«Ընդվզի՛ր, մերժի՛ր սատանայի բանաձեւը». այսպիսի պաստառով այսօր «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը սկսեց իր ասուլիսը «Հայելի» ակումբում: Փոստանջյանի ներկայացմամբ՝ «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը» եւ «Դժոխքի երաժշտություն» կարգախոսների ներքո հունվարի կեսերից շարժում են սկսելու՝ շրջելու են Հայաստանով, Արցախով ու Ջավախքով ու մարդկանց ծանոթացնելու են իրենց կուսակցության ընդվզման ծրագրին:
Փոստանջյանի խոսքերով՝ «Շուրջ 1 միլիոն մարդու աղքատությունը խոսում է այն մասին, որ այդ մարդկանց ընտանիքներում դժբախտություն է: 2018-ին շրջելու ենք մարզերով, բաժանենք թռուցիկներ, լույսեր: Ընդվզման ներքո հրավիրվելու է մեծ համազգային ժողով, ընտրվելու է քաղաքական նոր էլիտա: Դուք չգիտե՞ք՝ հեղափոխությունը ոնց է լինում, բայց թե երբ ենք անելու, այս պահին չեմ կարող ասել»:
Փոստանջյանի ներկայացմամբ՝ այս տարի որեւէ առաջընթաց մեր երկրում չի եղել:
Անդրադառնալով հայկական Սփյուռքին եւ ԱՄՆ կատարած իր այցին, Փոստանջյանն ասաց, որ Սփյուռքի մասնակցության կարիքը կա Հայաստանի հասարակական- քաղաքական կյանքում, նրանցից պետք չէ աջակցություն խնդրել բարեգործության տեսքով՝ «Նրանց քաղաքական աջակցություն է պետք, պարզեցված կարգով նրանց պետք է շնորհել ՀՀ քաղաքացիություն: Դրա հետ մեկտեղ մենք ունենք մի քանի միլիոն ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին զրկված են ընտրելու եւ ընտրվելու իրավունքից: Նրանց համար պետք է վերականգնվի այդ իրավունքը՝ բացարձակ այն պայմաններով, որոնք ապրում են Հայաստանի հանրապետությունում»:
Ըստ «Երկիր Ծիրանիի» ղեկավարի, մեր երկրի բարեկեցության գլխավոր պայմանը ժողովրդավարություն է. Այստեղ կարեւոր նշանակություն արդարադատությունն ունի դատական համակարգը, որն ըստ Փոստանջյանի անկախ չէ.«Դատարան կախված է Բաղրամյան 26-ից… Իսկ այս դեպքում ոչ միայն հայրենադարձություն չենք կարող ակնկալել, այլ նաեւ որեւիցե մեկը չի ցանկանա Հայաստանում գումար ներդնել: Մինչդեռ մեր երկրում, որտեղ կան քաղաքական հալածյալներ, ընտրությունները կեղծվում են, գործարարն առաջինը հարցնում է իրավունքի գերակայության մասին, ներդրում չեն անում»:
Փոստանջյանը նաեւ հայտարարեց՝ Մնացական Պարակշիեւն ու Հայկ Պետրոսյանը դավաճանել են «Երկիր Ծիրանիին»: Հիշեցնենք, որ Մնացական Պարակշիեւն ու Հայկ Պետրոսյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության մանդատով ընտրվեցին Երեւանի ավագանու անդամ, ապա լքեցին այս խմբակցությունը՝ մնալով ավագանու անդամ:
Փոստանջյանի խոսքերով՝ «Մենք մեր գործի մեջ ենք, այն պարտականությունները, պարտավորությունները, որ ստանձնել էինք, կյանքի ենք կոչում, մեր պարտականություններից չենք շեղվել, իսկ ցանկացած շեղվող ոչ միայն համապատասխան գնահատական կստանա մեզնից, այլեւ կպատժվի: Պարակշիեւն ու Պետրոսյանը դավաճանել են մեր ծրագրին, նրանք պատժվելու են եւ նրանց պատժում ենք մենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Արցախին հանգիստ թողեք, ձեզ մոտ ինչ ուզում եք՝ արեք: