Այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը նշեց, որ կլիմայական անոմալ երևույթներն, ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն թողեցին գյուղատնտեսության վրա: Սակայն փոխնախարարը գերադասեց այս պահին խոսել դրականի մասին:
«Դրականը շատ է եւ հույս ունենանք, որ եկող տարի բարեգութ կգտնվի: Այս պահի դրությամբ ցրտահարության ռիսկն իսպառ վերացել է: Չնայած դաշտերը բաց են, չկա ձյան շերտ, դրական ջերմաստիճանից տարվա խնդիր իսպառ գոյություն չունի՝ ծառերի, բազմամյա տնկարկների, խաղողի բողբոջելու հետ կապված: Բույսերն անցել են հարաբերական հանգստի շրջան եւ ընթանում է նորմալ պրոցես: Ցանկալի եւ իդեալական տարբերակ կլինի, եթե այս դրական ջերմաստիճանի ժամանակ լինեն տեղումներ, չդիտվի ձմեռային երաշտ եւ հետագայում չլինի ջերմաստիճանի կտրուկ նվազում: Եվ եթե ձյան առատ տեղումներ էլ ունենանք, կկարողանանք ասել, որ կգնանք դեպի բարեհաջող տարի:
Անոմալ եղանակի մյուս դրական ազդեցությունը՝ այս տարի կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով մենք ունեցանք խոտի կուտակման պակաս: Բայց եղել ենք մարզերում զրուցել, տեսել ենք, որ գյուղամերձ տարածքներում խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիները դեռ գյուղամերձ տարածքների արոտներում արածում են: Այսինքն, կենդանիները չեն անցել խորը մսուրային շրջան, ինչը որոշ առումով հավասարակշռում է կուտակված կերի պակասը», – ասաց Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարն առիթից օգտվելով մեղվաբուծությամբ զբաղվողներին հորդորեց ուշադիր լինել մեղվանոցների նկատմամբ, հետեւեն կուտակված պաշարներին, քանի որ ջերմաստիճանի բարձրացման հետ մեղուներն սկսում են ակտիվանալ: Աշոտ Հարությունյանը 2018 թվականին մաղթեց բերքառատություն եւ որպեսզի նախարարության հոգսն էլ բերքն իրացնելը լինի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ