Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանության զորքերի զինծառայողներին, վետերաններին, բոլորին, որ զինակից եղան նախանշված ծրագրերի ևս մեկ տարին կյանքի կոչելու գործում:
Համատեղ նվիրումով ու ջանքով, դիմակայելով ժամանակակից մարտահրավերներին, կատարելով հասարակական կարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գլխավոր առաքելությունը, Հայաստանի ոստիկանությունը հաստատուն շարունակեց իր ընթացքը համակարգի արդիականացման, ծառայությունների կատարելագործման, հասարակություն-ոստիկանություն գործընկերությունն անխզելի դարձնելու ուղղությամբ:
Անընդհատ քայլ անել առաջ, անընդհատ կատարելագործվել, չհապաղել զարգացման ճանապարհին. սա պարզապես ոստիկանության քաղաքականությունը չէ, հավատա՛մք է, և անցնող տարին հավաստեց, որ անշեղ ու անքննելի է այդ հավատամքը:
Իհարկե, թերացումներ ու վրիպումներ էլ ունեցանք: Աշխատողը նաև սխալվում է, բայց հենց ինքներս առաջինն ու նախանձախնդիրը եղանք այդ թերացումները շտկելու և մեր գլխավոր ընթացքի ուղղությունը չշեղելու գործում:
Համոզված եմ, որ աշխատանքը և կատարելագործումը նույն հետևողականությամբ շարունակելու ենք ոչ միայն նոր տարում, այլև հաջորդ տարիներին:
Եվ դա անելու ենք միասի՛ն, բոլորո՛վ, ոստիկանական մեր մեծ ընտանիքո՛վ, որի անդամն այսօր պատասխանատվություն է զգում յուրաքանչյուր քաղաքացու, մեր երկրի անվտանգության, մեր հայրենիքի ապահովության համար:
Հաջողության գրավականը մեր հավատն է, միասնությունը, նվիրումը, մասնագիտական մակարդակի բարձրացումը, մարդկային որակների հաստատագրումը` որպես գործունեության առանցք: Ուրեմն, այս տարի էլ գործով հաստատենք, որ հավատարիմ ենք մեր կոչմանն ու առաքելությանը:
Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր ստորաբաժանումների ու ծառայությունների անձնակազմերին, մեր գործընկերների ընտանիքներին, որոնք ամուր թիկունք են մեզ համար:
Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, որոնք ոստիկանությունը` պաշտպան, և իրենց ոստիկանության զինակից են տեսնում:
Շնորհավորում եմ բոլորին:
Թող երջանկություն բերի մեր Տիրոջ Ծննդյամբ լուսավորվող տարին:
Աստված մեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-գնդապետ
Շնորհավորում եմ Ձեզ, պ. Գասպարյան : Մաղթում լավագույնը Ձեր անձնական կյանքում ու հաջողություններ Ձեր դժվարին, պատասխանատու աշխատանքում :