Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանցիների շուրջ 68 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում կատարված փոփոխությունները գնահատել է դրական

Դեկտեմբեր 29,2017 15:23

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով մայրաքաղաքի բնակիչները գնահատել են 2017 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության արդյունքների հրապարակմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը նշել է, որ դեկտեմբերի 16-22-ն իրականացված հեռախոսային հարցման արդյունքների համաձայն, անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցվածների 67.9%-ը գնահատել է դրական: Բնակիչների 34.3%-ը որպես Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիր նշել է հասարակական տրանսպորտը: Երկրորդ տեղում աղբահանությունն ու մաքրությունն է՝ 29.1%, որին հաջորդում է բնապահպանության հետ կապված խնդիրները՝ 12.4%-ով: Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած դրական փոփոխությունների շարքում քաղաքացիների հարցման արդյունքում 20.2% արդյունքով առաջին տեղում է այգիների բարեկարգումը: Հաջորդաբար դրական են գնահատել նաև խաղահրապարակների կառուցումը՝ 18.7%, բակերի բարեկարգումը՝ 17.6%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 16.5%, քաղաքի արտաքին տեսքի բարելավումը՝ 15.3%, ճանապարհաշինությունն ու փողոցների ասֆալտապատումը՝ 15.2% և նստարանների տեղադրումը՝ 14.5%:

Հարցին, թե ինչ ծրագրեր ու ﬕջոցառուﬓեր կցանկանային, որ իրականացվեն Երևանում, քաղաքացիների 26.8%-ը նշել է մշակութային բաղադրիչը: Կանաչապատ տարածքների ավելացումն ու խաղահրապարակների կառուցումը 2-րդ և 3-րդ տեղերում են՝ համապատասխանաբար 23.7% և 21.6% հարաբերակցությամբ։

Առանձին գնահատվել են նաև քաղաքային տրանսպորտի, մաքրության պահպանման, բնակիչների անվտանգության, կանաչապատման, մշակութային կյանքի և արտաքին լուսավորության բաղադրիչները։ Վերջինի մասով, ըստ երևանցիների, քաղաքի ամենալուսավոր հատվածը կենտրոնն է, իսկ ամենաքիչ լուսավորվածը՝ Նուբարաշեն վարչական շրջանը:

Երևանում զբոսաշրջության զարգացման համար որպես գերակա ուղղություններ երևանցիները հատկանշել են հին շինությունների պահպանումն ու զբոսաշրջիկների համար գների արհեստական բարձրացման անթույլատրելիությունը:

«Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության շրջանակում գնահատվել է նաև վարչական շրջանների աշխատանքը՝ կանաչապատման, լուսավորության, անվտանգության և մաքրության չափանիշներով: 1-ից 5 բալանոց համակարգով, ներկայացված յուրաքանչյուր բաղադրիչի մասով առանձին, վարչական բոլոր շրջանները ստացել են 3 և ավելի միավոր:
Վարչական շրջաններից յուրաքանչյուրում վերջին մեկ տարում բոլոր ուղղություններով կատարված փոփոխություններն էլ հարցվածների մեծ մասը գնահատել է դեպի լավը:
Հարցման մասնակիցների 77.4%-ն էլ դրական է գնահատել Երևանի ընդհանուր արտաքին տեսքը:
Այս տարի 1-ից 5 բալանոց սանդղակով գնահատվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը, որը հարցվածների գնահատականների ամփոփման արդյունքում կազմել է 4.1 միավոր: Սա, ըստ «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի, բավականին բարձր ցուցանիշ է: Նա նաև հավելել է, որ նույն չափորոշիչով գնահատվել է նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը, որի արդյունքում ամենացածր բալերը ստացել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Անդրադառնալով հարցման արդյունքներին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է նման հարցումների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս հստակեցնել համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրած ուղղությունները՝ դրանք բարելավելու ուղղությամբ առավել նպատակային քայլեր ձեռնարկելու համար: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ բակերի բարեկարգման, կանաչապատման և մյուս ծրագրերը լինելու են շարունակական, ինչն ամրագրված է նաև արդեն հաստատված Երևանի զարգացման հնգամյա ծրագրում:

«Հետազոտության արդյունքները փաստում են, որ տարեցտարի նկատվում է դրական տեղաշարժ, ինչը Երևանի քաղաքապետարանի կողմից կատարած փոփոխությունների ամենալավ ցուցիչն է: Միաժամանակ, այն ուղղություններում, որտեղ առայժմ կան որոշակի դժգոհություններ, մասնավորապես, հասարակական տրանսպորտի, աղբահանության, առանձին դեպքերում էլ արտաքին լուսավորության, կարող եմ վստահեցնել, որ մեծ ծավալի աշխատանք է տարվում՝ նկատված թերությունները շտկելու ուղղությամբ: Մասնավորապես, ժամանակակից տրանսպորտային սպասարկում ունենալու նպատակով միջազգային խորհրդատու կազմակերպության կողմից կատարվում են ուսումնասիրություններ՝ համակարգային փոփոխությունների իրականացման և երթուղային նոր ցանցի ստեղծման ուղղությամբ: Աղբահանության մասով էլ մենք նախ «Սանիթեք»-ի հետ միասին կարողացանք ապահովել նախկինի համեմատ շատ ավելի լավ աղբահանություն և սանմաքրում: Ընթացիկ որոշ դժգոհությունները վստահաբար կշտկվեն: Այդ հարցում մեզ օգնում են նաև բնակիչները՝ տարբեր հարթակներում, սոց. ցանցերում իրազեկելով առկա թերությունների մասին: Հաջորդ փուլում պլանավորում ենք կոնսերվացնել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը և դրանց փոխարեն նորի կառուցումը:

Հաջորդ փուլում արդեն նախատեսում ենք աղբի վերամշակման գործարանի կառուցումը: Սակայն ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ մաքուր Երևան ունենալու գրավականը նաև քաղաքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի դրսևորումն է: Ինչ վերաբերում է քաղաքային լուսավորությանը, ապա տեղեկացնեմ, որ 2018 թվականին 28 փողոցում նախատեսվում է փոխարինել լուսավորության ցանցը՝ նոր լեդ լուսատուներով: Այս ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացվեցին Իսակովի և Մաշտոցի պողոտաներում և մի քանի փողոցներում: Էներգախնայողության հաշվին հնարավոր կլինի շարունակել այս ծրագիրը: Հավելեմ նաև, որ նոր կառուցվող ճանապարհների ծրագրերում ևս հաշվի է առնվում այս մոտեցումը» , – նշել է Արմեն Հարությունյանը և ևս մեկ անգամ վստահեցրել, որ քաղաքային իշխանությունները հետամուտ կլինեն քաղաքացիների կողմից առանձին ոլորտներում հատկանշված բարեփոխումների իրականացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031