Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնարկվել են միջոցներ՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ

Դեկտեմբեր 29,2017 11:37

2017թ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում ենթարկվել է մանրակրկիտ ստուգման՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեադատավարական ներգործության համարժեք միջոցների կիրառումն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, հաշվետու շրջանում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով մեկ անձի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ, մեղադրանքներ են առաջադրվել 4 անձանց: 3 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցով կայացված որոշումները հաղորդում տված անձանց կամ տուժողների կողմից չեն բողոքարկվել:

Նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով (մասնավորապես, ընտրությանը մասնակցող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ) հարուցվել է 6 քրեական գործ, որից 3 քրեական գործ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից 3 անձի վերաբերյալ 2 քրեական գործի դատական քննությունն ընթացքի մեջ է, 1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: 3 քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, որոնցով կայացված որոշումները հաղորդում տված անձանց կամ տուժողների կողմից չեն բողոքարկվել:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացմանը, խոսքի ազատության հիմնարար իրավունքի երաշխավորմանն ուղղված հասարակական հարաբերությունները պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

Ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում՝ նույն արարքները պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու համար: Հոդվածի երրորդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելու համար:

Այսինքն՝ օրենսդիրը քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով վերջինիս մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կատարվել է պաշտոնատար անձի կողմից՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Նկատի ունենալով նշված հանցատեսակի հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանը, հետևաբար նաև նման արարքների համար պատասխանատվության առավել խիստ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությունը՝ ՀՀ դատախազության ներկայացրած նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել նաև այն դեպքում, երբ վերոնշյալ հանցավոր արարքները կատարվում են պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտի կողմից:

ՀՀ դատախազությունը կարևորում է ժողովրդավարության կայացման և իրականացման գործում զանգվածային լրատվության միջոցների դերն ու նշանակությունը և շարունակելու է հետևողական լինել քրեաիրավական պաշտպանության ընթացակարգերի գործադրմամբ լրագրողի մասնագիտական գործունեության պաշտպանության հարցում:

 ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031