Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Դաշնակցականներն ու հնչակյաններն իրար վրա էին կրակում. ժողովրդի հոգին են հանել կուսակցություններն՝ իրար ուտելով»

Դեկտեմբեր 29,2017 15:17

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեց հայկական պատմական գավառներին նվիրված, վերջերս տպագրված գրքաշարի 2 հատորները: Ըստ Կարապետյանի, դրանցից առաջինը վերագրված է որպես «Հայոց ձոր»՝  նվիրված Վասպուրական նահանգի համանուն գավառին: Իսկ 2-րդն, ինչպես ասաց Կարապետյանը, վերագրված է «Սալմաստ»:

Հաջորդ տարի նախատեսվում է հրատարակել 3-րդ հատորը, ըստ Կարապետյանի, այն նվիրված է լինելու աշխարհագրորեն Վանա լճի տարածքում գտնվող Արծկե գավառին: Պարոն Կարապետյանի ներկայացմամբ՝ նախատեսված է հրատարակել այնքան հատոր, որքան Հայոց այբուբենի տառերն են:

Սամվել Կարապետյանն ասաց, որ Իրանի Իսլամական հանրապետության Սալմաստ գավառում այսօր մի քանի հայ է ապրում, հազիվ՝ 5-6, իսկ նահանգի գյուղերը հայաթափ են, Սալմաստի հայկական դպրոցը մինչեւ 1970 թվականն է գոյատեւել:

Պարոն Կարապետյանի խոսքերով՝ Սալմաստ գավառի մասին մինչ այժմ մեկ գիրք է լույս տեսել, այն էլ շատ համառոտ ու 1906 թվականին՝ Նոր Ջուղայում. «110 տարի է՝ գավառի մասին որեւէ աշխատություն չի տպագրվել: Սա առաջինն է այդ մեծ դադարից հետո: Այս հատորում ներկայացված է անգամ Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղի հայկական գերեզմանատունը, որտեղ մինչ այժմ պահպանվում է հայ մեծ գրող Րաֆֆու մոր տապանաքարը»:

Կարապետյանն ասաց՝ Սալմաստի Խոսրովա գյուղի գերեզմանատանը վրացերեն արձանագրություններ կան. «Այսինքն մենք առնչվում ենք բազմաթիվ լեզուների՝ հայերեն,վրացերեն, պարսկերեն, լատիներեն, ասորերեն, ֆրանսերեն: Իսկ քանի որ այս գրքաշարի դեպքում մեր սկզբունքը Մեծ Հայքի մասին է, կապ չունի ինչ ազգի է հիշատակվում, եթե Մեծ Հայքի տարածքում է, այսինքն՝ մեր տան մեջ է, մենք պարտավոր ենք իրազեկ լինել, որովհետեւ դա մեր հայրենիքի հողի –ջրի պատմությունն է»:

Կարապետյանի խոսքերով՝ շատ զգացական, մեկը մյուսից տխուր պատմություններով լի է գրքաշարը, մեր գավառները մեր ազգի պատմությունն են եւ որ գավառն էլ դիտարկենք, շատ տարբեր չեն պատմությամբ. «Ինձ համար, չասեմ՝ շատ տխուր, ուղղակի մի քիչ ավելի պարզ դարձավ այն իրողությունը, որ նեղ անձնական դաշտում, կուսակցական հողի վրա ինչեր են կատարվել, ուղղակի ժողովրդի հոգին են հանել կուսակցություններն՝ իրար ուտելով: Պատկերացրեք՝ գյուղերից մեկում եկեղեցու տանիքի վրա դաշնակցականներն են, մի տան տանիքի վրա հնչակյաններն են ու կրակում են իրար վրա, եւ զոհեր… Ամեն գյուղի գերեզմանոցում դուք կգտնեք հատկապես զոհված Արմենականների: Նրանք թշնամու ձեռքով չեն զոհվել, թուրքի ու քրդի ձեռքով չեն զոհվել… մենք մեզ կերել ենք: Ինչու եմ ասում ազգի հոգին կերել են, որովհետեւ տեղական իշխանություններն անմիջապես տուգանքներ էին դնում գյուղի վրա, գյուղը տույժի էր ենթարկվում: Որովհետեւ արգելված էր «ֆիդայիների» մուտքը, գյուղը թույլ էր տվել, ու անվերջ նման միջադեպեր էին լինում, հազիվ մի տուգանքը վճարում էին, մեկ էլ նորից մի միջադեպ»:«

Պարոն Կարապետյանը ներկայացրեց նաեւ «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» գիրքը. Այստեղ անդրադարձ է կատարվել ադրբեջանական վանդալիզմին՝ հայ մշակույթի նկատմամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031