Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ զեկույց Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ

Դեկտեմբեր 29,2017 19:00

Դեկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայացվել է Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Այն մշակվել է Պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանական դպրոցի,  ոլորտի այլ իրավասու պետական մարմինների և  հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է զեկույցը կազմելիս համատեղ աշխատանքի կարևորությունը Միգրացիոն պետական ծառայության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, Քրեակատարողական ծառայության և այլ մարմինների ու ոլորտի ՀԿ-ների հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը կարևորել է Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող, ինչպես նաև ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովումը: Արման Թաթոյանն իր խոսքում անդրադարձել է արտահերթ զեկույցի հիմնական ուղղություններին: Կարևորվել է ոլորտի օրենսդրական դաշտի, հատուկ հաստատություններում փախստականների և ապաստան հայցող անձանց, ինչպես նաև Միգրացիոն պետական ծառայության որոշումների կայացման շրջանակներում ապաստան հայցողների իրավունքների ապահովման վիճակի վերլուծությունը:

Միջոցառման ժամանակ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը նշել է, որ զեկույցն ունի ուղենշային նշանակություն ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փախստականների իրավունքների ապահովման կառուցակարգերի հետագա կատարելագործման վերաբերյալ մասնագիտական քննարկումներ իրականացնելու համար: Նա առաջարկել է բոլոր իրավասու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ուսումնասիրելու զեկույցն ու դրանում արտացոլված առաջարկությունները: Քրիստոֆ Բիրվիրթը ընդգծել է ապաստանի ինստիտուտի կարևորությունը հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով հազարավոր այն հայերին, ովքեր փախստականի կարգավիճակ են ստացել Ռուսաստանում, Եվրոպայում և այլ երկրներում: Նա բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Սիրիայի հակամարտության արդյունքում մոտ 15,000 հարկադրաբար տեղահանված անձանց ընդունելու հարցում:

Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը հայերենով և անգլերենով հասանելի է հետևյալ հղումով:

Ծրագրի շրջանակում հրատարակվել է նաև Հայաստանում փախստականների իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև Պաշտպանի կողմից դիմումի քննարկման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: Բացի հայերենից, դրանք տպագրվել են նաև Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց շրջանում առավել տարածված վեց լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031