Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների ընթացքում երեխաները առաջնային թիրախներ են դարձել և օգտագործվում են որպես կենդանի վահաններ

Դեկտեմբեր 29,2017 14:18

Երեխաների համար անվտանգ վայր չի մնացել, քանի որ նրանք հարձակման թիրախ են դառնում իրենց տներում, դպրոցներում, խաղահրապարակներում

Նյու Յորք, 29-ը դեկտեմբերի, 2017թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, հակամարտության գոտիներում բնակվող երեխաներն այս տարվա ընթացքում սարսափելի մեծ թվով հարձակումների են ենթարկվել, քանի որ հակառակորդ կողմերը ակնհայտորեն խախտում են ամենախոցելի երեխաների իրավունքները պաշտպանող միջազգային օրենքները:

«Երեխաները հարձակումների ու դաժան բռնությունների են ենթարկվում իրենց տներում, դպրոցներում և խաղահրապարակներում», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը (Manuel Fontaine): «Մենք չենք կարող լռել, քանի դեռ այս հարձակումները շարունակվում են: Այս տեսակի վայրագությունները չեն կարող դառնալ նոր սովորական երևույթ»:

Աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների ընթացքում երեխաները առաջնային թիրախներ են դարձել և օգտագործվում են որպես կենդանի վահաններ, սպանվում են, հաշմանդամություն ձեռք բերում կամ ուղարկվում կռվի դաշտ:

Բռնաբարությունները, բռնի ամուսնություններն, առևանգումներն ու ստրկացումը մարտավարության սովորական ձևեր են Իրաքում, Սիրիայում, Եմենում, Նիգերիայում, Հարավային Սուդանում և Մյանմայում տեղի ունեցող հակամարտությունների ժամանակ:

Որոշ դեպքերում՝ ծայրահեղական խմբերի կողմից առևանգված երեխաները շահագործման են ենթարկվում անգամ ազատ արձակվելիս, երբ նրանց կալանում են անվտանգության ուժերը: Միլիոնավոր այլ երեխաներ անուղղակիորեն վճարում են այս հակամարտությունների համար՝ տառապելով թերսնուցման, տարատեսակ հիվանդությունների և տրավմաների պատճառով, քանի որ հասարակ ծառայություններ՝ ինչպես օրինակ սննդի առաքումը, ջրի մատակարարումը և առողջապահությունը, չեն հասնում նրանց կամ էլ ոչնչացվում են կռիվների ժամանակ:

2017թ.-ի ընթացքում՝

Աֆղանստանում գրեթե 700 երեխա է սպանվել տարվա առաջին ինն ամիսների ընթացքում:

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում վերսկսված կռիվներից հետո ամիսներ անց բռնությունների թիվը զգալիորեն աճեց. հազարավոր երեխաներ սպանվեցին, բռնաբարվեցին, առևանգվեցին և հավաքագրվեցին զինված ուժեր:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կասայի նահանգում բռնությունները պատճառ են դարձել, որ 850,000 երեխա հեռանա տնից: Ավելի քան 200 առողջապահական կենտրոնի ու 400 դպրոցի վրա հարձակումներ են տեղի ունեցել: Մոտավոր հաշվարկներով՝ 350,000 երեխա տուժել է թերսնուցման ծանր ձևերի պատճառով:

Հյուսիսարևելյան Նիգերիայում ու Կամերունում «Բոքո Հարամ»-ի ազդեցությամբ առնվազն 135 երեխա ինքնասպան ահաբեկիչ է դարձել. այս թիվը հինգ անգամ գերազանցում է 2016թ.-ի ցուցանիշը:

Զեկույցների համաձայն՝ Իրաքում ու Սիրիայում, պաշարման մեջ լինելով, երեխաներն օգտագործվել են որպես կենդանի վահաններ՝ դիպուկահարների թիրախ լինելով և գոյատևել են ռմբակոծությունների ու բռնությունների տակ:

Մյանմայում ռոհինջա երեխաները սահմռկեցուցիչ բռնությունների են ենթարկվել և ականատես եղել, երբ նրանց վրա հարձակվում և հանում էին Ռախին նահանգի իրենց տներից: Միևնույն ժամանակ Քաչինի, Շանի ու Կայինի հեռավոր սահմանամերձ տարածքներում գտնվող երեխաները տուժել են Մյանմայի զինված ուժերի ու տարբեր էթնիկ զինված խմբերի միջև շարունակվող լարվածության հետևանքների պատճառով:

Հարավային Սուդանում, որտեղ հակամարտությունն ու փլուզվող տնտեսությունը երկրի որոշ տարածքներում հանգեցրին սովի, ավելի քան 19.000 երեխա հավաքագրվեց զինված ուժեր ու խմբեր, իսկ գրեթե 2.300 երեխա սպանվել կամ վիրավորվել է հակամարտության սկիզբ առնելուն պես (2013թ.-ի դեկտեմբեր):

Սոմալիում երեխաների՝ զինված ուժերում հավաքագրման 1.740 դեպք է գրանցվել 2017թ. առաջին 10 ամիսների ընթացքում:

Ըստ հավաստի տվյալների՝ Եմենում 1.000 օրվա պատերազմի արդյունքում 5.000 երեխա է մահացել ու վիրավորվել. հավանական է, որ տուժածների իրական թիվն ավելի մեծ լինի: Ավելի քան 11 միլիոն երեխա հումանիտար օգնության կարիք ունի: 1.8 միլիոն երեխա թերսնուցված է, որից 385.000-ն ունի թերսնուցման ծանր ձևեր և մահվան ռիսկի տակ կլինի, եթե անմիջապես չբուժվի:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում հավատարիմ լինել միջազգային օրենքով սահմանված իրենց պարտավորություններին՝ անհապաղ դադարեցնելով երեխաների հանդեպ բռնությունները և քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախ դարձնելը, այդ թվում՝ դպրոցներն ու հիվանդանոցները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կոչ է անում հակամարտող կողմերի վրա ազդեցություն ունեցող երկրներին այդ ազդեցությունն օգտագործել երեխաներին պաշտպանելու համար:

Վերոհիշյալ բոլոր երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գործընկերների հետ՝ ամենախոցելի երեխաներին տրամադրելով առողջապահական, սնուցման, կրթական և երեխայի պաշտպանության ծառայություններ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031