ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ
Սիրելի՛ զորականներ Հայկազնեան բանակի
Սուրբ Վարդանանց ամուր կամքի, նվիրյալ ոգու և անսասան հավատի քաջարի հետնորդ հայրենյաց պաշտպաններ
Ամանորի և Անեղ ու մշտնջենավոր Մարդացյալ Աստծո հրաշափառ Սուրբ Ծննդյան Աստվածահրաշ շնորհաբեր տոների առիթով իմ, Հայոց բանակի գնդերեցների անունից սրտագին աղոթքով առ Մանուկ Փրկիչը շնորհավորում ենք Հայոց Ազգային բանակի մեր քաջարի, բարձր պատասխանատվության, սիրահոժար հանձնառության և անբեկանելի նախանձախնդրության օրինակ զորականներիդ` մաղթելով, որ Ձեր օջախում միշտ ճառագի Քրիստոսի լույսը՝ Խաղաղությունն ու արդարությունը սփռելով Ձեր ընտանյաց հարկերում:
Հաջորդական մի տարեմուտ է կրկին: Յուրաքանչյուր ոք յուրովի է հասկանում և նշում այս տոնը: Ոմանք արտաքին կերպով, ոմանք նաև մտածումներով, խորհրդածելով անցյալի ու գալիքի մասին, անդրադառնալով Աստծո նախախնամությամբ մեր արձանագրած ձեռքբերումներին ու մեր ցավալի բացթողումներին: Սակայն մարդու համար կարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է կյանքում, այլ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ, քանզի տարին նորանում է մարդու նոր հույսերով, նոր խոհերով և նոր գործերով: Նոր տարվա սկզբին կանգնած հին և նոր տարիները շաղկապող ժամանակի մեջ, պիտի վերագնահատենք և վերարժևորենք կյանքի այն ուղին, որով անցել ենք, և որը մեզ դեռ սպասում է:
Սուրբ Ծննդյան տոնի Լուսապսակ ուրախալի Ավետիսը հրեշտակներն ավետեցին մեզ` ասելով. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի» (Ղուկ. 2:10-11): Քրիստոնյան քաջ ու կորովի այն անձն է, ով միայն Աստծուց երկյուղ ունի և չի վախենում ոչ մեկից ու ոչնչից, նույնիսկ՝ մահվանից, քանի որ մշտապես իր կողքին է Աստված: Պատահական չէ, որ տարին սկսվում է մեր Տիրոջ Ծննդյան ավետիսով և տարեմուտից Աստված օրհնում է մեզ իր ներկայության շնորհներով ու բարիքներով և հրավիրում համերաշխության՝ երկրի վրա խաղաղությունն առատացնելու և աստվածասիրությամբ ճանապարհ հարթելու հորդորով:
Մենք հավատում ենք, որ ձեր նվիրական ծառայության շունչը, Քրիստոսասեր, արի, արժանապատիվ ու անայլայլ ոգին մշտապես ողողված կլինեն Մանուկ Հիսուսի Սուրբ և անարատ սիրով:
Մեր աղոթքն է, որ նորածին տարում Բեթղեհեմյան աստղից ճառագող Սուրբ Լույսը միշտ լուսավորի Ձեր սրբազան ընթացքը` ծառայական կյանքը զարդարելով նորանոր ձեռքբերումներով, և Հայոց բանակի յուրաքանչյուր ծառայողի միտքը, սիրտն ու հոգին պարուրի Սուրբ Վարդանանց աստվածասեր և հայրենասիրտ շնչով:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Մեզ և Ձեզ մեծ Ավետիս:
Օրհնությամբ`
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ