ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից զենքի գործադրմամբ դատապարտյալի փախուստի փորձը կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անոթային վիրաբուժության բաժանմունք՝ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ, որտեղից փորձել է դիմել փախուստի: Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փախուստն ի սկզբանե կազմակերպված է եղել։
Այսպես՝ ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանն իր ծանոթի՝ Երևանի բնակիչ, ծնված 1988թ., հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ կազմակերպելու իր փախուստը: Դատապարտյալը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ անոթային վիրաբուժության բաժանմունք՝ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ։ Դատապարտյալը նախապես իր ծանոթին հայտնել է, որ իրեն տեղափոխելու են բժշկական կենտրոն բուժզննման և ցուցումներ տվել՝ իր փախուստը կազմակերպելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, հիշյալ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում, որտեղ գտնվել են դատապարտյալը ՔԿՀ-ի աշխատակիցների հետ միասին, ներս է եկել դատապարտյալի ծանոթը՝ մարզական պայուսակով, և Դ.Գալստյանի փախուստը կազմակերպելու նպատակով պայուսակից հանել է ինքնաձիգը և ՔԿՀ աշխատակիցներին սպանելու նպատակով կրակոցներ արձակել վերջիններիս ուղղությամբ։ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին հաջողվել է զինված անձին վնասազերծել առաջին կրակոցից անմիջապես հետո:
Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին սպանելու նպատակով կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետև՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկու աշխատակից և բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
1988թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: