Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյան. «Որպես արվեստագետ մտածում եմ, թե 2017-ին ժողովրդի ակնկալիքների դիմաց ի՞նչ տվեցի»

Դեկտեմբեր 29,2017 21:45

«Յուրաքանչյուր մարդ, հատկապես արվեստագետները, տարվա ավարտին ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ արեց անցնող տարում, կիսատ մնացած գործե՞ր կան, դրանք պետք է շարունակե՞լ, ավարտե՞լ: Ես նույնպես մտածում եմ որպես քանդակագործ եւ արվեստագետ ու մտածում, թե ինչ շահեց ժողովուրդը, իրենց ակնկալիքների դիմաց ինչ տվեցի:

Ես այս տարի ունեցա երկու երջանիկ պահ: Վերջին տարիներին իմ ստեղծագործության ուղղվածությունը սահմանների պաշտպանության եւ հայրենասիրության թեման է եղել: Տարիներ առաջ երբ ես Շուշիում կանգնեցրել էի Վազգեն Սարգսյանի արձանը, հասկացա, որ արվեստը մարդկանց ոչ միայն էսթետիկական հաճույք պետք է պատճառի, այլեւ պետքական լինի»,- «Տեսակետ» ակումբում այսօր ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Նա կերտել է Արցախում զոհված մեր ազգային հերոսների արձանները. «Առաջին մեծ գործը եղավ Թաթուլ Կրպեյանի արձանը, որն այս տարվա ապրիլ ամսին իր տեղը գտավ Նոր Նորքում նրա անվան այգու բացման օրը: Ժողովուրդն ուզում է, որ իր հերոսներն իր կողքին ներկա լինեն: Երեք տարի աշխատել էի Մոնթե Մելքոնյանի արձանի վրա, որը տեղադրվել էր նրա անվան ուսումնարանի առջեւ: Կրթօջախը տեղափոխվեց Դիլիջան եւ մեկ ամիս առաջ հերոսի հինգ մետր բարձրությամբ արձանի բացումը կատարվեց այնտեղ: Այսպես եմ փակում 2017 թվականը, բայց ունեմ նորանոր գաղափարներ ու ծրագրեր՝ կապված մեր հայրենիքի նվիրյալների հետ: Ցանկանում եմ Արցախում կռված եւ զոհված մեր ազատամարտիկ յոթ ազգային հերոսների հուշապատ կանգնեցնել: Պատկերացնում եմ, թե դա ինչպես պիտի լինի: Շուշիի ազատագրման օրվանից հայկական քոչարին բոլորիս համար մի ուրիշ իմաստ ստացավ: Նրանք պիտի ուս-ուսի տված, բարի, բայց նաեւ հաղթանակած ու խրոխտ դեմքերով քոչարի պարեն՝ կարծես բազալտ քարի միջից դուրս գալով»:

Քանդակագործը 2018 թվականի մի ցանկություն էլ ունի. Երեւանում կանգնեցնել Հայկական Գամփռ ցեղատեսակի շան արձան: «Այդ գաղափարն ինձ հուշեց Հոլանդիայում բնակվող Վահան անունով մի շնորհալի ու հայրենասեր մարդ, որն ինձ հյուր էր եկել: Եկող տարի նշելու ենք Երեւանի 2800-ամյակը: Վահանի նախաձեռնությամբ Հոլանդիայի հայությունն այդ նպատակով դիմեց ինձ: Հանգանակություն են արել եւ ցանկանում են իրենց կողմից այդ արձանը նվիրել Երեւանին: Հայկական Գամփռը մեր ազգային արժեքներից է, հայկական բրենդներից մեկը, որը թուրքերն արդեն երկար ժամանակ ուզում են իրենցով անել: Նրանք հասցրել են Ստամբուլում գամփռի արձան դնել ու քարոզում են, թե հայկական գամփռն իրենցն է: Մենք դա չպետք է թույլ տանք: Մեկ տարի է աշխատում եմ արձանի վրա: Սկզբում թվում էր, թե հեշտ կլինի՝ շուն է էլի: Բայց պարզվեց՝ շատ բարդ է: Ամեն մի մանրամասն իր յուրահատկությունն ունի: Վահանը հանդիպել է քաղաքապետի հետ: Հիմա արձանի համար հարմար տեղ են ուզում որոշել: Ես ուզում եմ, որպեսզի գամփռի արձանը տեղադրվի Երեւանի պատմական տեսքը ինչ-որ չափով պահպանած կենտրոնական հատվածի հանգստի մարդաշատ վայրերից մեկում, որպեսզի մարդիկ, երեխաները, հատկապես արտասահմանից ժամանող զբոսաշրջիկները տեսնեն, կարողանան անգամ վրան նստել եւ նկարվել, որպեսզի նրանք իմանան հայկական գամփռի իրական ծագումը», – ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031