ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը դեկտեմբերի 29-ին` Ամանորին ընդառաջ, այցելել են Գեղարքունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամաս եւ կայազորային զինվորական հոսպիտալ:
Խորհրդարանի նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:
ՀՀ ՊՆ N զորամասում խորհրդարանի ղեկավարը, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորելով զինվորներին, շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Արա Բաբլոյանը նշել է, որ երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում հայոց սահմանները:
Զինվորական հոսպիտալ այցի շրջանակում Արա Բաբլոյանը շրջել է տարածքով, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առողջական վիճակով: Հոսպիտալի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Խաչատրյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հոսպիտալի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:
Զինծառայողները խորհրդարանի ղեկավարից ստացել են Ամանորի նվերներ:
ԱԺ հաղորդագրություն