- այս կարծիքին է Սյուզան Սիմոնյանը:
Անդրադառնալով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմանը, թե «Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ չեն, որովհետեւ օգտագործվել է զենք, ոստիկանների մահ կա, Սիմոնյանն ասաց. «Իրավապաշտպանները առաջին հերթին պետք է պահանջեն, որ դատավարություններն անցնեն այնպիսին, ինչպիսին եղել են այդ գործողությունները, այսինքն՝ որպես ապստամբություն, բայց քանի որ դատարանը կատարում է Սերժ Սարգսյանի հրահանգը եւ տղաների գործողությունները չեն դիտարկում որպես ապստամբություն, այդտեղից էլ հարցը չի հստակեցվում, ձեւակերպումները գտնված չեն»:
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ մեր օրենսդրության մեջ չկա «ապստամբություն» սահմանմամբ որեւէ դրույթ:
Սյուզան Սիմոնյանը, հղում անելով քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ չափորոշիչներին, հավելեց. «Հինգ չափորոշիչներից մեկն ասում է, որ եթե քաղաքական դրդապատճառներով ու գործողության արդյունքում են ազատությունից զրկվում ու խոշտանգման են ենթարկվում, ուրեմն քաղբանտարկյալ են: Այդ հինգ չափորոշիչներից գոնե մեկը, եթե համապատասխանում է, ուրեմն նրանք քաղբանտարկյալ են, փաստ է, որ տղաները խոշտանգման ենթարկվում են, հետեւաբար նրանք քաղբանտարկյալներ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ