Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սուրենյան. «2017 թվականին մենք կլիմայական բազմաթիվ անոմալիաների ականատես եղանք»

Դեկտեմբեր 29,2017 16:05

Մենք 2017 թվականին կլիմայական բազմաթիվ անոմալիաների ականատես եղանք: Այս առումով 2017 թվականը արտառոց տարի էր այն առումով, որ հունվար, փետրվար ամիսներին, մարտն էլ հետը, մենք ունեցանք անոմալ ցուրտ եղանակ եւ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից ցածր էր 8-ից 10 աստիճանով:

Դրան հաջորդեցին աննախադեպ շոգ, երաշտային պայմաններով ամառային ամիսները, հատկապես հուլիսը եւ օգոստոսը, երբ հանրապետության գրեթե բոլոր մարզերում արտառոց շոգ եղանակ էր եւ գրանցվեցին բավականին բարձր ջերմաստիճաններ: Հատկապես՝ Արարատի մարզում ջերմաստիճանը հասավ + 42, 6 աստիճանի, որը կրկնեց մեր երբեւէ դիտված պատմական առավելագույն արժեքը: ունեցանք անտառային բազմաթիվ հրդեհներ՝ պայմանավորված երաշտով, անձրեւազուրկ օրերի մեծ քանակությամբ:

Հիմա էլ դրան հաջորդել է անոմալ տաք դեկտեմբերը: Ընդհանուր վերցրած, միայն ապրիլ-մայիս եւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին են կլիմայական ջերմաստիճանները նորմայի սահմաններում եղել:

Հիմա ինչ ունենք: Դեկտեմբերի 15-ից սկսած հանրապետության ողջ տարածքում անոմալ բարձր ջերմային ֆոն է: Պատճառն այն է, որ դեկտեմբերի 15-ից սկսած, Եգիպտոսի տարածքից արեւադարձային տաք օդային հոսանքներ ներթափանցեցին Միջերկրական ծով՝ այնտեղից՝ Կովկասի տարածք: Օդի ջերմաստիճանը հատկապես խիստ բարձր էր դեկտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրերին նույնիսկ անձրեւ էր տեղում այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 2000 եւ ավել մետր բարձրության վրա՝ Աշոցքում, Ջերմուկում: Դա դեկտեմբերի վերջի համար անոմալ եւ աննախադեպ պրոցես է: Դեկտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայի նկատմամբ բարձր է եղել 10-15 աստիճանով:

Ներկա պահին հանրապետության գրեթե ողջ տարածքում, լեռնային մարզերն էլ վերցրած, ձնածածկույթը բացակայում է:

Կանխատեսումների մասին: Երեկվանից տաք օդի ալիքը կրկին ակտիվացել է, այս անգամ անմիջապես հարավից՝ Իրաք-Սիրիա հատվածից: Այսօր-վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: Սյունիքի հովիտներում, Մեղրի, Կապան, Ագարակ եւ հարկից բնակավայրերում ջերմաստիճանը կհասնի +23 ի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչեւ 20, Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում՝ 12-14:

Մինչեւ դեկտեմբերի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին կմոտենա տեղումնաբեր ցիկլոն եւ հանրապետության որոշ տարածքներում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ հիմնականում անձրեւի տեսքով: Միայն շատ բարձրադիր բնակավայրերում հնարավոր է թաց ձյուն լինի:

Այս պահի գնահատմամբ մինչեւ հունվարի 10-ը ներառյալ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում հանրապետության տարածք չի կանխատեսվում եւ այս անոմալ բարձր ջերմաստիճանը պահպանվելու է:

Կանխատեսվում է նաեւ տաք հունվար: Միջին ամսական ջերմաստիճանի դրական շեղումը կլինի 3-4 աստիճան, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031